Թու մարդ ասողիդ

Թու մարդ ասողիդ

Մարդու անձը դառնա պատերազմի ու զոհերի մեղավոր (նույնիսկ եթե ոչ ուղիղ մեղքի, այլ քաղաքական պատասխանատվության իմաստով): Մարդու անձը դառնա Արցախի կորստի մեղավոր (նույնիսկ եթե ինքն ու իր թիմն ուրիշներին են մեղադրում դրանում): Մարդու անձը դառնա հանրային պառակտման ու ատելության, ագրեսիվ խոսքի տարածման ու քաղաքական խոսույթը «պլինտուսի» մակարդակի իջեցնելու մեղավոր (նույնիսկ եթե հանրությունն էլ է մեղավոր դրանում): Մարդը դառնա հող հանձնելու, պարտությունների սիմվոլ (ինչքան էլ որ ասի` նախկիններն են տվել, Ալմա-Աթայի հռչակագրով ու վարչատարածքային բաժանմամբ է ամեն ինչ կանխորոշվել): Մարդը փողոց փակելու, Ազգային ժողովը, դատարանները շրջափակելու ապօրինի ակցիաների հեղինակ լինի եւ դրանով հայտնի լինի (հիմա փողոց փակողների դեմ զորք հանի):

Մարդը խոստանա Հրապարակում հաշվետվություն տալ, Հրապարակի հետ որոշումներ կայացնել, բաց ու թափանցիկ գործել, իսկ հիմա միանձնյա հող հանձնի, սահմանազատում անի, գյուղեր ու ճանապարհներ տա: Մարդը խոսի փշալարերի ժանգոտվելուց, ինստիտուտները կայացնելուց, բյուջեն խնայելուց, հետո ինստիտուտները ոչնչացնի, բյուջեն սեփական հայեցողությամբ ու անխնա ծախսի, վերջում էլ փշալարերը բերի շարի մայրաքաղաքում: Մարդը 15 տարի խոսի Մարտի 1-ից, բանակը ժողովրդի դեմ հանելուց, Ղարաբաղից զորք բերելուց, հիմա ոստիկանության կրկնապատկված զորքը հանի ժողովրդի դեմ, բոլոր մարզերից ոստիկաններ տեղափոխի Երեւան, մահակներով ու սաղավարտներով զինված մարդկանց կանգնեցնի խաղաղ ժողովրդի առաջ, որը կարող էր շատ վաղուց իր հարցերը լուծել, բայց ուզում է, որ նա անցնցում, հանգիստ հեռանա` առանց արյուն թափելու: Մարդն Ազգային ժողովում կռիվ հրահրի, պատգամավորներ ծեծել տա... Ու շարունակի պաշտոնավարել: