Ինչ պետք է անեին 2018-ին փողոցից ներխուժածները

Ինչ պետք է անեին 2018-ին փողոցից  ներխուժածները

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ ամառային արձակուրդների պատճառով ներքաղաքական պայքարը, կամ այն, ինչը շատերն անվանում են ներքաղաքական պայքար, ներծծվել է շոգի մեջ, կարելի է խոսել ավելի հիմնարարար թեմաներից, մի կողմ դեռ դնելով Արցախի խնդիրը: Սակայն, մինչ այդ, վերհիշենք վերջին 30 տարիների  ներքաղաքական կյանքի շարժիչ լծակների  մասին:

Անկախությունից ի վեր մեր հիմնական թեման եղել է սեփականության խնդիրը: 90-ից ձևավորված սեփականությունը հիմնականում եղել է անօրինական, հիմքում ունենալով բազմաթիվ հանցագործություններ: Իշխանությունն ու սեփականությունը միմյանց հետ եղել են սերտաճած, որի վրա և կառուցվել է քաղաքական համակարգի ճարտարապետությունը:
Պահել իշխանությունը, նշանակում է պաշտպանել ձեռք բերված սեփականությունը, պահել ամբողջական ոլորտների ու տարածքների վերահսկումը: Բնական է, որ քաղաքական պայքարի մեխը եղել է արդեն եղածը պահպանելն ու նորը ձեռք բերելը: Իսկ դա կատարվում էր  հասարակության «չար» ու «նախանձ» վերաբերմունքի պայմաններում: 

Բնական է, երբ հանրային կարծիքը համարում է, որ եղած սեփականությունն անօրինական է ու անարդար, ապա քաղաքական դաշտի մի կողմից պետք է սպասարկեր այդ սեփականության շահերը՝ բիզնեսի ու իշխանության սերտաճման պայմաններում, իսկ օրվա ընդդիմությունը քննադատեր «թալանչիներին», խորհրդարանում ձայներ ստանալու համար, իսկ դրանից հետո գնար սեպարատ պայմանավորվածության հենց այդ «հանցավոր» իշխանության հետ, իր փոքրիկ փայը ստանալու համար: Սա էր իշխանության «հաճախորդների» ինստիտուտի էությունը:
Հիմա գանք այսօրվա վիճակին: Ինչ պետք է անեին 2018-ին փողոցից պետական հաստատությունները ներխուժած անձեռնահասները, որոնք չունեին ոչ միայն աշխարհայացքային, փիլիսոփայական, տեսական պատկերացումներ, անգամ՝ պետական պրակտիկ հմտություններ: 
Կամ պետք է փոխեին այդ հին համակարգն, այսինքն իշխանությունը չպետք է սպասարկեր անօրինական սեփականության շահերը, դրանով ձևավորելով նոր կապիտալ ու նոր տնտեսկան-քաղաքական հարաբերություններ, կամ, երկրորդ տարբերակ, պետք է գործեր հին կանոններով, այսինքն գնալ սեփականության վերաբաշխմանը ու ստեղծել արդեն իր իշխանությանը սպասարկող սեփականատերերի դաս:

1-ին տարբերակի դեպքում պետք է հանրությանը փոխհատուցելու եղանակով օրինականացվեր արդեն եղած սեփականությունը, դրանով, մի կողմից հաշտեցնելով հանրության տարբեր շերտիրին, նաև թույլ տալ բիզնեսը բերել օրինական դաշտ, նրանց վրայից հանելով հանրային պարսավանքը, և դրանով նրանց հանել իշխանության կախվածությունից: Սակայն այդ տարբերակի դեպքում գործող իշխանությունը կկորցներ իր վերահասկողությունը այդ շերտի վրա, նաև չէր կարող անօրինական կերպով ինքն էլ հարստանալ:  Սա այն է, ինչը պետք է արվեր:

Սակայն ընտրվեց 2-րդ տարբերակը՝ իրականացնել սեփականության վերաբաշխում, ավելի սերտացնել իշխանության ու բիզնեսի ստվերային կապը, ստեղծել սեփական հաճախորդների քաղաքական ու տնտեսական ինստիտուտ, շանտաժի տակ պահել չհպատակվող «նախկիններին» ու դրա հիման վրա կառուցել իշխանության վերարտադրվելու հին մեխանիզմը: Մենք դեռ ընտրությունների կողծիքներ ու ընտրակաշառքներ էլ ենք տեսնելու գործող իշխանության կատարմամբ: Այլ տարբերակ էլ չկա, հին հարաբերությունների վերարտադրությունը  վերածնելու է իշխանության վերարտադրության հին եղանակները:

Այն, ինչը մենք հիմա ունենք, դա նախկին հարաբերությունների ավելի ակնառու, ավելի արատավոր, ավելի անկեղծ տարբերակն է: Հետևանքները նույնպես կանխատեսելի են, սակայն մի նոր հեղափոխության, մի նոր պատերազմի, մի նոր կորուստների ռեսուրս դժվար թե ունենանք: Վերջին ռեսուրսներն արդեն սպառվել են»: