Կարեն Անդրեասյանը Դատական դեպարտամենտն էլ է գործիք դարձրել

Կարեն Անդրեասյանը Դատական դեպարտամենտն էլ է գործիք դարձրել

Կարեն Անդրեասյանը որոշել է դատական համակարգը քարուքանդ անել եւ դրանում նրան ակտիվ օգնողներ կան՝ ԲԴԽ մյուս անդամները, որոնք կոչված են օրենքն ու դատական համակարգը պաշտպանել, հնազանդորեն ենթարկվում են Անդրեասյանի կամքին։ Հիմա էլ սկսել է օգտագործել Դատական դեպարտամենտը։ Քիչ առաջ Դատական դեպարտամենտից գրություն ստացանք, որով արձանագրել են Քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի բացթողումը։ Սրանով կամ հող են նախապատրաստում Պապոյանին այդ պաշտոնից հեռացնելու համար, կամ՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր են պատրաստում։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Կարեն Անդրեասյանը՝ ոտնահարելով Սահմանադրությունը, փորձել էր Վերաքննիչ քրեական դատարանի ստվերային նախագահ ընտրել՝ ԲԴԽ էր հրավիրել Վերաքննիչի դատավորներին, սակայն նրանք հրաժարվել էին օգնել նրան այդ հարցում։

Ներկայացնում ենք Դատական դեպարտամենտի հաղորդագրությունը․

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտին իր անուն-ազգանունը դատական գործերի բաշխման ցանկից նվազագույնը 2 ամսով հանելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ի թիվս այլնի, նշել է, որ հինգ տարբեր դատական կազմերում ներգրավվել է որպես դատական կազմի դատավոր, ինչը հավելյալ ծանրաբեռնվածության պատճառ է  դարձել:

Դատավորի դիմումի հիման վրա՝ ՀՀ Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2023 թվանակի մարտի 20-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի մակագրությամբ՝ Ռ. Մխիթարյանը մեկ տասնյակից ավելի գործերով ընդգրկվել է տարբեր կազմերում՝ որպես դատական կազմի դատավոր:

Բացի այդ՝ դատավոր Ռ. Մխիթարյանը հայտնել է, որ դատական կազմերում ներգրավված լինելու մասին տեղեկացել է ներգրավվելուց հետո, ուստի իր կողմից որևէ համաձայնություն դրանցում ներգրավվելու մասով չի տրվել:
Հարկ ենք համարում նշել, որ դատական կոլեգիալ կազմերի ձևավորման, դատական գործերի բաշխման, ինչպես նաև համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատական գործերի վերաբաշխման հետ կապված  իրավահարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հնարապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ԲԴԽ-16-Ն-6 որոշմամբ սահմանված կարգով:
Ըստ նշված որոշման Հավելված 2-ի, 3-րդ գլխի 11-րդ կետի՝ դատարանների նախագահներն են փոխարինում դատական կազմերի բացակայող դատավորներին՝ բացառությամբ դատարանի նախագահի կողմից վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցության անհնարինության դեպքերի։

Ստացվում է, որ  ԲԴԽ  որոշմամբ սահմանված կարգը շրջանցվել է, որի հետևանքով վատթարացնող իրավիճակ է ստեղծվել դատավոր Ռ. Մխիթարյանի համար՝ ավելացնելով նրա ծանրաբեռնվածությունը:
Դատական դեպարտամենտը կարևոր է համարում ևս մեկ անգամ ընդգծել վերոնշյալ որոշման պարտադիր բնույթը բոլոր համապատասխան պաշտոնյաների համար և հույս է հայտնում, որ Բարձրագույն դատական խորհրդի այս և այլ որոշումների դրույթներն այսուհետ անշեղորեն կկատարվեն:

ՀՀ Դատական դեպարտամենտ»: