Ընդդիմության ընդդիմություն է ձեւավորվում

Ընդդիմության ընդդիմություն է ձեւավորվում

Թվում էր, թե քաղաքական դաշտի անկայուն ու հեղհեղուկ իրավիճակը հանգուցալուծվեց հունիսի 20-ին, երբ համընդհանուր քաոսն իր տեղը զիջեց «Քաղպայմանագրի» վերարտադրմանը, եւ ձեւավորվեց նոր իշխանություն։ Սակայն ընտրություններից 2 ամիս անց Հայաստանում կրկին նույն քաոսն է ու խառնաշփոթ վիճակը: Իշխանությունն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին եւ ավելի ամուր չէ, քան մինչեւ հունիսյան ընտրությունը։ Նույնքան պառակտված ու անորոշ վիճակում է նաեւ ընդդիմադիր դաշտը։ Սա է պատճառը, որ իրական իշխանությունը կաբինետներում չէ, իսկ ընդդիմության ընդդիմություն է ձեւավորվում երկրում: Մարդիկ զբաղված են բացառապես իշխանությունների եւ ընդդիմության քննադատությամբ: Նրանց դժգոհությունը երկուսից էլ աճում է: 

Տեսնենք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում: Նախկին ընդդիմադիր ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն առիթը բաց չեն թողնում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին մեղադրանքներ հասցեագրելու համար: Հիշեցնում են նրանց նախկին թեզերը, թե ընդդիմությունն արմատական չէ, Նիկոլ Փաշինյանի բմբուլները քամուն չի տալիս, այ, իրենք կմտնեն խորհրդարան եւ իշխանության կյանքը դժոխքի կվերածեն։ Աշխատելու փոխարեն ծեծկռտուք եւ քաշքշուկ, շշերով պատերազմ են հրահրում, մինչդեռ խորհրդարանը ռինգի դաշտ չէ: Իսկ եթե անգամ այդպիսին է, ապա իրենք վատ կռվողներ են` չեն կարողանում հաղթել։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ  խորհրդարանականները հայտնվել են երկու քարի արանքում` իրենց նախկին խոստումների եւ նախկին քննադատությունների։ 

Օրինակ, պատերազմի առաջին տարելիցի օրը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում չզսպեց դժգոհությունը եւ խայթոցներ ուղղեց երբեմնի դաշնակիցների կողմը։ Կմիանա՞ արդյոք ԲՀԿ-ն «Հայաստան» դաշինքի նախաձեռնած փողոցային պայքարին։ Մելքումյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, այդ որ ասում են՝ ընդդիմությունը լինելու է շատ անհարմար ընդդիմություն, մինչեւ հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւմ է կայանում այդ անհարմարությունը։ Այսինքն, եթե սենց շարունակվի, աշխատանքային կամ հարկային օրենսգիրք քննարկելո՞ւ են ընդդիմությունը իշխանության հետ, ի՞նչ են անելու։ Մենք էլ ենք եղել ընդդիմություն, մենք հետպատերազմական վիճակում տեսնելով, որ չի գնում այն ուղղությամբ, որ պիտի գնա, գիտեք, որ բոյկոտում էինք, չէինք մասնակցում, հիմա ի՞նչ է լինելու, դեռեւս այս մասից էլ հստակ ազդակներ չեմ տեսնում։ Եվ հետո․ պետք է ճիշտ հաշվարկվի՝ եթե ժողովրդին հանում ես դուրս, ի՞նչ ֆորմուլայով է լուծումը տրվում, դուրս եկան, քանի անգամ, ոնց է լինում»։

Էդմոն Մարուքյանն ու «լուսավորյալները» նույնպես անթաքույց քննադատում, հեգնում են իրենց տեղը զբաղեցնողներին։ «Իշխանությունն ապիկար է, հասկացանք, բայց ընդդիմությունն էլ հո՛ «հուժկու» է։ Մի ամիս առաջ ընդդիմադիրները հայտարարում էին, որ «Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի՝ ձեւավորվել է խորհրդարանական ազգային եւ առողջ ընդդիմություն, որն օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները եւ լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու եւ ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով»: Բա սպասարկե՛ք պետական շահերը, Որոտան-Շուռնուխ ճանապարհի մասին հայտարարություն եք անում, որ ի՞նչ լինի։ Ձեր ազգային ու առողջ ընդդիմություն լինելը օրումեջ ներքին լսարանի համար հայտարարություններ անելով ու երկրի ներսի դատարաններ դիմելո՞վ է դրսեւորվում»,- սեպտեմբերի 18-ին այս գրառումն էր արել ԼՀԿ խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։ Նման գրառումների, հայտարարությունների, ընդհանրապես՝ քննադատության պակաս չի զգացվում։ Խանդը՝ խանդ, բայց ընդդիմադիրները պետք է հասկանան, որ աքսիոմատիկ ճշմարտություն է լեւոնտերպետրոսյանական բնորոշումը, որ «ընդդիմության ընդդիմությունն իշխանության բարեկամն է»։

Արտախորհրդարանականներից ակտիվ են նաեւ «Բեւեռի» ներկայացուցիչները՝ Ժիրայր Սեֆիլյանն ու կուսակիցները, Միքայել Մինասյանի երիտասարդ զինակիցները, ինչպես նաեւ Փաշինյանի գրպանային ընդդիմության առաջնորդները՝ ի դեմս Արամ Սարգսյանի, Նորայր Նորիկյանի եւ այլոց։ Մի բան պարզ է, որ այս հեղհեղուկ իրավիճակը բերելու է ներքաղաքական նոր ճգնաժամի, «ընդդիմության ընդդիմության» հաշվարկն էլ թերեւս արտահերթ զարգացումներն են եւ հույսը, որ խորհրդարանում նստածներին սեւացնելով, վարկաբեկելով՝ կարող են նոր ընտրություններին նրանց խաղից դուրս թողնել եւ զբաղեցնել նրանց տեղը։ Իսկ արդյունքում, բնականաբար, շահելու է իշխանությունը: Թե ինչ է սպասվում պետությանը, նույնիսկ սարսափելի է մտածել։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտում, իհարկե, իդեալական վիճակ չէ, բայց բնականոն է։ «Իդեալական կլիներ, որ աջերը, ձախերը, կոսմոպոլիտները, ազգայնականները, բոլոր-բոլորը հավաքվեին այս իշխանության դեմ, բայց որեւէ երկրում, որեւէ ժամանակ այդպիսի վիճակ չի եղել, որ բոլոր ընդդիմադիրները միասնական լինեն։

Գերմանիայում էլ կային կանաչներ, սոցիալ-դեմոկրատներ, քրիստոնեադեմոկրատներ եւ այլն, բայց դա չի նշանակում, որ Գերմանիայում ընդդիմությունը պառակտված է եղել։ Ցանկացած կուսակցություն համախոհների բազմություն է, չի կարող աշխարհում լինել երկու տեսակի համախոհ: Կա՛մ իշխանության հետ ես, կա՛մ դեմ, նաեւ իշխանության հետ եղածները կարող են իրարից տարբեր մոտեցում ունենալ»,- ասում է նա՝ միաժամանակ ավելացնելով, որ լավ կլիներ, եթե բոլորը կամ շատերը միավորվեին, ինչպես անցած տարի աշնանը, բայց առկա իրավիճակը, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ողբերգական չէ։ «Հայաստան» դաշինքը, պատգամավորի խոսքով,  իշխանության պես դաշտը չի բաժանում սեւերի ու սպիտակների, չի ասում, որ մենք ենք միակ ընդդիմությունը, կամ` ով մեզ հետ չէ, իշխանության հետ է․ «Իհարկե, ես չեմ բացառում, որ իշխանությունը ստեղծում է ընդդիմադիր քաղաքական խմբակներ, որոնք պետք է փորձեն ընդդիմության ներսում տուրբուլենտություն առաջացնել, բայց որ այդ քաղաքական ուժերը մեզ հետ չեն, չի նշանակում, որ իշխանության կողմնակիցն են»։

Եվ, այնուամենայնիվ, իրական հիմքեր չունե՞ն խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժին ուղղված քննադատությունները, ամիսներ առաջ խոստանում էիք հայրենիքը փրկել, իշխանությանը հեռացնել, հիմա հարմարվել եք կաբինետային պայքարին։ Խաչատրյանը պատասխանեց․ ««Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընդդիմությանը հասու գործիքներով պայքարում է իշխանության դեմ, դրանից բացի՝ մենք ծրագրավորում ենք դա համադրել  արտախորհրդարանական պայքարի հետ, իհարկե, խորհրդարանական գործիքակազմը մի քիչ այլ է, քան արտախորհրդարանական, ձեւով դրանք տարբեր են, բայց բովանդակությամբ` նույնը։ Կա բռնցքամարտ, կա սուսերամարտ, երկուսն էլ մարտ են, բայց ամեն մեկն ունի իր կանոնները, սակայն հաջողության հասնելու համար երկուսն իրար հետ պետք է համատեղել»։

ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանը մեր դիտարկմանն այսպես արձագանքեց․ «Եթե իշխանության ընդդիմության ընդդիմությունն իշխանության բարեկամն է, ապա ներկայիս խորհրդարանականներն իշխանության մերձավոր ազգականներն են, քանի որ նախորդ գումարման ԱԺ-ում ջանք չեն խնայել քննադատելու եւ նսեմացնելու ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կարգավիճակը եւ հենց այդ հակաքարոզչության արդյունքում են հայտնվել խորհրդարանում»։ Իսկ ընդհանրապես՝ ճիշտ չէ՞ իշխանությանը քննադատելը, ոչ թե միմյանց։ «Չկա որեւէ ոլորտ, որի վերաբերյալ իշխանության վարած քաղաքականությունը քննադատած չլինենք անցած 3 տարիներին։ Երբ նոր ասելիք, նոր քննադատության նյութ է լինում իշխանության վերաբերյալ, առանց վարանելու խոսում ենք այդ մասին։ Բայց այն, որ այս ընդդիմությունը խորհրդարանում է հայտնվել մարդկանց ապակողմնորոշելով, դրա մասին վստահաբար պետք է խոսել»։