Թացը՝ չորից

Թացը՝ չորից

Այս քաոսի մեջ հաճախ է ռացիոնալ մտածողությունը լքում մեզ, եւ էմոցիաների ազդեցության տակ մենք թացը չորի հետ խառնած՝ կորցնում ենք իրականության զգացումը։ Սկսում ենք մեղադրել բոլորին, ֆանտաստիկ ցանկություններ հայտնել, սեւ կատու փնտրել մութ սենյակում։ Մինչդեռ արժեր, որ հավասարակշիռ ու անաչառ լինեինք անգամ այս պայմաններում։

Ասենք՝ հստակ զատեինք, թե որն է գործող իշխանությունների մեղքը, որոնք են օբյեկտիվ հանգամանքները, որոնք մեզ հասցրել են այս վիճակին։ Մանավանդ՝ այդ մեղքն այնքան շատ է, որ կբավականացնի մի քանի սերնդի, ուստի չարժե գույները խտացնել եւ ուրիշների մեղքն էլ բարդել սրանց վրա։

Օրինակ, եթե համարենք, որ պատերազմն անխուսափելի էր, եւ իշխանությունների ամենակշռադատված ու խելամիտ գործողությունների արդյունքում անգամ հնարավոր չէր լինի խուսափել դրանից, ապա քաղաքական հետապնդումները, որոնք ձեռնարկվել են Ավետիք Չալաբյանի կամ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ, ոչ մի օբյեկտիվ հիմք չունեն, բացի իշխանության առաջին դեմքերի սուբյեկտիվ չարությունն ու հրահանգավորված քաղաքական հալածանքները։

Կամ՝ եթե Արցախն այլեւս ՀՀ գործող իշխանությունների տիրույթից օբյեկտիվորեն դուրս է մնացել, եւ այնտեղ բանակ պահելն անհնարին է, ապա Հայաստանում բանակը ոչնչացնելը բացառապես բխում է ՔՊ-ականների ցանկությունից։ Եթե այլ ելք չկա, եւ ճանապարհները ստիպված ենք լինելու բացել մեզ թշնամի պետությունների քաղաքացիների առաջ, ապա մեր անվտանգության, ոստիկանական ուժերի հզորացման, լիարժեք գործելու անհրաժեշտությունը կա։ Իսկ տգետ պարեկներին աճեցնելով, ոստիկանությունը ներքին գործերի նախարարության վերածելով, ԱԱԾ-ն բացառապես վարչապետին ու նրա շրջապատին պահպանող համակարգ դարձնելով, դու երկիրը միտումնավոր անպաշտպան ես դարձնում։