«Հրապարակ»․ 2020 թվից հետո «օրենքով գողերի» 72 «սխոդկա» է եղել Հայաստանում

«Հրապարակ»․ 2020 թվից հետո «օրենքով գողերի» 72 «սխոդկա» է եղել Հայաստանում

Հարցազրույց ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի հետ

- ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում փոխվեցին քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պահանջները` կարող են դիմել նաեւ քաղաքացիական անձինք, իրավաբանի կրթությունը պարտադիր չէ։ Մինչդեռ ոստիկան դառնալու համար 5 տարի իրավաբանական կրթություն էին ստանում։ Նախկինում երկար ճանապարհ էին անցնում, հիմա դրա կարիքը չկա` ջութակահարն էլ կարող է դառնալ ոստիկան, եթե ունի բարձրագույն կրթություն։ Բայց արդյո՞ք նա կարող է հանցագործություն բացահայտել, ի՞նչ իմաստ ունի, օրինակ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, երբ քաղաքացին 5 ամիս Ոստիկանության ակադեմիայում սովորելուց հետո համարվում է ատեստավորված ոստիկան եւ բարձր աշխատավարձով անցնում պաշտոնի։ 

- Չափորոշիչներ կան քրեական ոստիկան դառնալու համար։ Կարող են դիմել մինչեւ 35 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Ոստիկանության կրթահամալիրում նրանք 5 ամիս վերապատրաստման փուլ են անցնում, ստանում են քրեական ոստիկանությունում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ։ Կրթահամալիրն ավարտելուց հետո համարվում են ատեստավորված, եւ, ըստ ստացած գնահատականի, ձեւավորվելու է իրենց աշխատավարձը։ Այո, քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, ինչը բարեփոխումների տրամաբանության մեջ է։ Կրթահամալիրում տալու ենք հատուկ գիտելիքներ՝ պրակտիկայում կիրառելու համար։ Մենք տրամադրելու ենք նեղ մասնագիտական գիտելիքներ։ Ես 5 տարի իրավաբանական բարձրագույն կրթություն եմ ստացել, բայց այս բարեփոխումներով մենք համարում ենք, որ քաղաքացու բուհի կրթությունը կարող է համարվել ընդհանուր գիտելիք, իսկ մենք նրան կտանք քրեական ոստիկանությունում աշխատելու ավելի նեղ մասնագիտական գիտելիքներ։ 

- Այս բարեփոխումների հիմքում ո՞ր երկրների փորձն է։

- Քրեական ոստիկանության բարեփոխման ձեւավորման տրամաբանության մեջ մենք օգտագործել ենք ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների փորձը՝ հարմարեցնելով մեր տարածաշրջանի եւ մեր երկրին բնորոշ հանցագործությունների հետ։ 

- ՆԳՆ ղեկավար կազմի ասուլիսի ժամանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասաց, որ 2023-ին աճել է հանցագործությունների թիվը։ Ո՞ր տեսակի հանցագործություններն են աճել, եւ մասնագիտությամբ ոչ իրավաբանը կարո՞ղ է բացահայտել կամ նախականխել։

- Ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ առանձնացրել ենք 4 ճյուղ՝ հստակ գործառույթներով․ պարեկային ծառայությունը, քրեական ոստիկանությունը, որի ձեւավորումից հետո ստեղծվելու է համայնքային ոստիկանություն, որն էլ իր հերթին ձեւավորվելու է այսօրվա ոստիկանության բաժինների հիմքի վրա, եւ ոստիկանության գվարդիան, որն ապառազմականացվում է, դառնում զուտ ոստիկանական գործառույթ իրականացնող։ 

- Ի՞նչ է նշանակում «ապառազմականացում»։ Եթե խոսքը ՀՀ պետական սահմանը հսկելու գործառույթից ազատելու մասին է, ապա 2020-ից հետո նրանք այլեւս սահման չեն գնում։ Գվարդիան ձեւավորվելու է ցուցարարներին ծեծող եւ խոշտանգող «բազմագույն» բերետավորներից, այս իրողությունը մտնո՞ւմ է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ։

- Առհասարակ տրամաբանությունը, գործունեության ոլորտը բարեփոխվում է, խոսքն անձանց մասին չէ։ Ստորաբաժանումն իրականացնելու է այլ գործառույթ։

- Ոստիկանության զորքերի մասին օրենքի համաձայն՝ զորքերն իրավունք չունեն միջամտել եւ խառնվել խաղաղ ցույցերին։ Զորքերի վրա դրված չէ նաեւ պետական շենք-շինությունները հսկելու գործառույթը։ Ինչո՞ւ են զորամասից զորքերը դուրս բերվում, օրինակ, կառավարության շենքը հսկելու համար, եթե չունեն նման գործառույթ։

- Ոստիկանության զորքերը հասարակական կարգն են պահպանում, ապահովում են անվտանգությունը։ Դա այն պրոֆիլակտիկ աշխատանքն է, որ մենք միշտ անում ենք։ 

- Վահե Ղազարյանը հաճախ է ասում, որ իր օրոք հատուկ միջոց չի կիրառվում ցույց ցրելու համար։ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած սեպտեմբերյան ցույցերի ժամանակ ոստիկանության հատուկ նշանակության վաշտը լուսաձայնային նռնակներ նետեց քաղաքացիների վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ինչո՞ւ ոստիկանությունը թույլ չի տալիս քաղաքացուն՝ իրացնել ցույց անելու իր սահմանադրական իրավունքը։ 

- Մենք քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացման ժամանակ ապահովում ենք հասարակական կարգը, եւ ես ուղղակի զարմանում եմ Ձեր հարցից, քանի որ ինքներդ ականատես եք եղել, թե այդ բողոքի ակցիայի ժամանակ ինչ մեծության քարեր էին նետում ոստիկանության ծառայողների վրա, որի ժամանակ շուրջ 20 ոստիկան մարմնական ծանր վնասվածքներ ստացավ։ Ցույցը վերածվեց զանգվածային անկարգության։

- Կան կասկածներ, որ Ձեր նշած զանգվածային անկարգությունները հրահրում են քաղաքացիական հագուստով քրեականի օպերները։ Ինչո՞ւ են ոստիկանները ցույցերին «ծպտվում» քաղաքացիական հագուստի տակ։

- Սուտ են օպերների հասցեին հնչող մեղադրանքները։ Երբ ասում ենք՝ օպերատիվ ծառայողներ, դրանով ամեն ինչ ասված է։ Ոստիկաններն այս համատեքստում կարող են քաղաքացիական հագուստով ծառայություն իրականացնել։ Ինչ վերաբերում է այդ օրը տեղի ունեցած զանգվածային անկարգությանը, նշեմ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, քաղաքացիական անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, եւ գործն ուսումնասիրելով կպարզեք, թե ովքեր են հրահրել անկարգություններ։ 

- Հանցագործությունների աճի հետ կապված տեսակետ կա, որ դա պայմանավորված է, այսպես կոչված, օրենքով գողերի դեմ պայքարով։ Եթե, օրինակ, նախկինում փողոցային «բազարները» թաղային հեղինակությունների միջոցով արագ լուծվում էին, հիմա դրանց դեմն առնող չկա, եւ շատ դեպքերում վեճերն ավարտվում են սպանություններով։ 2020-2023թթ․ ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գող»-ի կարգավիճակ ունեցող 13 անձի նկատմամբ, որոնցից 4-ի քրեական հետապնդումը դադարեցվել է, 1-ը գտնվում է ՔԿՀ-ում, 2-ը հետախուզման մեջ է, 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ 4-ի նկատմամբ դատարանի կողմից ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ Եթե կոնկրետ անձի նկատմամբ չկա հայտարարված հետախուզում, ինչո՞ւ նա չի կարող գալ Հայաստան։

- Մասնավոր դեպքերի մասին եք երեւի խոսում։ Հայաստանում կա օրենք, եւ բոլորը պետք է ենթարկվեն այդ օրենքին։ 2020թ․ Քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, հոդված է փոխվել, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալ, ստանալ, պահպանել, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցել, ներգրավվել, կամ բարձրագույն աստիճանակարգություն ունեցող անձին դիմելը քրեորեն պատժելի է։ 

- Օրենքի փոփոխությունից հետո Հայաստանում «օրենքով գողերի» «սխոդկաներ» եղե՞լ են։

- 2020-ից մինչ օրս 72 նման դեպք է արձանագրվել։ Հայաստան գալը ցանկացած անձի սահմանադրական իրավունքն է, կարող է ազատ տեղաշարժվել, ինչի՞ մասին է խոսքը։ 

- Մեր տեղեկություններով՝ այս պահին Հայաստանում են գտնվում Զապը, Օշականցի Գեւորիկը, Ալոն, ովքեր իշխանությունների հետ առնչություն ունեն, ինչով պայմանավորված՝ ոստիկանությունը կաշկանդված է։ 

- Քրեական ոստիկանությունը ոչ մեկին հանգիստ չի թողել։ Ցանկացած անձ, անկախ իր անունից ու ազգանունից, մականունից, եթե օրենքով արգելված որեւէ գործողություն անի, դրան կհետեւի քրեական ոստիկանության կոշտ ու կոպիտ արձագանքը։ 

- Չնայած ոստիկանությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի է հայտարարել, այդուհանդերձ, մտահոգություններ են հնչում բանակում եւ դպրոցներում թմրանյութերի տարածման վերաբերյալ։ Ի՞նչ կասեք։

- Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մեր ուշադրության կենտրոնում է ամեն օր։ Քրեական ոստիկանությունը վերջերս մոտ 12 կիլոգրամ ապօրինի շրջանառության դեպք բացահայտեց, որ Հայաստան էր մտել Իրանից։ Վերջերս մոտ 880 գրամ թմրամիջոց հայտնաբերվեց երկու քաղաքացիների մոտ։ 

- Փաստորեն, այս ծավալի թմրանյութ է հայտնաբերվել արդեն Հայաստանի տարածքում, իսկ ինչպե՞ս են կարողացել անցկացնել սահմանը, որ այն չի արձանագրվել ՊԵԿ-ի եւ ԱԱԾ-ի կողմից։ 

- Ես չգիտեմ, թե ինչ ճանապարհով են անցկացրել, մենք այն հայտնաբերել ենք արդեն ՀՀ-ի ներսում։