Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է Ռուսաստանին․ «Взгляд»․ մաս 2-րդ

Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է Ռուսաստանին․ «Взгляд»․ մաս 2-րդ

Այսպես, ըստ ռուսական պարբերականի, ամրանում է այն համոզմունքը, որ գլխավոր մոտիվը, որով ղեկավարվում է այժմ Փաշինյանը, ամեն գնով սեփական իշխանության պահպանումն է։ Ի հայտ են գալիս ավելի ու ավելի շատ աղբյուրներ, որոնք ծանոթ են Ղարաբաղյան հարցով բանակցությունների մանրամասներին եւ հավաստում են, որ պատերազմի սկզբում մարտական գործողությունների դադարեցման գինն իրոք եղել է չափազանց ցածր՝ Փաշինյանի հրաժարական, բանակցությունների վերսկսում եւ իշխանության հանձնումը նրա թիմակիցներից որեւէ մեկին։ Սակայն Փաշինյանը չի համաձայնել դրան, գլուխ է գովացել, որ չի տրվի ճնշումներին, իսկ արդյունքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Հոդվածագիրը նշում է, որ եթե դա ճիշտ է, ապա Բաքվին պետք է եղել Փաշինյանի հրաժարականը, քանի որ վերջինս կտրուկ կերպով մերժել է մասնակցել Ղարաբաղյան քաղաքական կարգավորման բանակցություններին եւ չի պատրաստվել ինչ որ բան փոխել քառորդ դար սառեցված իրականության մեջ։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի հրաժարականի սցենարը նախընտրելի կլիներ նաեւ Մոսկվայի համար որպես միջնորդի, քանի որ Փաշինյանի եւ Ռուսաստանի քաղաքական էլիտայի միջեւ հարաբերությունները մեղմ ասած՝ բարդ են։ Պատճառները բազմաթիվ են, ինչպես օրինակ՝ վարչապետի ոչ-կոմպետենտությունն ու անկանխատեսելիությունը, ինքնավստահությունն ու բոլորին խորամանկելու մարմաջը։ Բացի այդ, նա որպես քաղաքական գործիչ ունի «մայդանային» ծագում, իսկ նմաններին չեն վստահում ռուսական միջավայրում, ինչը խորանում է Փաշինյանի՝ ԱՄՆ հետ տված խաղերով, ՆԱՏՕ-ի հանդեպ լոյալությամբ եւ նախկինում արած հակառուսական հայտարարություններով։ Ընդհանուր գծերով ուրվագծելով հայաստանյան ներքաղաքական կյանքի վերջին երկու եւ կես տարվա պատկերը, հոդվածագիրը արձանագրում է, որ Փաշինյանին իշխանության պահելը հիմա անմիջականորեն բխում է Ռուսաստանի շահերից, ընդ որում, անկախ նրա արտաքին քաղաքական նախասիրություններից եւ անձնական որակներից։ Ընդ որում, դա չափազանց ակնբախ է։ Դա պետք է, որպեսզի դադարեցվի պատերազմն ու կանխվի Արցախի ամբողջական ոչնչացումը։ Հոդվածում անդրադարձ է կատարվում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հայտնի Հայտարարությանը եւ նշվում, որ Փաշինյանը պետք է Մոսկվային, որպեսզի այն իրականացվի, իսկ հրաժարականը կլիներ փախուստ պատասխանատվությունից, որն իր հետեւից կբերեր մեծ խնդիրներ։ Նրա փոխարեն եթե այլ մեկը գա իշխանության, գուցե եւ փորձի խորամանկել, մանեւրել, հրաժարվել իրականացնել, հայտարարելով, որ ինքը չի ստորագրել, իսկ դա կարող է բերել քաոսի։ Արդյունքում իրադրությունը դուրս կգա վերահսկողությունից, կարող են վերսկսվել ռազմական բախումները հակամարտող կողմերի միջեւ, որտեղ հիմա կանգնած են ռուս խաղաղապահները։ Իսկ այս դեպքում Մոսկվայի համար նախ եւ առաջ նման քաոսը կանխելն է կարեւոր, որպեսզի ռուս խաղաղարարի արյուն հանկարծ չհոսի։ Հոդվածագիրը նկատում է, որ Փաշինյանի պահվածքը հիմա նման է այն նավապետին, ով խորտակվող նավի վրա մնում է մինչեւ վերջ։Հոդվածագիրն ամփոփում է, որ երբ Հայտարարությունը իրականացվի, Փաշինյանի ծառայությունների կարիքն այլեւս չի լինի եւ իշխանության նա կկարողանա մնալ միայն ի հաշիվ իր համառության։ Եթե շատ բախտը բերի, կարող է մինչեւ 2022 թվականի ընտրություններ էլ ձգել․ չէ որ ընդդիմությունը պառակտված է եւ զրկված լիդերներից, պառլամենտը լցված է խաղալիք «փայտե զինվորիկներով» իսկ նախկին իշխանությունները համբավազրկված են եւ չեն վայելու ժողովրդի վստահությունը։

«Взгляд»