Վրեժ հանրապետականներից. իրականում՝ հայ ժողովրդից, հայոց պետությունից

Վրեժ հանրապետականներից. իրականում՝ հայ ժողովրդից, հայոց պետությունից

ՀՀԿ-ականները թող ավելորդ շարժումներ չանեն՝ այս տողերն ընթերցելիս: Որովհետև, այս անձնավորությանը, իր երեքհոգանոց և երեքտառանոց (ՄԱԿ. թեև սա Միավորված ազգերի կազմակերպության անվանման հապավումը չէ, այլ Միավորված աշխատանքային կուսակցության անվանման հապավումն է, այդուհանդերձ, բոլորովին ուրիշ անուն կսազեր այս կազմակերպությանը) կուսակցությունով հանդերձ, նրանք նվաստացրել են, ոչնչացրել են: Նույնիսկ թշնամու հետ չի կարելի այրել բոլոր կամուրջ­ները:

Բայց, կարծես, այսպիսի անձնավորությունները գտածո են (ոսկու ձուլակտորի նման մի բան), Հայաստանը ոչնչացնել ցանկացողների համար: Գտածո են, բայց ոչ ՀՀ պետական շահերի առումով, ինչպես նա է փորձում մանիպուլացնել լրագրողներին՝ իր սկանդալային, նույնիսկ միջազգային հանրության տեսանկյունից՝ անբարոյական հայտարարության՝ 120 հազար արցախահայերի առնչությամբ: 

Լսելով, տեսնելով նման …դժվար է ասել ինչի, ակամայից ցանկություն է առաջանում դառնալ թուրքահպատակ: Գուցե սա է նմանների առաքելությունը:

25-րդ կադրի էֆեկտ է նա: 25-րդ կադրը ենթագիտակցական գովազդն է (անգլ. subliminal advertising), մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու մեթոդ՝ լրացուցիչ կադրերի տեսքով տեսանյութի հաջորդականության մեջ թաքնված գովազդ մտցնելու միջոցով։ Մեթոդի հեղինակ Ջեյմս Վիկարին խոստովանել է, որ իբր մարդկանց վրա նման ազդեցության գոյությունը հաստատող փորձերի արդյունքները հորինվել են իր կողմից։ Չնայած դրան, շատ երկրներում օրենսդրորեն արգելված է ենթագիտակցական գովազդի օգտագործումը։ Բազմաթիվ կինոնկարներ կան, որտեղ հանդիպում են դրվագներ, որոնցում օգտագործված մեկ բառը կամ արտահայտությունը բավարար է՝ մարդկանց զոմբիացնելու, նրանց հանցագործության դրդելու համար: 

Դժվար է պատկերացնել, որ այս անձնավորության «օրիգինալ մտքերը»  միտված են զոմբիացնելու հայ հասարակությանը՝ թրքասեր դառնալու միտումով…

Բայց, գուցե նա բարի նպատակներով է դա անում. մարդիկ ցանկանում են զոմբիանալ, չունենալ ազգային հիշողություն և ազգային արժանապատվություն, ապրել անհոգ ու երջանիկ՝ ինչպես ինչ-որ բանջարեղեն` մինչ այն կդառնա կերակուր ինչ-որ խոտակեր հայվանի համար:

Գագիկ Վարդանյան