Մարդասիրությունն ու քծնանքը տարբեր բաներ են

Մարդասիրությունն ու քծնանքը տարբեր բաներ են

Իշխանությանը մոտ կանգնած, կերակրատաշտից օգտվող լալահառաչ գրառում անողներին, ովքեր դրանք իբր մարդասիրություն են ներկայացնում, մի բան կասեմ՝ առաջին հերթին ձեր ազգը, ձեզ սիրեք։ Նրանք, ովքեր իրենց չեն սիրում, իրենց ազգը չեն սիրում, ազգային գիտակցություն, արժանապատվություն, թասիբ չունեն, անտարբեր են իրենց 120 հազար հայրենակիցների, ազգային գենոցիդի, տարածքների, խոշտանգված զոհերի, գերիների, հաշմանդամների հանդեպ, իրավունք չունեն հուզաթաթախ գրառում անեն ու Նիկոլին ցույց տան, որ թուրք ազգի նկատմամբ համակրանք ու սեր ունեն՝ իբր մարդասիրության քողի տակ։ Գրառում անեն ու Նիկոլին ցույց տան, որ իր հետ են, որովհետև պաշտում են թուրքին։

Հասկացեք՝ թուրքն էլ կարող է զարմանալ, որ իրեն սիրում եք և ասեմ, որ նրանք այնքան գիտակցություն ունեն, որպեսզի հասկանան, որ ձեր  արածը ոչ թե մարդասիրություն է, այլ սովորական քծնանք։ Թուրքն էլ գիտի, որ քծնում են միայն թույլերը, սեփական ոտքերի վրա կանգնել չիմացողները։  Թող խոսեն նրանք, ովքեր ազգային գիտակցություն ունեն, մեր հողի վրա ամուր կանգնած են ու հասկանում են, որ մարդասիրությունը բոլորովին այլ բան է, քան այսօրվա իշխանությունը պատկերացնում է։ Իրենց արածը քծնանք է, ուրիշ ոչինչ։

Հավատացնում եմ, որ Արցախը, Հայաստանը սիրողներն են  մարդասեր, ավելի շատ են ազդվում, երբ փլատակների տակ կին ու երեխա են տեսնում, քան այս իշխանությունը։ Մարդասիրությունը այլ բան է, որն  այս իշխանությունը չի կարող ընկալել, որովհետև իրենք իրենց ազգը, արմատները, հերոսներին, արժեքները, երկիրը, հողը, ջուրը չեն սիրում։ Դա մեր թշնամին էլ գիտի։ Իրենք սիրում են հայրենիքի բարիքները։ Չորացած, ջուր չտեսած  հողի պես ողջ ջուրը  պապակ շուրթերով կլլում, կլլում ու չեն հագենում։