Ամուլսար․ անկարողության և տկարության հետևանքը

Ամուլսար․ անկարողության և տկարության հետևանքը

Ամուլսարի հիմնախնդիրը, կարծես թե, յուրօրինակ սահմանագծի կարգավիճակ է ստացել։ Վարչապետ Փաշինյանն ի վերջո անցավ այդ սահմանագիծը՝ անցյալում թողնելով հեղափոխական պատրանքներն ու հանրային ակնկալիքները։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի կառավարումը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջափուլի՝ մինչև Ամուլսարի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններն ու դրանից հետո։ 

Հետաքրքրականն այն է, որ վարչապետը հանուն այդ հիմնախնդրի հսկայական զոհաբերության գնաց՝ խաղասեղանին դնելով իր քաղաքական կապիտալն ու հանրային վստահությունը։ Նույնիսկ բազմաթիվ սխալների առկայությամբ նախկինում նա շարունակում էր պահպանել հեղափոխական խորհրդանիշի իր կարգավիճակը, ինչը նրան որոշակի անձեռնմխելիության կարգավիճակ էր շնորհում։ Իսկ հիմա կարգավիճակն այդ մասամբ կարելի է մսխված համարել և Փաշինյանն այլևս սովորական կառավարիչ է, որին քաղաքացիները թիրախավորելու են այն նույն տրամաբանությամբ, ինչ նախկիններին։ 

Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում․ մի՞թե արժեր հանուն Ամուլսարի այսպիսի զոհաբերության գնալ։ Մի՞թե կարելի էր այդքան շուտ մսխել քաղաքական կապիտալն ու վստահությունը։ Խնդիրը միայն Փաշինյանի անձի հետ չէ կապված։ Բանն այն է, որ իրադարձությունների նմանատիպ զարգացումը խաչ քաշեց նաև հանրային համերաշխության գաղափարի վրա, քանի որ վարչապետի անկարողությունն ու որոշումներ կայացնելու անվճռականությունը երկարաժամկետ կոնֆլիկտի սաղմեր են տեղադրում։ Հեղափոխությունից հետո նա հանրային դաշինք ստեղծելու իրական հնարավորություն էր ստացել, բայց ցավոք սրտի դաշինքն այդ ժամանակավոր էր ու անհեռանկար։ 

Եթե փորձենք վերլուծել կառավարության վերջին մեկ տարվա գործունեության առանձնահատկությունները, ապա կանգ կառնենք երեք հիմնական մոտեցումների վրա, որոնք են՝ կարճաժամկետ որոշումների կայացում, որոշում կայացնելու անկարողություն և վիճակագրական մանիպուլյացիա։ Ամուլսարն ահա այս երեք մոտեցումների հետևանքն է, որը մերկացնում է կառավորղ թիմի գաղափարական սնանկությունն ու ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունը։ 

Շատերը չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց, որը ամեն պահ կարող է պայթել։ Իսկ դա այնքան վտանգավոր է, որ նույնիսկ նախկինների և հորինված հեղաշրջումների դեմ ուղղված պայքարն այլևս չի ապահովելու այն հանրային կոնսոլիդացիան, որը անցյալում կար։