Շշերը կբերեն՝ շշերով կպատասխանենք, փողոցը կլինի՝ փողոցով կպատասխանենք

Շշերը կբերեն՝ շշերով կպատասխանենք, փողոցը կլինի՝ փողոցով կպատասխանենք

Նիկոլ Փաշինյանը մատի վրա խաղացնում է խորհրդարանական ընդդիմությանը։ Նա ամեն անգամ՝ հարցուպատասխանի ժամանակ, երբ ընդդիմադիրները համարձակվում են նրան հարց ուղղել եւ հիշեցնել իր գործած մեղքերի մասին, ասենք՝ Արցախը հանձնելու, բորբոքվում է, հիստերիայի մեջ ընկնում, սկսում հոխորտալ, վիրավորել, մատ թափ տալ ընդդիմադիրների վրա։ Եվ ընդդիմությունը գրեթե ոչինչ կարողանում անել՝ ի պատասխան Փաշինյանի փողոցային պահվածքի եւ բացահայտ վիրավորանքների։

Դրա համար էլ նա անարգել իր մտքին եկածն ասում է, օրինակ՝ մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ, այ դավաճաններ, դուք եք բանակցել հողերը հանձնելու շուրջ, ով ինձ հող հանձնող ասեց․․․ եւ այլն։ Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը՝ ոչինչ․ ընդամենը թողնում դուրս է գալիս դահլիճից՝ բոյկոտելով նիստը, քանի որ, նախ՝ հարցուպատասխանի ֆորմատը թույլ չի տալիս, որ գոնե երկրորդ անգամ արձագանքեն եւ խոսքով հակադարձեն նրա հոխորտանքներին, եւ ջրի շիշ էլ չկա սեղաններին, որ գոնե շշով փորձեն Փաշինյանի բերանը փակել կամ նրա հայհոյանքներին մի ձեւ պատասխանել։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, օրինակ, ընդունում է, որ խորհրդարանով Փաշինյանի հարցերը չես լուծի, դրա համար փողոցային պայքար է անհրաժեշտ, բայց խորհրդարանն էլ իր դերն ունի այդ պայքարն առաջ տանելու հարցում։ «Ազգային ժողովն ապահովում է լսելիություն եւ տեսանելիություն մեր քաղաքացիների համար՝ բարձրաձայնելու եւ ներկայացնելու ապացույցներ այն ամենի վերաբերյալ, ինչ մենք տեսնում ենք արդեն երեք տարի` սկսած հող հանձնելուց, վերջացրած ոչ ադեկվատ պահվածքով, որ շատ հաճախ դրսեւորվում է։ Ուստի, Ազգային ժողովի ամբիոնը կարող եք ընկալել որպես շատ ավելի հզոր ռուպր։ Իսկ իշխանափոխությունը՝ Ազգային ժողովում, ես, անկեղծ ասեմ, չեմ պատկերացրել, էս խունտայի պարագայում շարունակում եմ չպատկերացնել»,- կարծում է Մամիջանյանը։ Պատգամավորի անձնական կարծիքն է, որ ընդդիմությունը չպիտի խուսափի «կռվից», իսկ որոշ դեպքերում՝ նաեւ առանց չակերտների կռվից։

Հարցին, թե ընդդիմությունն այս ամենի լուծումն ինչպես է տեսնում, ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն ասաց․ «Մենք՝ նույն ձեւի, համառորեն։ Շշերը կբերեն՝ շշերով կպատասխանենք, փողոցը կլինի՝ փողոցով կպատասխանենք, այսինքն՝ նույն ձեւի, ինչ որ իրենք։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պահելաձեւին, ապա սա դաստիարակության բացակայություն է, մշակույթի իսպառ բացակայություն է, էդ մարդը գտնվում է անկայուն հոգեկան վիճակի մեջ։ Ու նորից եմ ասում՝ հիմա մեր խնդիրներից մեկը՝ ոչ գլխավորը, այն է, որ մեր հանրությունը հասկանա, թե ով է ղեկավարում էսօր մեր երկիրը»։

- Լայն հանրությունը հասկացել է ու ոնց որ թե դեմ չէ դրան։

- Դե, դեմ չի՝ դեմ չի, հիմա պետք է ստացվի էնպես, որ ինքը հասկանա, որ իրեն պետք է գահազրկեն։

- Հիմա ընդդիմությունը, փաստացի, ինչպես Դուք եք ասում՝ հոգեկան անկայուն վիճակում գտնվող մարդուն, որը գալիս մատ է թափ տալիս, ինչ ուզում՝ անում ու անպատիժ է մնում, շարունակում եք հարց տալ։ Ի՞նչ իմաստ ունի, այդ դեպքում, նման մարդուն հարց ուղղելը, առհասարակ։

- Ես Ձեզ հետ համաձայն եմ։ Ինչպես տեսել եք՝ կոնկրետ ես հարց չեմ տվել, բայց քանի որ մենք բաղկացած ենք 29 հոգուց, բոլորի մոտ կան տարբեր կարծիքներ։ Եվ մենք ընտրել էինք այսպիսի մարտավարություն, այսինքն՝ մեկը տա հարց, մեկը չտա, մեկը փորձի էն հարցերը տալ, ինչից ինքը դիսկոմֆորտի մեջ է ընկնում։ Հիմա մենք մի քիչ կփոխենք մարտավարությունը։

- Այսինքն՝ քննարկո՞ւմ եք այդ հարցը։

- Այո, իհարկե, էս վերջին իրադարձություններից հետո քննարկում ենք։

- Իսկ ձեր ֆրակցիայում շա՞տ են այն անդամները, որոնք կողմ են, առհասարակ, բոյկոտելուն եւ հարց չտալուն կամ, ասենք, մանդատները վայր դնելուն։

- Չէ, մեզ մոտ էդպես չի։ Տեսեք՝ մեզ մոտ ոնց են, առհասարակ, որոշումները կայացվում․ կա խորհուրդ եւ կա ֆրակցիայի ժողով, մենք հավաքվում ենք ժողովին, կամ եթե խորհրդում որոշում կա, դա իջեցվում է ֆրակցիա, ֆրակցիայում բոլորն իրենց կարծիքն ասում են, գեներացնում են մի ընդհանուր միտք, ընդհանուր հայտարարի ենք գալիս ու էդ սկզբունքով շարժվում ենք առաջ։ Հիմա կփոխենք էդ մարտավարությունը։

- Իսկ ի՞նչ է սպասվելու հաջորդ նիստին։ Ձեր պատգամավորներից մեկը, օրինակ, մի օր Փաշինյանին մեջքով էր նստել։

- Տարբեր գործառույթներ, տարբեր ձեւեր, տարբեր ձեւաչափեր կլինեն։

- Էդուարդ Աղաջանյանը, ի դեպ, ասում է, որ քաղաքացիները կարող են իրենց գնահատականները հնչեցնել, որ Արցախը հանձնել են եւ այլն, բայց պատգամավորներն իրավունք չունեն, թեկուզ քաղաքական գնահատականի անվան տակ, ամբիոնից հայտարարել, որ Արցախը հանձնել են իրենք, որովհետեւ ասում են՝ Արցախը դուք եք հանձնել, ոչ թե իրենք։

- Դա մեծ թեմա է, ես մոտ օրերս մի օր դրան էլ կանդրադառնամ։

- Այսինքն՝ ձեզ արգելում են, որ դուք ամբիոնից հայտարարեք, որ այս իշխանությունները հանձնել են Արցախը։

- Իրենք մեզ որեւէ բան չեն կարող արգելել, իրենք թող խոսեն՝ ինչքան ուժ ունեն, մենք էլ հետո կասենք՝ ինչ պետք է։

- Բայց մարդը բառացի ասաց՝ ով կասի, որ ինքն Արցախը հանձնել է, ինքը մատ էլ թափ կտա, ուրիշ բան էլ։

- Դե, ես իրեն ասում եմ, որ Արցախը հանձնել է։