Փաշինյանին սպառնացող Շուշանյանին դատարանը պահում է կալանքի տակ

Փաշինյանին սպառնացող Շուշանյանին դատարանը պահում է կալանքի տակ

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը շարունակվում է գտնվել կալանքի տակ: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Վերջինիս խոսքով քրեական գործով նախաքննություն ավարտվել է և գործը դատարանում է` դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում:

Փաստաբանի խոսքով` առաջին իսկ դատական նիստի ժամանակ դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Շուշանյանի կալանքը.«Դատարանը մտահոգված է որ նա կարող է նոր հանցանք գործել կամ թաքնվել,սա կատարյալ անհեթեթություն է։ Այնքան կարճամիտ են, որ կալանքի տակ պահելով և չարգելելով տեղեկատվական տեխնոլոգիաներից (սոցիալական ցանցերից) օգտվելը (օրինակ՝ փաստաբանի միջոցով), կարծում են կարող են լռեցնել կամ իրենց պատկերացրած վտանգը չեզոքացնել։ Ի դեպ՝ վերաքննիչ բողոք էինք գրել, որը բողոքը մերժել է, թեև նշել է, որ թաքնվելու ռիսկ չի տեսնում, բայց նոր հանցանք կատարելու ռիսկը համարել է իրատեսական»:

Արայիկ Պապիկյանը վերջում ավելացրեց, որ այն հոդվածով, որով կալանավորված է Շուշանյանը (330.2) իր տեղեկություններով միայն նա է կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Մ.Շուշանյանը ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները: