Ալիևն ասել է՝ «շալա-շուլադ հավաքիր ու ռադ եղիր»

Ալիևն ասել է՝ «շալա-շուլադ հավաքիր ու ռադ եղիր»

ԱԽՔ Արմեն Գրիգորյանն հայտարարում  է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի։ Մարդիկ էլ իրար են խառնվել՝ Լեռնային Ղարաբաղն անպաշտպան են թողնում։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ անպաշտպան թողնելն ու այնտեղիղ վռնդելն  այլ բան են։ Տեսեք ինչ է ասում ԱԽՔ-ը՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի: Այսինքն երեխան փողոցում չեն գցել ու փախել, դրել են մի անվտանգ տեղ, որ վերցնեն ու պահեն։

Լեռնային Ղարաբաղը ծվատել են, Ադրբեջանին «հալալ արել», հիմա էլ երես ունեն, ասում են՝ «․․․նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որևէ բան չի փոխվում»: Նախկինը ո՞րն է՝ Լևո՞նը, Սե՞րժը, թե՞ Ռոբերտը։ Նրանցից որին էլ ասես՝ նրանք միջազգային հանրության առաջ դիվանագիտություն են բանեցրել՝ մի բան է ցուց տալը, մի բան անելը։ Նրանք պարացրել են Ադրբեջանին և միջազգային ոչ մի կառույց չի կարողացել «այդ պարը կասեցնել»։ Նրանք Արցա՜խ են պահել, Արցա՜խ ենք ունեցել, դուք Արցախի 75 տոկոսը հանձնել եք ու ԼՂ բանակի՞ց եք խոսում։

Տղայավարի ասա, որ Ալիևն ասել է՝ «շալա- շուլադ (ունեցած- չունեցածդ )հավաքիր ու ռադ եղիր»։ Ալիևի հայտարարությունը ու շեֆիդ պատասխանը կարդալուց հետո կասկած մնու՞մ է, որ ձեզ դուրս են շպրտել։ Դուք Ադրբեջանին պետք էիք Լեռնային Ղարաբաղը հանձնելուց, հիմա ավելորդ եք։ Էն տնվորի նման, որ տանտիրոջը խնդրում  է՝ երկու ամիս ժամանակ տուր,  տունդ կազատեմ։ Մինչև սեպտեմբեր էլ դուք եք ժամանակ խնդրել։

Ողբա՜մ ձեզ։