Սա ընդդիմություն-իշխանություն դաշտում պետք չէ դիտել

Սա ընդդիմություն-իշխանություն դաշտում պետք չէ դիտել

Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի դեմքով, ուրբաթ եւ շաբաթ օրերին այցելել էր Արցախ։ Ռուստամյանն Արցախում հանդիպումներ է ունեցել ինչպես տեղի խորհրդարանական ուժերի, այնպես էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հիշեցնենք, որ վերջերս «պատմություն է դարձել» Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելը։ Ըստ Հարությունյանի խոսնակի՝ ԱՀ նախագահը չի կարող հանդիպել, մեկ բառով ասած՝ «հակահեղափոխական», Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դեմ ուժերի հետ։ Այս պատմությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Արցախի նախագահի հետ հանդիպում էր նախաձեռնել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Արմեն Ռուստամյանը, որը վերջին մեկուկես տարվա ընթացքում մեկուսացել էր՝ չէր երեւում, հարցազրույցներ չէր տալիս, հայտնվեց եւ հայտնվեց Արցախում։ Երեկ նա մեզ հետ զրույցում խոսելով Արցախ կատարած այցի մասին, ասաց, որ իր հետ նման խնդիր չի առաջացել՝ Արայիկ Հարությունյանը նորմալ ընդունել է իրեն։

«Ներքաղաքական հարցեր չեմ քննարկել, ես քննարկել եմ համահայկական բնույթ ունեցող հարցեր, այդ թվում՝ ռազմավարական դաշինքը հիմնականում։ Այդ ռազմավարական դաշինքը, անցած տարի, հիշում եք, չէ՞, մենք ունեցանք ֆորում Ստեփանակերտում, այ, դրան ընթացք տալու եւ դրա հետ կապված աշխատանքներն աշխուժացնելու պրոցեսի մասին ենք խոսել»,-ասաց պարոն Ռուստամյանը։

- Եվ ինչպիսի՞ն էր Արցախի ղեկավարության վերաբերմունքն այդ նախաձեռնության նկատմամբ։

- Էս նախաձեռնությանը նախ իրենք վաղուց «այո» են ասել, էն ժամանակվա ֆորումն այն էր, որ էնտեղ ներկայացված էր ամբողջ սպեկտրը, ընդ որում՝ Ղարաբաղի եւ Հայաստանի։ Եվ հիմա, իմ կարծիքով, առաջացել է հավելյալ անհրաժեշտություն եւ հիմնավորումներ, որ պետք է էս դաշինքը, գործը տարվի առաջ։

- Այսինքն՝ Դո՞ւք էիք նախաձեռնել՝ մեկնել Արցախ եւ հանդիպել նախագահի հետ։

- Նախաձեռնությունը, այո, իմն է եղել, որովհետեւ էնտեղ Արցախի կողմը, որը պետք է ներկայացվեր, սկզբունքն էդպես էր, որ, ըստ ֆորումի որոշման, Ղարաբաղը ներկայացված է լինում ըստ Ազգային ժողովի պատկերի, այսինքն, երեք ֆրակցիաները՝ երեք ներկայությամբ։ Հիմա, քանի որ ֆրակցիաները դարձել են հինգ, նաեւ կազմկոմիտեն այդ առումով վերաթարմացնելու խնդիր կար, եւ էն երկուսը, որոնք որ նոր են Ազգային ժողով մուտք գործել, նրանց հետ էլ ենք խոսել, բոլորն էլ համաձայն են, բոլոր ֆրակցիաներն էլ կունենան իրենց ներկայացվածությունը, եւ կազմկոմիտեն վերաթարմացված կազմով կսկսի էս պրոցեսն առաջ տանել։ 

- Իսկ ե՞րբ եք նախատեսում վերջնական ձեւավորել կազմկոմիտեն։

- Դե, ես ասել եմ, որ սա համազգային նշանակության խնդիր է, սա ընդդիմություն-իշխանություն դաշտում պետք չէ դիտել, եւ այդ պատճառով մենք պատրաստ ենք համակարգված դա անել, այնպես, որ չվնասենք բանակցային գործընթացին եւ դիվանագիտությանը, բայց, միեւնույն ժամանակ, հասունացնենք այս դաշինքի կնքման խնդիրը։

- Քանի որ վերջերս Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումների հետ կապված խնդիր առաջացավ, մասնավորապես՝ Արթուր Վանեցյանի ու նրա կուսակցության հետ հանդիպման առումով, հետաքրքիր է՝ Ձեր հանդիպումը հե՞շտ ստացվեց, Ձեզ որեւէ դաշտում չտեղավորեցի՞ն։

- Չէ, որեւէ նման վերապահում՝ իմ հանդիպման հետ կապված, չի արտահայտվել։ Մենք մեր տեսակետը հայտնել ենք այդ հայտարարության վերաբերյալ, Իշխան Սաղաթելյանը շատ հստակ մեր դիրքորոշումն արտահայտել է, եւ կարծում եմ՝ դրանից հետո սրբագրում է եղել, խոսնակն ինչ որ հայտարարել է, դա Արցախի Հանրապետության նախագահի տեսակետ չպետք է համարել։

- Արցախի ՀՅԴ-ն ինչպիսի՞ վերաբերմունք ունի թե՛ Հայաստանի ներքաղաքական կայնքի ու իշխանությունների նկատմամբ, թե՛ Արցախի իշխանությունների։

- Արցախի Դաշնակցությունը ՀՅԴ կառույցից դուրս չէ, ամբողջությամբ այն տրամաբանության մեջ է, որն այսօրվա Դաշնակցության մոտեցումներն են՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե այլուր։ Ցանկացած մեր կառույց այդ քաղաքականությունը կրողը, ներկայացնողն ու պատասխանողն է։

- Այսինքն՝ այնտեղի ՀՅԴ մոտեցումները չե՞ն տարբերվում Հայաստանի կառույցի մոտեցումներից։

- Չէ, իհարկե, չեն կարող տարբերվել։

- Իսկ Դուք Արայիկ Հարությունյանից՝ որպես Արցախի նախագահի, ի՞նչ տպավորություն ստացաք, ինքը կարողանո՞ւմ է ՀՀ իշխանություններից անկախ ու անկաշկանդ գործել։

- Այդ բնույթի հարցերին էլ չեմ պատասխանելու։

ՀԳ․ Նկատենք, որ թեեւ պարոն Ռուստամյանը պնդում է, որ Դաշնակցության կառույցների տեսակետները՝ լինի դա Արցախի, Հայաստանի, թե Սփյուռքի, իրարից չեն տարբերվում, սակայն առնվազն ՀՅԴ սփյուռքյան կառույցի մասով դա այդքան էլ այդպես չէ։ Նախորդ իշխանությունների օրոք Սփյուռքի դաշնակցականները մեծ մասամբ ընդդիմադիր էին, ու այնքան էլ նրանց սրտով չէր ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանական կամ պրոիշխանական կեցվածքը, իսկ հիմա էլ սփյուռքյան Դաշնակցությունն ավելի շատ է համակրում Հայաստանի իշխանություններին, ի տարբերություն հայաստանյան կառույցի, որը սուր ընդդիմադիր կեցվածք է որդեգրել Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության նկատմամբ։ Մյուս կողմից՝ Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանն էլ մեզ հարցազրույց էր տվել, որտեղ թեեւ հայտնել էր իրենց ընդդիմադիր կեցվածքի մասին, բայց նրա պատասխաններում նաեւ որոշակի լոյալություն էր նկատվում։