Նախկին դեսպանը կմասնակցի՞ ռեկտորի ընտրություններին

Նախկին դեսպանը կմասնակցի՞ ռեկտորի ընտրություններին

ԵՊՀ ռեկտորի սպասվելիք ընտրությունների վերաբերյալ քննարկումները շարունակում են թեժ մնալ։ Այս պահին 3 թեկնածու կա, որոնք ամենայն հավանականությամբ կմասնակցեն ընտրություններին՝ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը։

ԵՊՀ մեր աղբյուրները փոխանցեցին, որ շրջանառվում է ևս մեկ թեկնածուի անուն, խոսքը արաբագետ Ռուբեն Կարապետյանի մասին է, որը տարբեր երկրներում եղել է ՀՀ դեսպան՝ Պորտուգալիայում, Խորվաթիայում, Մալթայում և այլն։ Մենք տեղեկացանք նաև, որ համալսարանը հաստատել է Կարապետյանի թեկնածությունը պրոֆեսորի գիտական աստիճան ստանալու համար, ինչը պարտադիր է ռեկտորի ընտրություններին մասնակցելու համար, վերջինիս դիմումը ուղարկվել է ԲՈԿ։

Այս տեղեկությունը հաստատեց նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։ Նրան հարցրինք, թե հնարավո՞ր է, որ 1-2 շաբաթում քննեն Կարապետյանին պրոֆեսորի կոչում տրամադրելու հարցը՝ նկատի ունենալով, որ ռեկտորի ընտրությանը մասնակցելու հայտերի գրանցմանը մոտավորապես այդքան ժամանակ է մնացել։ Գոգյանն ասաց, որ դեռ չեն ուսումնասիրել Կարապետյանի որակավորման գործը, և չեն կարող ասել, թե որքան ժամանակ կտևի՝ «Ընդհանրապես դեպքեր եղել են, բայց հիմա չեմ կարծում, որ այդքան շուտ հասցնենք նայել»,- ասաց Գոգյանը ։

Մենք զրուցեցինք նաև Ռուբեն Կարապետյանի հետ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ ներկա պահին ռեկտոր դառնալու մտադրություններ չունի, սակայն ապագայում չբացառեց՝ ասելով, որ հետագայում կյանքը ցույց կտա։ Հարցրինք, թե այդ 1-2 շաբաթում հանարավո՞ր է, որ առաջադրվի, կրկին ասաց, որ ներկա պահին նման մտադրություններ չունի, և այլ բան ասել չի կարող։

Նշենք, որ ԵՊՀ-ում խոսում են, որ Կարապետյանը վայելում է Արայիկ Հարությունյանի աջակցությունը, և եթե առաջադրվի, ապա Հարությունյանը հենց նրա թեկնածությունը կպաշտպանի։