Գագիկ Ջհանգիրյանն իշխանական թիմի մասն է` նրանից անբաժան

Գագիկ Ջհանգիրյանն իշխանական թիմի մասն է` նրանից անբաժան

Օրենքի խախտմամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ հռչակված Գագիկ Ջհանգիրյանը, որ, թվում էր, պետք է իրեն այս պաշտոնին մաքսիմալ զուսպ ու չեզոք պահեր, ճիշտ հակառակն է անում։ Նա իրեն ամբողջությամբ իշխանական քաղաքական թիմի մաս է զգում ու կարծես հենց կառավարության անդամ լինի։ Այս օրերին մեզ տարբեր միջոցառումներից պաշտոնական լուսանկարներ են գալիս, որտեղ կառավարության անդամների, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողքին ներկա է նաեւ ԲԴԽ նախագահի ԺՊ-ն։ Զորօրինակ՝ Անկախության տոնի «գունագեղ փարթին», որտեղ կառավարության անդամների կողքին նստած էր նաեւ ինքը՝ մեծն ԲԴԽ նախագահը։ Կամ սեպտեմբերի 27-ին քաղաքապետի, ԵԿՄ նախագահի եւ այլոց կողքին դարձյալ մասնակցում էր 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:

Իհարկե, կարող էր Գագիկ Ջհանգիրյանը, նաեւ որպես ՀՀ քաղաքացի, եթե շատ էր ցանկանում, Եռաբլուր այցելել եւ ծաղիկ խոնարհել զոհերի շիրիմներին` մենակ, ընկերների կամ գործընկերների հետ: Ասենք` որոշ դատավորների կամ Դատական դեպարտամենտի աշխատակիցների հետ, այլ ոչ թե քաղաքական գործիչների։ Բայց Ջհանգիրյանն իրեն գործադիրի պաշտոնյայի տեղ դրած՝ ոչ մի առիթ բաց չի թողնում, որ հայտնվի գործադիրի անդամների կողքին։ Ինչպես ժամանակին անում էր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Թվում էր, թե իշխանության երրորդ ճյուղի` դատական իշխանության ներկայացուցիչն ու դե ֆակտո ղեկավարը պետք է իրեն քաղաքականապես չեզոք պահի եւ զսպի ամեն առիթով քաղաքական «էլիտայի» կողքին հայտնվելու մարմաջը, բայց արի ու տես, որ Ջհանգիրյանի համար կարեւորը չինովնիկի դեմքով Նիկոլ Փաշինյանի կողքին երեւալն է։ Ու ոչինչ, որ այդ նույն պաշտոնյաները, որոնց կողքին նա հայտնվում եւ լուսանկարվում է, վաղը կարող են հայտնվել իր ղեկավարած համակարգի թիրախում կամ թիրախավորել իր համակարգը, որի անկախությունը պետք է իր գլխավոր խնդիրը լինի։ Թեեւ, դատելով դատական համակարգի ու անձամբ Ջհանգիրյանի գերքաղաքականացված վիճակից, ենթադրելի է, որ նրանք, որոնց կողքին հայտնվում է Ջհանգիրյանը, իրենց ապահովագրել են իրավապահների, հետո նաեւ դատական իշխանության խոշորացույցի տակ հայտնվելուց։

Փորձեցինք Ջհանգիրյանի այսօրինակ «քաղաքական» ակտիվության վերաբերյալ մեկնաբանություն կամ բացատրություն ստանալ ԲԴԽ նորանշանակ խոսնակից՝ նախկին լրագրող Լիլիթ Շաբոյանից։ Լիլիթը, որն այս ընթացքում հասցրել է չինովնիկական լեքսիկոնը լավ յուրացնել, սկսեց ճտպտալով «հիմնավորել», թե ինչով է նորմալ իր ղեկավարի՝ ամեն առիթով քաղաքական գործիչների ու գործադիրի անդամների կողքին հայտնվելը։ Մասնավորապես բացատրեց, որ դատական իշխանությունը եւս պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, նա էլ այդ հանրապետության պաշտոնյաներից մեկն է։

«Եվ, հետեւաբար, համապետական միջոցառումներին՝ անկախության տոնին, սգո օրերին կամ, չգիտեմ, պատերազմին նվիրված միջոցառումներին, ինչպեսեւ մյուս պաշտոնատար անձինք, այնպես էլ պարոն Գագիկ Ջհանգիրյանը մասնակցելու որեւէ արգելք չունի, հետեւաբար մասնակցում է, ի՞նչ խնդիր կա»,-ասաց Շաբոյանը։ Իհարկե, արգելք չկա, բնական է, բայց խնդիրն արգելքը չէ, այլ բարոյական, քաղաքական, մասնագիտական չեզոքությունը, էթիկան, շահերի բախում չառաջացնելը։

«Շահերի բախման մասին չենք կարող խոսել, որովհետեւ Ձեր նշած բոլոր միջոցառումները բաց են, լուսաբանվում են, էնտեղ ինչ-որ գաղտնի խոսակցություններ, գաղտնի հանդիպումներ, պայմանավորվածություններ լինել չեն կարող, հետեւաբար, էստեղ շահերի բախման մասին խոսելն ավելորդ է։ Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ապա ԲԴԽ-ն Հայաստանի Հանրապետության երրորդ անկախ մարմինն է, հետեւաբար, եթե պատկանում ենք Հայաստանի Հանրապետությանը, բոլոր միջոցառումները, որոնք կազմակերպվում են, դրանց կարող ենք մասնակցել»,- ասաց նա։

Իսկ եղե՞լ են միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավերը մերժել է պարոն Գագիկ Ջհանգիրյանը, խոսքը սուրճ խմելու հրավերի կամ մասնավոր միջոցառումների մասին չէ։ Շաբոյանն ասաց․ «Միանշանակ, օրվա մեջ բազմաթիվ միջոցառումներ եւ հանդիպումներ են լինում, բավականին խիտ գրաֆիկ ունի պարոն Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջին մեծ միջոցառումներին, որոնց մասնակցել է պարոն Գագիկ Ջհանգիրյանը, մեկը եղել է անկախության տոնին, մյուսը՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանն է մասնակցել»։

Նկատենք, որ այս իշխանությունն իր վերաբերմունքն է ցուցադրում տարբեր կառույցների եւ անձանց նկատմամբ` հրավիրելով կամ չհրավիրելով նման միջոցառումներին: Ասենք` Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս է մղվել պետական արարողակարգից, ժամանակին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին դուրս մղեցին, իսկ Արման Դիլանյանին ընդգրկեցին, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին իշխանությունը «Հայաստանի Հանրապետության մասը» չէր համարում, իսկ, այ, դատական համակարգն իշխանություններին ենթարկեցնող Գագիկ Ջհանգիրյանն իրենց սրտի ԲԴԽ նախագահն է, ուրեմն պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: