Քաղհասարակությունը պետական մարմին չէ, որ փոխվի

Քաղհասարակությունը պետական մարմին չէ, որ փոխվի

2018-ից հետո Հայաստանի քաղհասարակության նախկին կազմը պասիվացել է: Այն, ինչ մեզանում կատարվում է, երբեմնի ակտիվ իրավապաշտպանների աչքից կա՛մ վրիպում է, կա՛մ նրանք դատապարտելի ոչինչ չեն տեսնում: Պատճառն այն է, որ նրանք 2018-ի հեղափոխության ակտիվ մասնակիցներն էին եւ 18-ից հետո իշխանության մաս են դարձել: Առաջ իրավապաշտպաններն ակտիվորեն բարձրաձայնում էին խնդիրների մասին`  մարդու իրավունքներ, բնապահպանական, քաղաքաշինական խնդիրներ, բռնություն, խոշտանգումներ բանակում, ոստիկանությունում եւ այլն: Զեկույցներով, հաշվետվություններով էին հանդես գալիս: Նրանց վերլուծություններն ընդգրկվում էին միջազգային կառույցների տարեկան զեկույցների մեջ: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավանդույթները շարունակվում են` այդ փորձագիտական զեկույցները շարունակում են գրվել. «Օրինակ, մեր ոլորտի` քրեակատարողական հիմնարկների հետ կապված զեկույցները ներկայացնում ենք արդարադատության նախարարություն: Կանանց իրավունքներով զբաղված ՀԿ-ներ կան, կան բանակի հետ առնչվող իրավապաշտպաններ, նրանք հավաքագրում են, օրինակ, մահվան դեպքերը, տարբեր զեկույցներ են գրում: ՀԿ-ների զեկույցները շատ տարբեր են` մասնագիտացված: Քրեակատարողական հիմնարկների թեմաներով, օրինակ, ներկայացվում է ամենամյա զեկույց` դիտորդների կողմից:

Վերջին զեկույցը եղել է նախորդ տարի, այս տարվանը նոր եմ պատրաստում: Անդրադառնում ենք քրեակատարողականների պայմաններին, մահվան դեպքերին, խոցելի խմբերի իրավունքներին եւ այլն: Զեկույցը ներկայացնում ենք պետական մարմիններին, որը պատասխանատու է խնդիրների համար»: Մենք հետաքրքրվեցինք, թե ովքեր են զեկույց գրողները` 2018-ից հետո փոխվե՞լ է կազմը, Զարուհի Հովհաննիսյանն ասաց. «Քաղհասարակությունը պետական մարմին չէ, որ փոխվի: Կազմը շատ հարաբերական է: Դրանք ՀԿ-ներ են, որտեղ մարդիկ գնում եւ աշխատում են: Չեմ կարող ասել, թե ՀԿ-ն ինչպես է աշխատում: Բարդ հարց է դա»:

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ների վիճակին, ապա. «Կան խնդիրներ, որոնք շարունակում են մնալ չլուծված, օրինակ` պահման պայմանները, թեպետ պետությունը փորձում է մասնակի նորոգման աշխատանքներով ծածկել ամենամեծ խնդիրները` օրինակ, ջրամատակարարման խնդիրներ լուծել եւ այլն, բայց համապարփակ ձեւով լուծումներ չկան, ուստի դիտորդների խումբն ամեն տարի ներկայացնում է պահման պայմանների հետ կապված խնդիրները, փորձում ենք մատնանշել, իսկ պատասխանն էլ հիմնականում այն է, որ պետությունը պատրաստվում է նոր ՔԿՀ-ներ կառուցել, որտեղ կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ»: