Ավելի շատ պետք է աշխատել, քան խոսել․ Հայաստանը՝ սպանությունների մեջ

Ավելի շատ պետք է աշխատել, քան խոսել․ Հայաստանը՝ սպանությունների մեջ

Ոստիկանության տարածած հաղորդագրություններին ամենօրյա ռեժիմով հետեւելու դեպքում ակնհայտ կդառնա, որ սպանությունները, այն էլ՝ դաժան, Հայաստանում աճել են եւ պարբերական բնույթ են կրում։ Սպանությունների պակաս չկա հատկապես 2021-ին, միայն օգոստոսին 6 սպանություն է հանրապետությունում եղել, ընդ որում, դրանցից շատերը մերձավորների նկատմամբ են իրականացվել։

Օգոստոսի 11-ին նախկին կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա տղամարդ։ Օգոստոսի 6-ին Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի առանձնատներից մեկում մարդ է մահացել, տղամարդու հետ առանձնատանը եղել է նրա 16-ամյա որդին։ Նրանց միջեւ տհաճ խոսակցություն է սկսվել, ինչից հետո պատանին դանակահարել է հորն ու հեռացել առանձնատնից։ Լուսադեմին առանձնատուն էր գնացել տանտիրոջ ընկերն ու տեսել, որ նա սպանված է, եւ ահազանգել է շտապօգնություն։

Քիչ չեն նաեւ սեպտեմբերին կատարված սպանությունները, ընդհանուր առմամբ՝ 5 սպանություն։ Սեպտեմբերի 25-ի գիշերը բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 55-ամյա տանտերը խոհանոցային դանակով հարվածել է հյուրին` հարեւանին, որը մահացել է: Սեպտեմբերի 4-ին Ս. Վարդանյանին հրազենային երկու կրակոցով սպանել է նույն թաղամասի բնակիչը` 26-ամյա մի երիտասարդ։

Հարեւանը սպանում է հարեւանին, ազգականը՝ ազգականին, որդին՝ հորը, ամուսինը՝ կնոջը: Սրանք սպանություններ են, որոնք նախկինում շատ հազվադեպ են եղել։ Քիչ չեն նաեւ հայտնի մարդկանց հետ կապված սպանությունները․ երեկ կրակոցներից սպանվել է Վանաձորում գտնվող «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը, իսկ ամուսինը հրազենային վիրավորում է ստացել։ Պարզվել է, որ մինչ կրակոցները Երեւանի սրճարաններից մեկում կասկածյալի (անունը Լեւոն է) եւ ամուսնու միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Մայիսին էլ երեք աղմկահարուց սպանություն էր տեղի ունեցել, որոնք կապվում էին Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի շրջապատի հետ․ նախ սպանվեց նրա 29-ամյա թիկնապահը, ապա՝ եղբայրը (Արմեն Ասատրյանը), հետո էլ՝ նրա նախկին ընկեր Ռաֆայել Մարդոյանի վարորդը։

Դրանից առաջ էլ պակաս աղմկոտ դեպքեր չեղան, օրինակ՝ երթուղային տրանսպորտում դիմակ չկրելու համար քաղաքացիներից մեկը մյուսին էր դանակահարել ու սպանել։
Երկրի սահմաններին իրավիճակը լարված է, ներսում քաոս է, բանակը կազմալուծված է։ Ոստիկանությունն էլ հիմնականում զբաղված է վարչապետի անձի պաշտպանությամբ եւ ընդամենը արձանագրում է, որ սպանություններ են տեղի ունենում։ Ընդ որում՝ անգամ Երեւանի կենտրոնում օրը ցերեկով կատարված սպանությունը չեն կարողանում արագ բացահայտել։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը Հայաստանում տիրող այս վիճակը կապում է իրավապահ մարմինների անգործության հետ․ «Չեն փորձում կանխարգելել հանցագործությունները, ոչ թե հանցագործությունների ռեալ բացահայտմամբ կամ կանխարգելմամբ են զբաղված, այլ ուրիշ գործառույթներով։ Համարյա էդպիսի օր չկա, որ կրակոցի, դանակահարության մասին տեղեկություն չտարածվի»։ Սիմոնյանը նշում է․ եթե հետեւենք վիճակագրությանը, ապա թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո սպանությունների թիվը մեծ է եղել․

«Դատախազությունում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վարչություն ստեղծվեց, գործեր հարուցվեցին, նման գործերից մեկով նաեւ ես եմ մասնակցում եւ գտնում եմ, որ քրեական ենթամշակույթի հետ կապված հոդվածները, որոնք ներառվեցին Քրեական օրենսգրքում, որոշակիության բացակայության հիմքով հակասահմանադրական են։ Տեղի ունեցող դեպքերը՝ սպանությունները, դանակահարությունները կամ սպանության փորձերը, չեմ կարծում, որ այդքան կապված են քրեական ենթամշակույթի հետ, նույնիսկ կենցաղային հողի վրա առաջացած շատ դեպքեր ենք ունենում, ավելի շատ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու խնդիր է։ Ավելի շատ պետք է աշխատել, քան թե խոսել»։

Նա նաեւ նշեց, որ սպանությունների դեպքերով իրեն բավականին շատ են դիմում․ «Այս տարի էլ մի քանի այդպիսի գործեր ունեմ։ Ընդհանուր քանակն է շատացել դեպքերի, բնականաբար, եթե գործունեությամբ զբաղվող փաստաբան է, դիմողների քանակն ավելի շատ է լինում, քան նախորդ տարիներին»։

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր սպանությունների աճին՝ նշելով, որ կանխատեսվում էր նման իրավիճակ։ «Դա կանխատեսվում էր՝ հաշվի առնելով պատերազմի շրջանը, զենք-զինամթերքի շրջանառությունը։ Մենք մեծ թվով զենք-զինամթերք ենք հայտնաբերել։ Իսկ այն դիտարկումը, թե ոստիկանությունը ոչնչով չի զբաղվում, անթույլատրելի է։ Մեր հիմնական գործառույթներից մեկը հասարակական կարգի պահպանումն է»։