Յոթ երգ

Յոթ երգ

Խաղաղության դարաշրջան, խաղաղության պայմանագիր, խաղաղության խաչմերուկ․․․ Այստեղ են ասել՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին։ Իհարկե, խաղաղությունից լավ բան չկա, եւ անգամ ուրիշ պետության վրա հարձակում գործած ագրեսորներն են մեր ժամանակներում խոսում խաղաղությունից։ Մեզանում «խաղաղություն» տերմինը դարձավ մեր լեքսիկոնի եւ հատկապես՝ իշխանական հռետորաբանության անբաժան մաս 2020 թվականի ողբերգական պատերազմից հետո։ Բայց խուրմա ասելով՝ բերանդ չի քաղցրանա, խաղաղություն կանչելով՝ խաղաղության չես հասնի։ Կհասնես նրան, որ կվարկաբեկես այդ գեղեցիկ գաղափարն ու կարժեզրկես այդ բառի իմաստը, ինչը որ արեցին ՀՀ իշխանությունները՝ 2020 թվականից սկսած աղերսելով, մուրալով, տենչալով խաղաղություն եւ միաժամանակ՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով «խաղաղության» եզրույթից եւ հաստատումից։

Անշուշտ, հասկանում ենք, որ Փաշինյանի կառավարությունը խաղաղություն բառը քարոզչական նպատակներով է գործածում եւ ուզում է ագրեսորի ֆոնին հատկապես երդվյալ խաղաղասեր երեւալ, քանզի աշխարհը հոգնել է իր պատերազմներից եւ լսել անգամ չի ուզում ուրիշի պատերազմի մասին։ Նրա ականջին հաճելի է «խաղաղություն» բառի կրկնությունը, անգամ եթե այն բովանդակազուրկ է եւ սին։ Աշխարհը նաեւ հասկանում է, որ իր սուվերենությունը կորցրած եւ տաշեղի նման օվկիանոսում տարուբերվող Հայաստանի բուռն ցանկությունը՝ խաղաղության հասնելու ուղղությամբ, առոչինչ է։

Ոչ մի խաղաղություն թղթերով ու համաձայնություններով չի ապահովվում։ Քանի դեռ ագրեսորին չեն զսպել եւ նրա՝ պատերազմ տենչացող թաթիկներին չեն հարվածել, նա շարունակելու է իր ռազմաշունչ քաղաքականությունը՝ ծիծաղելի դրության մեջ դնելով պարտված, վախեցած եւ խաղաղություն մուրացող հնամենի մի երկրի՝ Հայաստանին։