Փաշինյանն ամերիկացիներին խնդրում է չպայթեցնել իր տնտեսական աճի փուչիկը

Փաշինյանն ամերիկացիներին խնդրում է չպայթեցնել իր տնտեսական աճի փուչիկը

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կոմպլեմենտար քաղաքականություն վարելու փորձեր է կատարում. մի կողմից ամերիկացիներին դուր գալու համար վարկաբեկում է ՀԱՊԿ-ն, Հայաստանում ռուսական ռազմաբազան համարում Հայաստանի համար անվտանգային սպառնալիք, հրաժարվում մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, թեկնածու չի առաջադրում ՀԱՊԿ ղեկավար կառույցներում, պատրաստակամություն է հայտնում մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, մյուս կողմից էլ Ռուսաստանին օգնում է՝ շրջանցել ամերիկյան պատժամիջոցները, այսպես կոչված, զուգահեռ ներմուծման միջոցով Ռուսաստան առաքելով եվրոպական երկրների արտադրության բարձրտեխնոլոգիական ապրանքներ: Եվրոպացիները դեմ չեն, որ իրենց արդյունաբերական արտադրանքը վաճառվի Ռուսաստանում, թեկուզ Հայաստանի միջնորդությամբ, նրանք, մեծ հաշվով, հարկադրված են միացել Ամերիկայի կողմից թելադրվող պատժամիջոցներին, որն ավելի շատ ուղղված է եվրոպական արդյունաբերական պոտենցիալի թուլացմանը, այլապես իրենց արտադրանքը չէին վաճառի հայկական ընկերություններին եւս՝ տեղյակ լինելով, որ Հայաստանի նման երկիրը բարձրտեխնոլոգիական արտադրանքի կարիք չունի, կամ գնումներն էականորեն գերազանցում են մեր ներքին պահանջարկը:

Այս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանում ԱՄՆ երրորդ բարձրաստիճան պաշտոնյան: Այս պահին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոն, ով հանդիպումներ է ունենում տարբեր պետական պաշտոնյաների հետ: Նրանից առաջ Հայաստան էին եկել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն եւ ԱՄՆ առեւտրի նախարարի օգնական Թեա Քենդելին: Վերջին երկուսը երեւի քննարկել են ամերիկյան պատժամիջոցներին հետեւելու անհրաժեշտության հետ կապված տեխնիկական բնույթի հարցեր, իսկ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, հավանաբար, կփոխանցի ԱՄՆ իշխանությունների զգուշացումը, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել ամերիկյան պատժամիջոցներին չհետեւելը:
ԱՄՆ պատվիրակությունների հայաստանյան այցերի արանքում Փաշինյանը Ծաղկաձորում է հավաքում, այսպես կոչված, վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը եւ հայտարարում, որ 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 12,4 տոկոս է, եւ այդ ցուցանիշով Հայաստանն աշխարհում չորրորդն է: Փաշինյանն ասում է, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով եւս տնտեսական աճը շարունակում է մնալ երկնիշ, եւ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 տոկոսից ավելի է: Իսկ ինչի՞ հաշվին է այդ տնտեսական աճը. Հայաստանում նոր արտադրություննե՞ր են հիմնվել, Հայաստանը սկսել է մեքենաներ, սարքավորումնե՞ր, թե՞ միկրոչիպեր արտադրել ու արտահանել: Եթե Հայաստանի տնտեսական աճից հանենք զուգահեռ ներմուծումը, ապա կարող է պարզվել, որ Հայաստանի տնտեսական աճը փուչիկ է, նման բան չկա, հնարավոր է նույնիսկ պարզվի, որ ունենք տնտեսական անկում, որովհետեւ տնտեսության վիճակը ողբերգական է, չհաշված շինարարությունը, որը եւս որոշակի կապ ունի Ռուսաստանում տեղի ունեցող պրոցեսների հետ:

Նման թվեր հրապարակելով եւ հպարտանալով իր կառավարության «տնտեսական հաջողություններով»՝ Փաշինյանն ամերիկյան իշխանություններից խնդրում է խղճալ իր իշխանությանը եւ չտրաքացնել այն փուչիկը, որի վրա նստած է իր իշխանությունը: Որովհետեւ եթե ամերիկյան իշխանությունները շատ կոշտ պահանջ դնեն՝ դադարեցնել Ռուսաստանին զուգահեռ ներմուծման հարցում օժանդակելը, սպառնալով, որ դրանց չենթարկվելու դեպքում Հայաստանը, այդ թվում՝ ՀՀ բանկային համակարգը, կենթարկվի պատժամիջոցների, Փաշինյանի հայտարարած տնտեսական աճից ոչինչ չի մնա, տեղի կունենա տնտեսական անկում, այն էլ՝ մեծ մասշտաբների`երկնիշ թվերի: Փաշինյանը, ով հիմա հայ հասարակությանը համոզում է՝ ոչինչ, որ Արցախը կորցրի, ոչինչ, որ թշնամին Սյունիքում եւ մյուս մարզերում առաջ է գալիս, բայց Հայաստանի մնացած մասում շարունակում է տնտեսական զարգացումը, տնտեսական կոլապսից հետո ոչինչ չի ունենա ասելու: 

Ամերիկյան իշխանություններին Փաշինյանի եւ նրա կառավարության ճակատագիրն ամենեւին էլ չի հուզում: Տարբեր հաշվարկներով՝ ամերիկյան տնտեսությունն այս տարի կարող է հետընթաց ապրել, ամերիկյան քաղաքացիներն արդեն իրենց գրպանի եւ կենսամակարդակի վրա են զգում ամերիկյան աշխարհաքաղաքական ամբիցիաների բավարարման ազդեցությունը, ինչն ուղղակիորեն ազդում է ամերիկյան իշխանությունների նկատմամբ ընտրողների վերաբերմունքի վրա: Նման պայմաններում մտորել, որ ամերիկացիները կարող են մտածել Փաշինյանի իշխանության կամ այդ իշխանության վարկանիշի զրոյացման մասին, միամտություն կլինի: Ամերիկացիներն իրենց քաղաքացիներին կարող են բացատրել, որ դժվարությունները ժամանակավոր են, որ Ռուսաստանին հաղթելուց եւ նրա ռեսուրսներին տիրանալուց հետո կյանքը նորից կէժանանա եւ կբարելավվի, որովհետեւ կայսրությունն իր քաղաքացիների բարեկեցությունն ապահովում է այլոց հաշվին: 

Բայց չէ՞ որ Փաշինյանի իշխանությունը պրոամերիկյան է, պրոարեւմտյան, ինչո՞ւ նրանք պետք է շահագրգռված լինեն այդ իշխանության տապալման մեջ: Ամերիկյան պատկերացումներով՝ պրոամերիկյանն այն իշխանությունն է, որն անվերապահորեն կատարում է ամերիկյան վերադասից իջեցված հրահանգները՝ չքննարկելով անգամ, թե որքանով են դրանք համապատասխանում երկրի ազգային կամ իշխանությունում գտնվողների նեղ անձական շահերին: Եթե այդ հրահանգները չեն կատարվում, կամ մի բան ասվում է, իսկ տակից բոլորովին այլ բան է արվում, դա արդեն անհանդուրժելի է: 

Պատահական չէ, որ այս օրերին ցուցադրաբար ԱՄՆ մեկնեց ու Սպիտակ տան ֆոնին նկարվեց «Սասնա ծռեր» խմբավորման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: Սա բացահայտ ակնարկ էր Փաշինյանի իշխանությանը, որ իրենք միշտ էլ կարող են գտնել ընդունելի փոխարինող, ով կկատարի իրենց ցանկացած հրահանգ եւ պատվեր, մնացածը դու մտածիր ու հստակ պատասխանիր մեր կողմից ուղարկված պատվիրակությանը: Փաշինյանը ծանր ընտրության առաջ է. ցանկացած պատասխան իր եւ իր իշխանության համար կարող է կործանարար լինել. ամերիկացիներին մերժել ոչ մի կերպ չի կարելի, իսկ համաձայնելը կբերի տնտեսական քաոսի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզման:

Ավետիս Բաբաջանյան