Մի քանդեք

Մի քանդեք

Երբ Օպերայի այգին «հարամեցին»՝ այգու մեջ եւ արձանների շուրջբոլորը սրճարանների թույլտվություններ տալով, երեւանցիներս շատ վատ վերաբերվեցինք դրան։ Երբ Օղակաձեւ զբոսայգում մեր ձեռքով տնկած ծառերն էին կտրում եւ տեղը սրճարաններ տեղադրում, մենք վրդովվում էինք եւ անհույս պայքարում դրա դեմ։ Երբ քանդում էին Աբովյան փողոցի հին, գեղեցիկ թամանյանական շենքերը եւ խոստանում, որ «Հին Երեւան» թաղամասում դրանք վերականգնվելու են, մենք դեմ էինք դրան, որովհետեւ գիտեինք, որ չեն անելու։

Բայց դա չի նշանակում, որ հիմա կողմ ենք, որ քանդեն տարիներ շարունակ գործող կառույցները, արդեն բնակեցված շենքերը, գործող սրճարանները։ Այն, ինչ կառուցվել է, ծառայում է մարդկանց, եկամուտ է բերում, դարձել է քաղաքային մշակույթի մաս, ինչին սովորել են հաճախորդները, երեւանցիները, չպետք է քանդվի։ Որովհետեւ այս քանդարարությունը շատ բանով չի տարբերվում նախորդ քանդարարությունից։ Որովհետեւ այդ քանդարարությունը նույնպես սուբյեկտիվ ու մասնակի է իրականացվում՝ սրա-նրա կամայականությամբ եւ գավառական ճաշակին համապատասխան։ Որովհետեւ՝ մի կողմից ինչ-որ բան քանդում են, իբրեւ թե քաղաքը վերականգնելու համար, մյուս կողմից ինչ-որ մի անճոռնի շինություն է կառուցվում կամ մի խայտառակ թույլտվություն է տրվում։ Եվ այդ ամենն արվում է յուրայիններին չնեղացնելու եւ ոչ յուրայիններին «ցավեցնելու» սկզբունքով։ Իսկ բոլոր այն գործընթացները, որտեղ դու չես կարողանալու ապահովել իդեալական 100 տոկոսանոց արդարություն եւ հավասարություն, ուղղակի չի կարելի իրականացնել։ Դա ավելի է ապականում մեր հասարակությանը, ավելի է խորացնում անարդարությունը։ Ավելի է պառակտում հասարակությունը՝ բաժանարար գծեր սահմանելով մեր՝ առանց այն էլ բզիկ-բզիկ եղած ազգի մեջ։