«Հրապարակ»․ Փաստական տվյալներ կան, որ վկայում են Ալթունյանի անմեղության մասին

«Հրապարակ»․ Փաստական տվյալներ կան, որ վկայում են Ալթունյանի անմեղության մասին

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամիս ժամկետով երկարացրել է պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի կողմից Ալթունյանի կալանքը 2 ամսով երկարացնելու միջնորդությունը, որի դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել էր՝ Ալթունյանին տնային կալանք տալով։    

Հիշեցնենք․ Գեւորգ Ալթունյանին ու եւս 4 անձի մեղադրանք է ներկայացվել ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար: Քրեական վարույթը դեռեւս նախաքննության փուլում է։ 
Գեւորգ Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարույթի շրջանակներում փորձաքննություն է նշանակվել, որի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, գործը դատավարական փուլ կմտնի։ Ըստ նրա՝ քննիչը չի կարողացել ձեռք բերել այնպիսի փաստեր, որոնցով Ալթունյանին առաջադրված մեղադրանքը կհիմնավորվի։ «Հակառակը՝ փաստական տվյալներ կան, որը վկայում է Գեւորգ Ալթունյանի անմեղության մասին։ Ամեն դեպքում գործը դեռեւս նախաքննության փուլում է»,- հավելեց նա։ 

Նշենք, որ քրեական վարույթով անցնող 4 մեղադրյալներից որեւէ մեկն այս պահին կալանավորված չէ։ Ավելի վաղ քրեական վարույթի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խմբի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.3 մլն ՀՀ դրամ հափշտակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ձերբակալվել է 5 անձ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ եւ սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 եւ 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս. Ա.-ի եւ գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ. Պ.-ի եւ նույն վարչության գլխավոր մասնագետ Ա. Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ: Առերեւույթ հանցավոր արարքներ կատարելու համար 2023 թ․ սեպտեմբերի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գ. Ա.-ին, ինչպես նաեւ «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Բ.-ին, «Նոր …» ՀԿ տնօրեն Ս. Ա.-ին, ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության կազմակերպչական բաժնի պետ Կ. Պ.-ին, նույն վարչության գլխավոր մասնագետ Ա. Ա.-ին։