Երեխա ունենալու իրավունքը 

Երեխա ունենալու իրավունքը 

Օրերս ռուսական լրատվական կայքերը հայտնել էին, որ միասեռ ամուսնություններն օրինականացնելու միջնորդությունն Ուկրաինայի նախագահի կայքում ստացել է անհրաժեշտ թվով (25 հազար) ձայներ։ Ուկրաինական օրենսդրության համաձայն, նախագահ Վլադիմիր Զելենսկին պարտավոր է դիտարկել այն։ Իսկ Զելենսկին, բնականաբար, ոչ միայն կդիտարկի, այլեւ երկրի խորհրդարանին «կհորդորի» կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն: Իսկ որ այդպես կլինի՝ կասկած լինել չի կարող, քանի որ դա ի՞նչ խնդիր է, որ կյանքի չկոչվի հանուն Եվրոպական Միություն մուտք գործելու: Էլ չեմ խոսում բազմամիլիարդ դոլարային ներարկումների եւ այդ գումարին տասնապատիկ գերազանցող սպառազինության հատկացման մասին:
Արդյունքում նույն սեռի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ընտանիք կազմելու եւ այն հաստատող պաշտոնական փաստաթուղթ ունենալու։ Եվ քանի որ նրանք ունենալու են նույն իրավունքները, ինչ ավանդական զույգերը, ապա կարող են ունենալ եւ կամ որդեգրել նաեւ զավակներ:

Զուտ տեխնիկական առումով իգական սեռի ներկայացուցիչների միասեռ ընտանիքն ավելի շահեկան վիճակում կլինի, քան տղամարդկանցը: Անհրաժեշտ սերմնահեղուկը կարող են ստանալ համապատասխան հաստատությունից, իսկ պտուղ կրելու պատրաստ սուբյեկտ գտնելու խնդիր էլ չի առաջանա: Սակայն զուտ տղամարդկանցից բաղկացած ընտանիքի դեպքում այդ առումով կարող են ծագել թե՛ տեխնիկական եւ թե՛ ֆինանսական խնդիրներ: Նախ, պետք է գտնել իգական սեռի որեւէ առողջ անձի, ով կհամաձայնի իր մարմնում կրել պտուղը: Իսկ ինն ամիս տեւող հասունացումից եւ երեխա ծնելուց հետո նրան տալ ուրիշին: Երկրորդ․ ողջ այդ գործընթացն առանց լուրջ ֆինանսական ծախսերի դժվար թե գլուխ բերվի: 

Ինչպես երեւում է, զուտ տեխնիկական խնդիրը վերաճեց ֆինանսականի, իսկ այնուհետեւ՝ հոգեբանականի: Բայց կա նաեւ մարդու իրավունքների խնդիր, տվյալ դեպքում՝ երեխայի: Մարդու եւ հատկապես երեխայի իրավունքները հարգելն ու պաշտպանելը դրոշ դարձրած Արեւմուտքը, չգիտես ինչու, ներկայացվածի առումով կույր է եւ խուլ: Եվ քանի որ ո՛չ տեսնում եւ ո՛չ էլ լսում է, ապա, բնականաբար, նաեւ չի մտածում Աստծուց տրված՝ բնականոն, այսինքն՝ հայր եւ մայր ունենալու՝ երեխայի իրավունքի ոտնահարման երեւույթի մասին: Եթե ծնողը (խոսքը նորմալ ընտանիքի մասին է) դաստիարակության խստության առումով ինչ-որ չափով չափն անցնի, ապա պետական համապատասխան կառույցն անմիջապես կարձագանքի դրան: Եվ տվյալ ծնողը խնդիրներ կունենա ծնողական իրավունքի առումով: Բայց առանց երեխայի կամքը հարցելու՝ նրան կարող են պարտադրել ոչ թե հայր եւ մայր, այլ նույն սեռի «ծնող 1-ին» եւ «ծնող 2-րդ» ունենալու հեռանկարը: Ինչն արդեն նորմալ է դիտվում արեւմտյան քաղաքակրթության կողմից: Եվ երեխայի հոգեկան աշխարհը խեղաթյուրող երեւույթը կդիտվի որպես առաջադիմական:

Կարող է ասվել, որ նորմալ ընտանիքներում եւս առաջանում են խնդիրներ, երբ ծնողները բաժանվում են: Բայց այդ դեպքում երեխան գիտակցում է, թե որքան վատ բան է դա, եւ մեծանալով՝ փորձում է չկրկնել ծնողների վարքագիծը: Տվյալ կանոնից կարող են լինել շեղումներ, սակայն խոսքը շեղումների մասին չէ: Իսկ միասեռ ընտանիքն ինքնին արդեն շեղում է, ինչը, որպես այդպիսին, կարող է չընկալվել երեխայի կողմից: Այսինքն՝ երեխան դա կարող է ընկալել որպես նորմալ երեւույթ: Եվ շարունակել այն իր կյանքում: Վերադառնալով Ուկրաինային՝ ասեմ, որ վերջինս բռնել է այդպիսի երկրի վերածվելու ճանապարհը, եւ դա նրա ընտրությունն է: Իհարկե, չէի ցանկանա, որ ուկրաինական «ժողովրդի ծառայի» օրինակն ընդօրինակման հիմք հանդիսանար մեր «ժողովրդի փրկչի» համար:

Խիստ «առաջադիմականների» շրջանում այս հոդվածը կարող է պատկերացում ստեղծել, թե հասարակական կազմակերպության նախկին անդամը վերածվել է անհանդուրժողականության կերպարի: Դրանց ի պատասխան ասեմ, որ, գիտակցելով բոլոր ժամանակներում եւ հասարակություններում նման անձնավորությունների առկայությունը, դեմ չեմ երջանիկ լինելու նրանց իրավունքին: Սակայն այն չպետք է դժբախտ դարձնի թեկուզ մեկ երեխայի, որը, իր կամքից անկախ, կդառնա այդ զույգերից մեկի զավակը: Նրանց իրավունքների իրականացումը չպետք է ոտնահարի այլ անձանց եւ հատկապես երեխաների իրավունքները: Ասվածի դեմ, կարծում եմ, ոչինչ չունեն ասելու միասեռ ամուսնությունների ջատագովները: