Գագիկ Սարոյան. Դիտարկումներ
1.
Ես անհայտ ծավալի մեջ եմ տեղավորել սիրտս.
Թող այն տնքա եւ ծաղկի
Գիշերվա բողբոջի մեջ:
Ես դիտել եմ կյանքը
Երազի այն կողմից...
2.
Մի անծանոթի եմ հիշել,
Ով սուզվեց
Փողոցի դատարկության մեջ...
3.
Մի երիցուկ եմ պոկել
Սիրուհու բաց ծնկից...
4.
Ցանկանում եմ
Մեկ տաճարաչափ մոտենալ
Երազանքի զուլալ աղբյուրներին...
5.
Մի տաղիկ
Իր հույսը դրել է իմ սրտի վրա...
6.
Մի միայնակ գարուն
Չուշանար իմ կյանքից...
7.
Մի կին
Թող ծաղկած լորենիներ առաջարկեր ինձ.
Պսպղացող լուսնկան՝ իմ կողմից...
8.
Մի երգ
Վերափոխեց ինձ.
Իմ աչքերը ծաղկեցին զարմանքից,
Իմ սիրտը համակ հեկեկաց,
Իմ հոգին գլորվեց առվի մեջ,
Մի երգ
Ինձ տեղավորեց ցոլքի մեջ իմ աստղի...
9.
Մի ինչ-որ լաց կա,
Որ գալիս է անհայտ ծովերից,
Անհայտ նավեր է նա իր հետ բերում:
Տրտմության կարմիր առագաստները
Ծուլ ծածանելով՝
Սուրում են նրանք
Իմ երակների մութ կածաններով,
Սուրում են նրանք
Ու խոյահարում պատերը սրտիս:
Մի ինչ-որ լաց կա, որ վերջ չունի...
10.
Մի տեղ գիշերը
Կլինի մարմանդ աստղերի համար
Հույժ առանձնակի.
Ես քեզ կհիշեմ,
Որ աստղը ընկնի քո ծոցիկի մեջ…
Այդ ընկած աստղը իմ հին ծանոթն է.
Նա զարդարում է իմ սիրած կանանց
Հույժ երբեմնակի...
11.
Մի ծառ ինձ հուզեց.
Կեսը կանաչ էր,
Կեսը` չորացած
(Իսկը ինձ նման...):
Հարցրի նրան`
Քո որ մի կեսն է
Իմ մյուս կեսին
Արդար հուշարձան...
12.
Ես քեզ կհիշեմ կարմիր կակաչի ծփանքի ժամին,
Որ զմայլանքը ինձ արտասանի քամիների մեջ,
Որ քամիները ինձ ցփնեն մեկ այլ ժամանակի մեջ,
Ուր չկա անցյալ,
Ուր չկա ներկա...
Իսկ, ա՛յ, ապագան
Ծփանքի մեջ է կարմիր կակաչի։
Ես քեզ կհիշեմ սիրո մոտերքում՝
Այնտեղ, ուր հոգին ժամանակ չունի։
13.
Հեռավո՜ր, որպես կորուսյալ ներկա,
Հեռավո՜ր, որպես չգտած անցյալ,
Հեռավո՜ր, որպես անակնկալ հույս՝
Դեռ վրնջում են ձիերը նախշուն
Եվ գետն են իջնում,
Որ տեսնեն իրենց
Պերճ հայացքները
Ալիքների մեջ գալիք օրերի...
14.
Ի՜նչ Աստվածներ են ծաղկում ծառերին,
Ի՜նչ Աստվածներ են բուրում ծառերին,
Ի՜նչ Աստվածներ են` գունավո՛ր, նախշո՛ւն…
Ի՜նչ Աստվածներ են քեզ մխիթարում...
15.
Ե՛կ քեզ համոզեմ
Քո ներսում կեցող երեխաներով,
Ե՛կ քեզ համոզեմ
Քո մեջ հարդարվող անմոռուկներով.
Ե՛կ քեզ շարունակեմ...
16.
Մի հուզաթաթախ գրկի մեջ եղա…
Ինչքան ծաղիկ կար էս սար ու ձորում,
Խիստ խառնվեցին:
Ով կարմրիկ էր,
Բոսորը հիշեց:
Ով ճերմակ էր հար,
Թափանցիկ դարձավ:
Իսկ ով կապույտ էր,
Իրեն բիլ կարծեց։
Ուրեմն՝ էսպես.
Ինչքան ծաղիկ կար էս սար ու ձորում,
Խիստ խառնվեցին՝
Ջրերը ընկան իմ վայելչության։
Ջրերը նրանց քշեցին-բերին,
Էն հուզաթաթախ բուրմունքին տվին՝
Որպես ծիսական զոհաբերություն...
17.
Հեչ պարտադիր չէ,
Որ ինձ մոռանաս...
Լավ չէ՞ խամ հագնես,
Խաս-խաս երազներ տեսնես ցորեկով,
Լավ չէ՞ խաս հանվես,
Գիշերվա շուշան ջրերին շողաս։
Հե՛չ պարտադիր չէ,
Որ ինձ մոռանաս…
18.
Մի միտք զարդարեց
Իմ ներս ու դուրսը.
- Ի՜նչ անակնկալ տիեզերքի մեջ.
Հոգին խաղում է աստղափոշու հետ,
Ինչպես կարմրախայտ ձկնիկն է խաղում
Ալիքների հետ տրտում գետերի...
19.
Քեզ ինչպե՞ս հիշեմ,- հարցրի անցորդին:
- Ասա՛, որ տրտում ճանապարհներին
Մի ձի վրնջաց եւ ողջունեց ինձ...
20.
Լալահառաչ է կաթում լուսինը
Կանաչ խոտերին։
- Բայց մի՞թե ժամն է
Ցողաթափ լույսի...
21.
Երեխե՛ք, եկե՛ք,
Խնդիրը լուծեք իմ կամուկացի.
Ո՞ր ճամփով գնամ,
Որ չկորցնեմ ինձնից հեռացող երիվարներին...
22.
- Հոգին սրվակ է,- ասաց ինձ գինին։
- Ո՛չ, լորենի է,- խեթեց լուսնկան։
- Հիմա ինչ ասիք` կփորձեմ,- ասի,-
Միայն թե, կանչե՛ք էն հոգավորին...
23.
Ձեռքերս ինձնից խռով մնացին...
Ինչ է` քեզ թողի, որ հեռանայիր։
Հիմա մի գգվանք պակաս է կյանքը ու կասկածելի...
24.
Գիշերը որոշեցի,
Որ հենց լույսը բացվի,
Ելնելու եւ օգնելու եմ ինձ...
25.
Աչքս խաղաց.
Ասացի` գետը երեւի
Ինձնից է վշվշում...
26.
Ձեռքերս դողացին
(Չէ՛, չմտածեք, թե
Ծիրանօղին է մեղավոր)...
Ուղղակի
Մարմնական հիշողություն է`
Գրկել մարմինը երիցուկ կնոջ...
27.
Հոգիս պսպղաց.
Աչքերս փակեցի,
Որ տեսնեմ քեզ
Ցնորքի արեւելքում...
28.
Ձայնս խզվեց.
Ոչ հիվանդ եմ, ոչ` եսիմ...
Ուղղակի մութ ծմակներում
Նա քո անվան արձագանքն էր
Լորենու հետ կրկնում...
29.
Միտքս պայծա՞ռ է,
Որ քեզ կարդամ
Ջրերի ալիքներին առավոտի...
30.
Հեյ վա՜խ...
Քեզ բազմապատկեմ
Քառսուն լիքը փեթակ,
Քառսուն ծաղկած հովիտ,
Քառսուն բազմածաղիկ թաքնաբուրմունք...
31.
Հետս կռիվ չանեք.
Ես գիտեմ կանոնները գրի,
Դրա համար եմ գրում անկանոն։
Դրա համար եմ թափառում գիշերներում,
Որ առավոտ կանուխ ձեզ դիմանամ...
32.
Բայց ո՞վ ինձ կասի`
Ինչ կա տխրության
Կողմնակալ մտքում,
Որն ինձ սրտաբաց
Իր խորքն է քաշում
Թունդ համառությամբ։
Սիրտս մենա՞կ է,
Թե՞ երեք գիշեր մենություն ունի
Աստղաթափի տակ...
33.
Մեկը հարցրեց`
Երգն ուր է տանում։
Ասացի` մի տեղ,
Ուր լիքն է տունը ծիծեռնակներով,
Աստվածիկներով
Եվ ձեռի հետ էլ` մանրաձկներով.
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ