Զարմանալի մտածողություն 

Զարմանալի մտածողություն 

«Հայկական կողմը շարունակում է կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»։ Սա ՀՀ ԱԳ նախարար Միրզոյան Արարատի կողմից բազմիցս բարձրաձայնված՝ Հայաստանի գործող իշխանության պաշտոնական տեսակետն է: Չնայած այն հանգամանքին, որ, ի տարբերություն նախկին ժամանակաշրջանի, 180 աստիճանով փոխվել է իրականությունը: Ինչի հերթական վկայությունը մենք ստացանք անմիջապես:

Խնդրեմ՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահական ձեւաչափի վերագործարկման մեր առաջարկները՝ ձայն բարբառո անապատի․․․»: Այս նախադասությունն էլ ԵԱՀԿ խորհրդարանական 29-րդ վեհաժողովին (հուլիսի 1-7-ը) մասնակցած ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումն է: Զգացի՞ք տարբերությունը: Պաշտոնական տեսակետը հղում է անում մի ձեւաչափի, որը կենդանության նշաններ չի ցանկանում ցուցաբերել: 

Ի դեպ, խմբի ամերիկյան եւ ֆրանսիական համանախագահողների կողմից անցյալ շաբաթ (կամ դրանից մի քիչ ավելի վաղ) հայտարարվեց, որ իրենք գործում են կամ պատրաստ են գործելու: Բնականաբար, մնում է, որ նույնը հայտարարի ռուսական կողմը: Եվ, ենթադրաբար, Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները կշարունակեն իրենց աշխատանքը նախկին եռանդով: Երբ Հայաստանի իշխանությունը գտնվում էր ոչ թե «ժողովրդի փրկիչ» Նիկոլի, այլ նախկիններից Սերժ Սարգսյանի ձեռքում: Բայց չմոռանանք, որ ռուսական կողմը հակառակ դիրքորոշումն է արտահայտել եւ կարծես թե պատրաստ չէ դրանից հրաժարվելու: Արդյունքում ստացվում է (համենայնդեպս, առաջին հայացքից), որ Մինսկի խմբի լիակատար գործելուն խանգարում է հենց Ռուսաստանի առկայությունն այնտեղ: 

Բայց եռանախագահությունից բացի, խմբում առկա են նաեւ հենց հակամարտող կողմերը (մնացածները հաշվի չեն): Իսկ Ադրբեջանի ղեկավարն էլ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում խմբի անդամների նկատմամբ: Քանի որ խումբը, ըստ նրա, չի կատարել խաղաղություն հաստատելու իր գործառույթը, ապա այն բանի պետք չէ: Հատկապես որ խնդիրն արդեն լուծված է ռազմական ճանապարհով, եւ խումբն էլ այլեւս անելիք չունի: Կրկին առաջին հայացքից թվում է, թե Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հարցում միակարծիք են: Իրականում այդպես չէ: Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը ղարաբաղյան կարգավորման հարցում ընդհանրական չեն: Եթե այդպես լիներ, ապա Ռուսաստանը կսպասեր Ստեփանակարտի հանձնմանն ու Արցախի լիակատար կապիտուլյացիային: Եվ ոչ թե կխոչընդոտեր այն ու 2000-անոց խաղաղապահ զորագունդ չէր տեղակայի Արցախի մնացած մասում: Ինչ մնում է Մինսկի խմբի առումով ՌԴ վերաբերմունքին, ապա այն հստակ է՝ խումբն այս պահին անելիք չունի: Խմբին կամ ընդհանրապես ղարաբաղյան խնդրին կարելի է վերադառնալ ավելի ուշ, երբ կկարգավորվեն հակամարտող կողմերի միջպետական հարաբերությունները: Հատկապես, որ դրան է ձգտում հայկական կողմը՝ ի դեմս Նիկոլի իշխանության:

Դա նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է կոնսերվացնել հակամարտությունը: Մի կողմից, դա ձեռնտու է Հայաստանին: Մենք հույս ունենք, որ ռուսական օգնությամբ դեռեւս հնարավորություն է առկա՝ պահպանելու Արցախի մնացած մասը: Հենց այստեղ է, որ ռուսական ու ադրբեջանական շահերը հակոտնյա են միմյանց: Վերադառնանք տիկին Գալստյանի գրառման սկզբին. «ԵԱՀԿ խորհրդարանական 29-րդ վեհաժողովն ամբողջությամբ նվիրված էր Ռուսաստանի դատապարտմանն ու նրա դեմ պատժամիջոցների խստացմանը»: Եվ հարց տանք ինքներս մեզ (Միրզոյան Արարատին հարց տալն իմաստ չունի)՝ եթե ԵԱՀԿ վեհաժողովում դատապարտվում է Ռուսաստանը, ապա ինչպե՞ս կարող է գործել ԵԱՀԿ մաս կազմող Մինսկի խումբը ռուսական համանախագահությամբ։ Իրականում եւ ոչ թե խոսքային մակարդակում: Այդպես չի լինում: Իհարկե, Արեւմուտքը կարող է փորձել Ռուսաստանին դուրս թողնել խմբի եռանախագահական ձեւաչափից եւ ընտրել մեկ այլ համանախագահող երկիր, ասենք, Թուրքիային: Եվ շարունակել իր գործունեությունն Արցախն Ադրբեջանի կազմում հաստատելու ուղղությամբ՝ ապահովելով, իր ասելով, արցախահայերի մշակութային իրավունքների իրացումը: Ինչո՞վ լավ տարբերակ չէ Ադրբեջանի համար, միաժամանակ՝ ՀՀ գործող իշխանության համար: Մի քանի տարի հետո էլ Արցախում մարդ չի մնա՝ ճիշտ այնպես, ինչպես Շուշիում ու Հադրութում: Բայց դա այլ հարց է եւ Նիկոլին չհետաքրքրող:  

Սակայն դա, ինչպես ասվեց, ընդունելի տարբերակ չէ Ռուսաստանի համար: 2020 թվականի աշնան վերջին նա չկանգնեցրեց պատերազմը եւ 2000-անոց զորագունդ չտեղակայեց Արցախի մնացած տարածքում, որպեսզի հեշտությամբ դուրս գա այնտեղից: Իսկ հետագայում էլ, եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հաջողվի ադրբեջանական թելադրանքով խաղաղության պայմանագիր կնքել Իլհամ Ալիեւի հետ, դուրս շպրտվել ընդհանրապես նաեւ Հարավային Կովկասից: Հատկապես որ Գյումրիի ռազմաբազայից բացի, բազա կամ հենակետ է սկսել կառուցել նաեւ Ադրբեջանի հետ Հայաստանի արեւելյան սահմանին: Ինչը, բնականաբար, չի արվում Նիկոլի «սիրուն աչքերի» համար: Դա արվում է, քանի որ Հարավային Կովկասը գտնվում է ռուսական ազդեցության գոտում: Իսկ գերտերությունները չեն «սիրում», երբ որեւէ երկիր փորձում է դուրս գալ իրենց ազդեցության գոտուց, կամ իրենք կորցնում են մի ողջ տարածաշրջան: Հայաստանի դեպքում կլիներ երկուսը մեկում: Բայց դուրս գալն այսօր շահավետ չէ նաեւ Հայաստան պետության համար: Խոսքը գնում է պետության եւ ոչ թե գործող իշխանության մասին: Որովհետեւ մեր հարեւանությամբ եւ մեր դիմաց ոչ թե համանախագահող երկրներից Ֆրանսիան է կամ Միացյալ Նահանգները, այլ՝ Թուրքիան, որը նաեւ արեւմտյան ռազմական բլոկի՝ ՆԱՏՕ-ի անդամ է:   

Ի դեպ, Արեւմուտքին ձեռք է տվել եւ այսօր էլ ձեռք է տալիս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առանց միջնորդների (այսինքն՝ առաջին հերթին առանց ՌԴ-ի) ուղիղ երկխոսությունը: Այսինքն՝ երբ անմիջականորեն միմյանց հետ շփվում են հաղթանակած երկիրը եւ պարտված երկիրը: Եվ դա՝ այն դեպքում, երբ հաղթանակած երկրի ղեկավարն անընդհատ պահանջներ եւ սպառնալիքներ է ուղղում պարտվածին, իսկ վերջինս, վիզը ծռած, կատարում է հաղթողի համարյա բոլոր պահանջները: Եվ մեզ համար վերին աստիճանի նվաստացուցիչ եղանակով երկխոսությունը բնութագրվում է որպես դրական քայլ:

Ընթերցենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կարծիքը ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարների հանդիպման մասին. «Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհն է»: Փաստորեն, պարտված երկրի կողմից հաղթողի բոլոր պահանջները կատարելը՝ ուղիղ երկխոսությամբ, ամենաապահով ճանապարհն է: Իսկ ոմանք մեզ փորձում են համոզել, որ եթե ռուսները հեռանան այստեղից, ապա մեր մեջքին կկանգնի ԱՄՆ-ն: Այդպիսի զարմանալի մտածողություն…