Հայրենիք հանձնելը հեչ, դրա մասին խոսելը մե՞ջ․Նիկոլին քննադատելու համար գույքի ու հաշիվների վրա կալանք են դրել

Հայրենիք հանձնելը հեչ, դրա մասին խոսելը մե՞ջ․Նիկոլին քննադատելու համար գույքի ու հաշիվների վրա կալանք են դրել

Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը երկարատև տրագիկոմեդիայի մեջ է։ Այն սկսվել է պատերազմական 2020 թվականի տագնապալի օրերին ու չի ավարտվում։ Լրագրողի հաշիվների ու գույքի վրա կալանք է դրվել միայն այն պատճառով, որ նա իր ֆեյսբուքյան էջում երկու գրառում է արել Փաշինյանի վերաբերյալ։ Մեկում գրել է` «ոնց որ թե տարածքների կորուստներն ունենք, որոնց մասին մեզ չեն ասում», երկրորդում էլ կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կոորդինացնել մեր կռիվը, և պետք է ՌԴ-ից ու ԱՄՆ-ից հայազգի զինվորականներ հրավիրել։

Կես ժամ անց Լիլիթի բնակարան են եկել ոստիկաններ ու պահանջել են ջնջել գրառումները, քանի որ դրանք խախտում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ կառավարության թիվ 1586 որոշման կետերը, որոնցով արգելվում է քննադատել կառավարությանը։

Լիլիթը հեռացրել է իր գրառումները, նշելով, որ սա չի նշանակում, թե հրաժարվում է իր կարծիքից։ Հաջորդ օրը նրան կանչել են ոստիկանության Կումայրու բաժին և հայտնել, որ նա իր` արդեն իսկ ջնջված գրառումների համար տուգանվելու է։ Մեկ ամիս անց, նոյեմբերի 23-ին ոստիկանությունից գրություն է ստացել առ այն, որ տուգանել են 300 հազար դրամի չափով։ Հետաքրքիր է` կին ոստիկանի կողմից իր շեֆին ուղարկած 37 թվի ոճով գրված զեկուցագիրը այն մասին, որ Աղեկյան Լիլիթի էջում «նկատվել է հակաքարոզչություն»:

«5 օր անց այդ նույն կինն ինձ զանգում է ու ասում, որ հանկարծ չմուծեմ, որովհետև օրենք է փոխվել»,- պատմում է Լիլիթը։ Այդ ժամանակ էր, որ վարչական դատարանը Արծվիկ Մինասյանի և մյուսների դիմումի հիման վրա, որոշում ընդունեց, որով կասեցրեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության որոշման` ազատ խոսքի սահմանափակումների վերաբերյալ կետերը։ Հետագայում նմանատիպ որոշում է կայացրել նաև Սահմանադրական դատարանը։ 

Մեկ տարի անց, Լիլիթը խելոք, իր տանը նստած, հանկարծ ԴԱՀԿ-ից թուղթ է ստանում` որոշում, որում գրված է, հարուցել կատարողական վարույթ, Լիլիթ Հրաչիկի Աղեկյանից ի օգուտ պետբյուջեի բռնագանձել 300 հազար դրամ, դրա 5 տոկոսը բռնագանձել որպես կատարողական գործողությունների ծախս, հայտարարել նրա գույքի նկատմամբ հետախուզում ու արգելանք դնել նրա գույքի ու հաշիվների վրա։

Ահա այսպես, ԴԱՀԿ-ն վաղուց հակասահմանադրական ճանաչված իրավական ակտի հիմքով կալանք է դնում քաղաքացու հաշիվների վրա, զուտ ոստիկանության դրդմամբ ու առանց խորանալու։ Բողոքները ՄԻՊ-ին և արդարադատության նախարարությանը, բոլորն անօգուտ են եղել։ Լիլիթ Աղեկյանը մի սև վերարկու ուներ, վերցնում է այդ վերարկուն, տանում  ԴԱՀԿ ու ասում է․ «Սա է իմ ունեցածը, տվեք Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին»։ 

Բայց ոստիկանության վարչական ակտը նաեւ ենթակա չէր կատարման, քանի որ դրա ընդունումից անցել էր ավելի քան երեք ամիս։ «Գիտեք, ինչո՞ւ են ընդունել կատարման։ Որովհետև իրենք տեսան, որ ես 21 թվի ընտրություններին նախորդող ընդդիմության ցույցերին էի մասնակցում։ Դրա համար էլ հիշեցին 300 հազարի մասին», - ասում է Լիլիթ Աղեկյանը։ 

Այսօր նա ուզում է գործարք կատարել իր անշարժ գույքի հետ, սակայն չի կարողանում, քանի որ գույքը կալանքի տակ է։ «Ես ժամանակին դիմել եմ նաև ԵՄ դեսպանին և ԱՄՆ դեսպանին, նրանց գրել եմ, որ սա ձեր ժողովրդավարական բաստիոնի արգասիքն է, դե ուրեմն, եկեք դուք մուծեք էս 300 հազարը։ Իրանք երկուսն էլ հրաժարական են տվել։ Ոչ Լին Թրեյսին հիմա կան, ոչ էլ ԵՄ դեսպան Վիկտորինը», - ասում է գյումրեցի լրագրողը։

Նա համարում է, որ իր գրառումները եթե անգամ քննադատություն էին պարունակում, ապա շատ մեղմ էին այն որակումների համեմատ, որոնք այն օրերին հնչում էին։ «ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանն ասաց, որ Նիկոլը թուլամորթ է, չի կարող կողմնորոշվել։ ԸՆդ որում, իմ գրառումից մի քանի օր անց Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց քարտեզը, թե ինչքան հողեր կային կարմիրով նշված», - վրդովվում է լրագրողը։

Ի՞նչ է ստացվում, հայրենիք հանձնելը` հեչ, դրա մասին խոսելը` մե՞ջ։