Արևմուտքի և Ռուսաստանի մեջտեղում՝ ո՞ւր է տանում Փաշինյանը Հայաստանը կամ այն, ինչ մնացել է Հայաստանից

Արևմուտքի և Ռուսաստանի մեջտեղում՝ ո՞ւր է տանում Փաշինյանը Հայաստանը կամ այն, ինչ մնացել է Հայաստանից

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբեր ամսին բավականին ակտիվ է եղել՝ չնայած ամսվա ավարտին դեռ երեք օր կա, բայց հանդիպումների, հեռախոսազրույցների եւ ընդհանուր առմամբ` արտգործնախարարության գրաֆիկը, կարող ենք ասել, որ գերհագեցած է եղել։

Հետեւենք խրոնոլոգիային. նոյեմբերի 3-ին Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարությունում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին, ում հետ ունեցել է առանձնազրույց, իսկ հետո մամուլի ասուլիս են տվել։ Նոյեմբերի 9-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 42-րդ նստաշրջանի շրջանակներում, Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: 
Նույն օրը՝ նոյեմբերի 9-ին, ԱԳՆ խոսնակը պատասխանել է Զախարովայի հայտարարությանը՝ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետի վերաբերյալ, հայտարարել է, որ վերջերս հրապարակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից պարզ էր դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:

Սա հերթական հակադրությունն էր ռուսական կողմին։ Սակայն, ՀՀ արտգործնախարարության կողմից ՀՀ սուվերեն տարածքի մասին այս հայտարարությունները զուտ հակառուսականության ծիրում են, և ոչ թե հայկական շահի կամ էլ ՀՀ սուվերենության պաշտպանության տեսանկյունից, այլապես 2021 թվականից հետո ՀՀ սուվերեն և միջազգայնորեն ճանաչված տարածք ներխուժած ադրբեջանական ահաբեկչական զինված ուժերը կամ դուրս կշպրտվեին ՀՀ տարածքից կամ տեղում կոչնչացվեին։  

Չնայած հայտարարություններին, որ ՀՀ իշխանությունները արտաքին քաղաքական վեկտոր չեն փոխում, նոյեմբերի 13-ին Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող Արարատ Միրզոյանը մասնակցել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը, ապա հանդիպումներ ունեցել Մեծ Բրիտանիայի մի շարք պաշտոնյաների հետ։

Նոյեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն արդեն Բրյուսելում էր` հանդիպել է Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, կրկին Բրյուսելում, Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասին։ 

Արդեն նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳՆ-ում Միրզոյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին, ում հետ քննարկել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 22-ին, Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ, որի ժամանակ քննարկել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը, տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Իսկ նոյեմբերի 24-ին Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսինի հետ մտքեր է փոխանակել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների մասով։ 

Ինչպես տեսնում եք, հիմնական հանդիպումներն ու մեկնումները հավաքական արևմուտքի հարթակում են իրականացվել։ Միայն նոյեմբերի 21-ին և 24-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ։ Հեռախոսազրույցում Ալեյնիկը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում օրակարգային հարցերի քննարկման ընթացքում և ինչ որոշումներ են ընդունվել։

Արարատ Միրզոյանի նոյեմբեր ամսվա գրաֆիկը ուսումնասիրելուց հետո հասկանալի է դառնում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել դեկտեմբերի վերջին մեկնել Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ-ի ոչ պաշտոնական հանդիպմանն ու ԵԱՏՄ պաշտոնական գագաթնաժողովին։ 

Ի՞նչ է ստացվում ՝ Փաշինյանն ու իր կառավարությունը սկզբում մերժում են ռուսական հարթակը, այցելություններ անում ԵՄ, ընդունում եվրոպացի պաշտոնյաներին, չնայած հիմա էլ Ադրբեջանն է մերժում արեւմտյան հարթակը։ Եվ Ալիևին կարելի է հասկանալ, որովհետեւ նա արևմտյան հարթակից ստացել է այն, ինչ իրեն պետք էր։ Հիմա փորձում է ռուսականից ստանալ: Մնում է հասկանալ, թե Սանկտ-Պետերբուրգում արդյո՞ք Ալիևի հետ հանդիպում կայանալու է եւ այս որոշումը պայմանավորված է դրանո՞վ: Չէ՞ որ հիմա Ալիևի և Ռուսաստանի շահերը` Սյունիքով անցնող, այսպես կոչված, տխրահռչակ Զանգեզուրի միջանցքի հարցում համընկնում են։ Այդ մասին են խոսում նաև Զախարովայի կողմից պարբերաբար արվող հիշեցումները` արդեն ուժը կորցրեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մասին: Ռուսական կողմը, փաստորեն, հույսը չի կտրում, որ ստանալու է «միջանցքի» վերահսկողությունը:

Մնում է սպասել ու տեսնել, թե ինչպես են զարգանում իրողությունները։