«Հրապարակ»․ Ի՞նչ է կատարվում Մեղրիում․ օպտիմալացո՞ւմ, թե՞ հերթական «հանձնման» օպերացիա

«Հրապարակ»․ Ի՞նչ է կատարվում Մեղրիում․ օպտիմալացո՞ւմ, թե՞ հերթական «հանձնման» օպերացիա

Որքան ավելի շատ են խոսում Ադրբեջանին Զանգեզուրով ճանապարհ տալու մասին, այնքան ավելի տագնապալի են հնչում Մեղրիից եկող լուրերը։ Թվում է, ամեն ինչ արվում է, որ ռազմավարական կարեւոր դիրք զբաղեցնող այս քաղաքը դառնա դժգույն ու դժբախտ։ Ի՞նչ է լինում դրանից հետո՝ բոլորս տեսանք Շուշիի օրինակով։ Մեղրիում չի գործում Կադաստրի կոմիտեի գրասենյակը, ՊԵԿ սպասարկման սրահ չի լինելու, փակվում է դատարանի նստավայրը, զինկոմիսարիատը, չկա դիահերձարան, եւ այս հարցը ոչ մի կերպ չի լուծվում, իսկ հիվանդանոցը պիտանի չէ հիվանդ ընդունելու, չի ջեռուցվում, չունի ժամանակակից բժշկական տեխնիկա։

Անցնող շաբաթ մի քանի բլոգերներ բարձրացրին Մեղրիում պետական հիմնարկները վերացնելու թեման՝ ակնարկելով, որ Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որ Մեղրին դատարկվի ու հանձնվի Ադրբեջանին։ Ի պատասխան՝ իշխանական ԶԼՄ-ների խողովակով հերքումներ հնչեցին՝ որ կադաստրի Մեղրիի գրասենյակը փակ է ժամանակավորապես, քանի որ թափուր հաստիքներ կան, Մեղրիի հիվանդանոցը ջեռուցվում է հոսանքով եւ շուտով մանկական վերականգնողական բաժանմունք կունենա, դիահերձարան կառուցելու ծրագիրը հաստատվել է, հարկայինի մասնաճյուղն էլ փակվել է, որովհետեւ սպասարկման սրահներ այլեւս պետք չեն։

Ինչո՞ւ է փակվել դատարանը։ ԲԴԽ-ից «Հրապարակի» հարցերին պատասխանում են, որ Մեղրիի դատարանի շենքը մեկն է այն 9 նստավայրերից, որոնք այլեւս չեն օգտագործվելու՝ պետական բյուջեի հաշվին լրացուցիչ ծախսերից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով։ «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Մեղրիի նստավայրում, օրինակ, 2023թ. նշանակվել է ընդամենը 52 դատական նիստ։ Հաշվի առնելով նաեւ էլեկտրոնային գործիքակազմերը, որոնք ներդրվել են դեռեւս տարվա սկզբին եւ առավել ակտիվ օգտագործվելու են փետրվար ամսից, մեծամասամբ անհրաժեշտություն չի լինի ներկայանալ դատարան»։ 

Մեղրիում տիրող իրավիճակի մասին խոսեցինք նախկին քաղաքապետ, ավագանու ՔՊ-ական անդամ Արարատ Թումանյանի հետ։ Նա միշտ ապրել է Մեղրիում, թեեւ նրա խոսքը մեզ զգուշավոր թվաց, նա լավ տեղյակ է Մեղրիի «կնճիռներից»։ Քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո նա բիզնեսով է զբաղված, նաեւ Մեղրիի կարատեի դպրոցի հովանավորն է։ «Առաջնորդվում եմ սկզբունքով, որ ուժեղից է խույս տալիս պատերազմը։ Մեր երեխաներին փորձի փոխանակման համար տանում ենք զորամաս, խրամատափորում, այլ հմտություններ են ձեռք բերում»,- ասում է նա։

- Բայց Մեղրիի զորամասն էլ են փակում, իբր՝ զորամասերը խոշորացնում են, բա որտե՞ղ են երեխաները սովորելու այդ ամենը։

- Դա սուտ է։ Զորամասը տեղակայված է այն քաղաքում, որտեղ ես եմ ապրում։ Գունդը բրիգադ է դարձել, որն ավելի մեծ ստորաբաժանում է, ինչի՞ մասին է խոսքը։

- Կադաստրն ինչո՞ւ է փակվում։

- Ձեւափոխվում է, ոչ թե փակվում։ Պետությունը հաստիքներ է կրճատելու, եւ կադաստրին տրամադրվելու է գրասենյակ համայնքապետարանում։ Անիմաստ հաստիքները, որոնք բյուջեից անիմաստ վճարվում են, կրճատվելու են։

- Դատարանում էլ քիչ դատեր են լինում, ասում են՝ դրա համար են փակում։

- Ճիշտ են ասում։ Ես կուզեմ, որ Մեղրիում ոչ միայն դատարան, այլեւ դատախազություն լինի, բայց եկեք սենց մտածենք՝ դատարանի շենքի պահպանության համար պետությունն ահռելի ծախս է անում՝ ջեռուցում, էլեկտրականություն եւ այլն։ Դատավորը քաղգործեր է հիմնականում նայում այնտեղ եւ կարող է տարեկան մոտ 5 գործ ունենալ՝ ամուսնալուծություն, ալիմենտ։ Դատարան պահելու համար պետությունը բավականին ծախս է տեսնում։ Մեզնից 70 կմ այն կողմ Կապանն է, մարդիկ կգնան այնտեղ։

- Հարկայինն ինչո՞ւ է փակվել։

- Թվայնացնում են որովհետեւ։ Պարտադիր չէ, որ գործարարն իր թղթերով գնա հարկային, հարկերը վճարվում են առցանց, էլեկտրոնային տարբերակով։ Ես հասկանում եմ, թե Մեղրիի մասին ինչու են էս ելույթները, բայց ես Ձեզ հարց տամ․ Մեղրին պահում են դատարանն ու կադա՞ստրը։ Իհարկե՝ ոչ։

- Մտահոգիչ չէ՞, որ պետական հիմնարկներ են փակվում։

- Չեն փակում, տրանս-ֆորմացնում են։ Իմաստը ո՞րն է՝ շենքեր պահել, որտեղ ամեն մեկում երեք կոֆե խմող աղջիկ է նստած։

- Լավ, դիահերձարան ինչո՞ւ չունեք։

- Ես երկու տարի առաջ, երբ քաղաքապետ էի, հանդիպել եմ առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ։ Խնդիրը ոչ թե այն է, որ պետությունը չի ուզում, որ Մեղրի համայնքը դիահերձարան ունենա, այլ չկա մեկը Մեղրիում, որ սովորի ու դառնա դիահերձող եւ դատական բժիշկ։ Հանդիպել եմ նաեւ բժշկականի դիմորդների հետ, հորդորել եմ, որ դատաբժիշկ դառնան։ Չեն գնում։ Մեկը զզվում է, մեկը վախենում է, մեկի ամուսինը չի թողնում։ Եղել է մի իգական սեռի ներկայացուցիչ, որ համաձայնել է, բայց եղբայրն ասել է՝ ո՞նց, դու պետք է տկլոր տղամա՞րդ տեսնես։ Ազգային մտածողության հարց է։

- Բժշկական կենտրոնն ի՞նչ վիճակում է՝ չունի ջեռուցման համակարգ, ապարատուրա։

- Լավ վիճակում է, դա սուտ է։ Եվրոպական ծրագրով շատ լավ բաժանմունք են սարքել։ Կան մարդիկ, որ հավատում են լուրերին, թե Մեղրին ուզում են դատարկել։ Բայց եթե ուզում են դատարկել, ինչո՞ւ են ներդրումներ անում։ Կառավարության ծրագրերով միլիոնավոր դրամների սուբվենցիաներ են անում։ 
Խոսեցինք նաեւ նախկին ընդդիմադիր քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ։ Նա ասաց, որ Մեղրիում չէ, բայց ընտանիքն այնտեղ է, եւ ինքը չի նկատել, որ Մեղրիում կյանքը վատացել է։ «Վերսիաներ են, էլի, կենցաղային թեմաներ են։ Օրինակ, կադաստրի մասին ասում են։ Դեռ իմ ժամանակ ծրագիրը ներդրվել էր, կադաստրի ֆունկցիաներն արդեն համայնքապետարանը կատարում էր։ Կոմբինատն ամբողջ ծավալով աշխատում է, մաքսակետն աշխատում է, զորամասերը կան, գյուղատնտեսությունն առաջ է գնալու, լսել եմ, որ ջրամբարի ծրագիրն է հաստատվել՝ սկսում են։ Մեղրիի ապագան ջրամբարից է կախված։ Մարդիկ են, էլի, մեկի տրամադրությունն այնպիսին է, որ աշխարհի վերջն է, մյուսն էլ վարդագույն է նայում»,- ասաց նախկին ընդդիմադիր քաղաքապետը։