«Հրապարակ». Նոր դատական հայցեր ԱԺ նախագահից

«Հրապարակ». Նոր դատական հայցեր ԱԺ նախագահից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդեմ տարբեր անձանց դատական հայցերի հերթական փաթեթն է ներկայացրել դատարան: Նրա թիրախում հիմնականում լրագրողներն են, այս անգամ դատի է տվել լրագրող Նաիրի Հոխիկյանին, նաեւ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։ Մեզ հետ զրույցում Ղազարյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչն է դատական հայցի առիթը, ինքը դեռեւս հայցադիմումը չի ստացել, չնայած այն դատարան է ներկայացվել հոկտեմբերի 2-ին, իսկ վարույթ է ընդունվել հոկտեմբերի 23-ին։ Սիմոնյանն Էդգար Ղազարյանի դեմ հայց է ներկայացրել ենթադրյալ զրպարտությունը հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով։ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընդդեմ Ղազարյանի ներկայացված հայցի առիթ է հանդիսացել այն, որ Ղազարյանն իր ուղիղ եթերներից մեկում զրպարտել է Ալեն Սիմոնյանին` նրան անվանելով «ամենամեծ կոռուպցիոներ»։

Նաիրի Հոխիկյանի դեմ ներկայացրած հայցով ԱԺ նախագահը պահանջել է ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ փոխհատուցում վճարել։ Մեզ հետ զրույցում Հոխիկյանն ասաց, որ իր դեմ հայցի պատճառն այն է եղել, որ ինքն Ալեն Սիմոնյանին անվանել է պոռնոաստղ․ «Հունիսի 1-ին՝ այն օրերին, երբ արդեն ինֆորմացիա կար, եւ Նիկոլի կողմից հայտարարություն կար, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, դրանից հետո այս տղան Օմար Խայամից ինչ-որ ցիտատ է տեղադրում, թե` «մեզնից ուժեղները մեր ժամանակը չունեն», այդպիսի մի բան։ Ասուլիսի ժամանակ «Հայելի» ակումբում ինձ լրագրողը հարց է տալիս, ասում է՝ ի՞նչ կասեք Ալեն Սիմոնյանի այդ գրառման մասին, ես էլ ասում եմ՝ այդ պոռնոդերասանը ավելի լավ է գնա իր էրոտիկ ֆիլմերի մասին խոսի։ Դրա համար է հայց ներկայացրել, թե ինձ ինչո՞ւ է ասել «պոռնոդերասան»։ Ուղղակի երեւի ես իրեն պոռնոդերասան չպիտի ասեի, այլ էրոտիկ դերասան պիտի ասեի»,- պատասխանեց Հոխիկյանը։

Ալեն Սիմոնյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի, «Hayeli.am-ի» խմբագիր Անժելա Թովմասյանի, «Mediahub» լրատվական կայքի։ Աննա Մկրտչյանի դեմ ներկայացրած հայցը եւս վերաբերում է վիրավորանքին։ Ալեն Սիմոնյանի խոսնակը մեզ հայտնեց, որ Մկրչտյանի դեմ հայցի առիթ է դարձել այն, որ պատգամավորը Ալեն Սիմոնյանին ԱԺ ամբիոնից անվանել է «տխմար»։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն էլ Աննա Մկրտչյանի ելույթից հետո ասել էր, թե` «մարդը իր փորձով է կիսվում, թողեք թող կիսվի», ինչին ի պատասխան էր Մկրտչյանը նրան անվանել «տխմար», Սիմոնյանն էլ Մկրտչյանին անվանել էր «չինական․․․»։
Մենք փորձեցինք ճշտել, թե ինչ արժեն այս հայցերը` որքան միջոցներ է ծախսել ԱԺ նախագահն այս հայցերի եւ դատավարությունների վրա, որովհետեւ փաստաբանի ծառայությունները Հայաստանում բավականին թանկ արժեն, բայց մեզ ստույգ տեղեկատվություն չփոխանցեցին` խոսնակը հայտարարեց, որ դա կոմերցիոն գաղտնիք է` գումարի չափը նշել չեն կարող: