Հասարակության մեծամասնությունը պահանջում է վարչապետի հրաժարականը. Չամսարյան

Հասարակության մեծամասնությունը պահանջում է վարչապետի հրաժարականը. Չամսարյան

Փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբը, գնահատելով իմքայլականների վտանգավոր գործունեության հետևանքները Հայաստանի և Արցախի համար, հայտարարություն էր տարածել ու պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հայտարարությանը հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկն ուղղված նախագահ Արմեն Սարգսյանին։ 

Բացի այդ, իմքայլականներն այդ օրը նախաձեռնեցին հանրահավաք, որի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե «քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք»։

Փաստաբան Հովհաննես Չամսարյանը Փաշինյանի հայտարարության առնչությամբ ասաց, որ ուղիղ միջամտություն է տեսնում իրավապահ համակարգի գործունեության մեջ։

«Քրեական վարույթ իրականացնող մարմինն է որոշում կայացնողը, իսկ վարչապետը, որքանով ինձ հայտնի է, այդ լիազորությունը չունի։ Եթե ինչ-որ բան 1 ժամվա կամ երկու օրվա մեջ չի փոխվել։ Դա որոշակի մարդկանց հրապարակում պահելու հայտարարություն էր կամ որոշակի կողմնակիցներին պուլսի վրա պահելու հայտարարություն էր։ Դա իրավունքի հետ որևէ աղերս չունի։ Եվ անմիջականորեն միջամտություն է դատական իշխանությանը, որն անթույլատրելի է։ Քանի որ Սահմանադրության համաձայն՝ դատական իշխանությունն անկախ է և չի ենթարկվում որևէ պաշտոնյայի և գործում է բացառապես Սահմանադրության և օրենքների համաձայն։ Նաև սա երեք հիմնական իշխանությունների՝ դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունների տարանջատման սկզբունքին է հակասում, հետեւաբար իրավունքի տեսանկյունից դա անթույլատրելի հայտարարություն էր։ Եվ նման հայտարարությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ այսօր կան քաղաքական հրահանգներ, որոնք որ իջեցվում են վարույթ իրականացնող մարմիններին։ Նաեւ եթե մենք տեսնենք, որ այս վերջին ձերբակալությունները դատարանների կողմից ճանաչվում են ոչ իրավաչափ։ Ինձ համար՝ որպես իրավաբանի, ակնհայտ է, որ ձերբակալման՝ քաղաքական որոշումներ են կայացվել», - նշեց իրավաբանը։

- Պարո՛ն Չամսարյան, երեկ նախագահն առարկություններով  հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը։ Իսկ արդեն մի քանի րոպե հետո Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրեց, որ կրկին միջնորդություն է ուղարկել։ Ի՞նչ տպավորություն ստացաք որպես իրավաբան։

- Ինձ համար տպավորություն ստեղծվեց, որ Փաշինյանը, մեծ հաշվով, չի էլ ուզել ծանոթանալ առարկություններին, խորանալ հիմքերի ու հիմնավորումների մեջ՝ պարզելու համար արդյոք նախագահի առարկությունները հիմնավոր են, թե ոչ։ Որովհետեւ, երբ որ մենք նայում ենք նախագահի արած հայտարարությունը, նախագահն ասում է, որ «ես խորհրդակցել եմ տարբեր հեղինակավոր իրավաբանների հետ և եկել եմ այս եզրահանգման»։ Այստեղ առանցքային դեր ունի հեղինակավոր իրավաբանների կարծիքը։ Այսինքն՝ վարչապետը պետք է խորանար իրավաբանների տված հիմնավորումների մեջ ու հասկանար, որ նախագահի հիմնավորումները բխում են օրենսդրությունից ու Սահմանադրությունից։ Ըստ էության, նախագահի հիմնավորումն այն էր, որ անթույլատրելի է այս ժամանակահատվածում, այս իրավիճակում նման [ԳՇ պետին ազատելու] որոշում կայացնել։ Վարչապետը կայացրել է շատ արագ որոշում։ Եվ ենթադրում եմ, որ նույն տեքստով հետ է ուղարկել նախագահին։ 

- Արդյո՞ք ԳՇ-ի գործողությունները համապատասխանում են Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ հաշվի առնելով, որ ռազմական դրություն է։
 

- Ես գտնում եմ, որ որևէ հակասահմանադրական գործողություն չկա այդ հայտարարության մեջ։ Դա քաղաքական հայտարարություն չէ, այդտեղից բխում է, որ իրենք հակաօրինական որևէ գործողություն չեն արել։

- Ամբողջ այս իրավիճակը հաշվի առնելով (առաջարկությունն ուղարկվեց, Արմեն Սարգսյանը հրաժարվեց ստորագրել պաշտոնանկության առաջարկը)՝ հետագա ընթացքն ինչպե՞ս եք պատկերացնում, որ ընդունելի լինի՝ իշխանության փոխանցում, ժամանակավոր կառավարության ստեղծում, իշխանության հրաժարականը կլինի կամ ընդհանրապես իշխանության հեռացումը։

- Նախ, ես գտնում եմ, որ պետք է բացառապես իրականացվի օրենսդրության սահմաններում։ Կա գործիքակազմ։ Քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, տարբեր մասնագետներ, իրավաբաններ, փաստաբաններ, տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք, իրականում, հասարակության մեծամասնությունը պահանջում է վարչապետի հրաժարականը։ Այստեղ միակ իրավական գործիքը հրաժարական տալն է։ Կլինի դա ժամանակավոր կառավարությանը փոխանցում, թե կլինի արտահերթ ընտրություններ, պետք է լինի օրենսդրության ու Սահմանադրության պահպանմամբ։ Մենք՝ իրավաբաններս, ամեն դեպքում նման կարծիք ունենք։ Ես նաեւ շատ իրավաբանների կարծիք եմ լսել, մենք ունենք այդ մոտեցումը։ Բանը երբեք չպետք է հասնի այլ եղանակների, որոնք կարող են վտանգ ստեղծել մեր պետության համար։ Բայց դա նաև պետք է գիտակցի այն մարդը, ում հրաժարականը պահանջում են, պետք է գիտակցի, որ այդ գործիքակազմն օգտագործվի։ Եվ ինքը գնա բացառապես խաղաղ ճանապարհով, բացառապես։ Պետք է առաջնային գիտակցի, որովհետև հրաժարականը պահանջում են իրենից։