Վրաստանից էլ հիասթափվեցին

Վրաստանից էլ հիասթափվեցին

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, որին Բաքվի քաղաքական շրջանակներում ասում են «ալիեւյան կոմսոմոլ»՝ նկատի ունենալով, որ նա 1920-ական թվականների կոմունիստ գործիչներից Մուսաբեկովի թոռն է եւ խորհրդային տարիներին կոմերիտական չինովնիկ է եղել, ֆեյսբուքում քննադատել է Վրաստանին, որ ԱԳՆ հայտարարությամբ չի սատարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ չի կանխորոշել այդ շրջանակներում ԼՂ կարգավորումը:

Ալիեւյան «զորակոչի» պատգամավորը լուտանքներ է թափել հարեւան երկրի հասցեին՝ գրեթե անվանելով նրան «ուտող՝ ուրացող» եւ հիշեցրել, որ Վրաստանի ամենախոշոր հարկատուներն «ադրբեջանական կապիտալով գործող ընկերություններն են, դժվար պահերին Ադրբեջանը միշտ էլ եղբայրական ձեռք է մեկնել հարեւանին»: Վրաստանի ԱԳՆ-ի հաշվեկշռված արձագանքը Բաքվին հանել է հունից, քանի որ դրանով փաստացի չեղարկվում է ՎՈՒԱՄ կազմակերպության քարտուղարության անունից, հավանաբար Բաքվում կազմված, տարածված տեքստի քաղաքական նշանակությունը: Վրաստանը փաստացի իրեն դուրս է դրել այդ պարտավորությունից եւ շեշտադրել տարածաշրջանային կայունության առաջնահերթությունը:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը Թբիլիսին ընկալել է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը, գուցե նաեւ՝ տարածքային ամբողջականությանը, եթե նկատի ունենանք, որ տվյալ տեղաշրջանում ծավալուն ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը կարող է օկուպացնել Վրաստանի հարավային՝ մեծամասամբ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված տարածքները, որ Բաքվում անվանում են «վաղնջական թյուրքական հող Բորչալը»: Մուսաբեկովն, ըստ էության, արտահայտում է Իլհամ Ալիեւի հիասթափությունը: Բաքվում Վրաստանի դեսպանին ԱԳՆ հրավիրելու եւ բողոք արտահայտելու քաջություն, բնականաբար, Ալիեւն այս օրերին կամ առհասարակ չունի: Նա միայն կարող է Մառնեուլիից մի –երկու տասնյակ «մուհաջիր» գործուղել Թբիլիսի, որ Հայաստանի դեսպանատան մոտ աղմկեն: Վրաստանը, երեւում է, անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել Քվեմո-Քարթլիում՝ զգուշանալով ադրբեջանական սադրանքներից: Բաքվում հասկացել են, որ վրաց-ադրբեջանական՝ ընդդեմ Հայաստանի, ալյանս ձեւավորելու փորձը մատնված է անհաջողության: Մնացել է, ինչպես ասում են, վրացիների վրա թուրքավարի «մուննաթ գալ»: