Սուիցիդների քանակն աշխարհում պետական գաղտնիք է համարվում

Սուիցիդների քանակն աշխարհում պետական գաղտնիք է համարվում

Վերջին շրջանում Հայաստանում աճել է ինքնասպանությունների թիվը։ Կանայք, ըստ վիճակագրության, ավելի հաճախ են կատարում ինքնասպանության փորձեր, սակայն ավարտված ինքնասպանություններն ամբողջ աշխարհում (բացառությամբ Ասիայի) նշանակալիորեն բարձր են տղամարդկանց մոտ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունների համաձայն, ինքնասպանության ձեւերի հասանելիությունը նվազեցնելու շնորհիվ հնարավոր է նվազեցնել ինքնասպանությունների թիվը։ Օրինակ, տոքսիկ պեստիցիդների վաճառքի արգելքը կամ դեղերի գնման սահմանափակումները, որոնք վտանգավոր են կյանքի համար։ 

Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի խոսքով, իրականում ինքնասպանությունների աճի պատճառը հստակ հնարավոր չէ արձանագրել, որովհետեւ նման հետազոտություններ հիմա Հայաստանում չեն արվում։ «Կարող ենք ենթադրել, կարող ենք որոշակի պայմանների հետ կապել, բայց մաքուր գիտական, վիճակագրական արձանագրություն անել, ցավոք սրտի, չենք կարող։ Այսօր պարզապես մենք ավելի շատ ենք ինքնասպանությունների մասին տեղեկանում։ Այսինքն՝ առաջ թիվը ոչ թե ավելի պակաս է եղել, այլ ուղղակի ավելի քիչ էինք իրազեկվում ինքնասպանությունների քանակի մասին։ Թեպետ մի փոքր տենդենց՝ դեպի ավելացում, այս վերջին երեք տարվա մեջ նկատվում է»,- մեզ հետ զրույցում ասաց «Անտիսուիցիդ» ինքնասպանությունների կանխարգելման վերլուծական կենտրոնի տնօրեն Լիլիթ Բաղդասարյանը։

««Անտիսուիցիդ» ինքնասպանությունների կանխարգելման վերլուծական կենտրոնը զբաղվում է սուիցիդների (ինքնասպանությունների) անալիտիկ վերլուծություններով։ Ուղղակի այս պահին դեռ այդ վերլուծությունները չենք իրականացնում։ Սկզբում դա կապված էր քովիդյան սահմանափակումների հետ, հետո՝ պատերազմի։ Սակայն շուտով պլանավորում ենք գիտական վերլուծություններ իրականացնել։ Հիմնականում աշխատում ենք լրագրողների, հատուկ մասնագետների վերապատրաստման, կրթման հարցով, որպեսզի կարողանան սուիցիդների մասին ինֆորմացիան ավելի լավ, ճիշտ ներկայացնել։ Օրինակ, ինֆորմացիան այն մասին, որ կտրուկ աճ է ապրել սուիցիդների քանակը, նույնպես կարող է դեստրուկտիվ ինֆորմացիա իրենից ներկայացնել։ Եվ կարելի է ուղղակի արձանագրել, որ կա աճի միտում, ոչ թե այսպես կտրուկ աճել է սուիցիդների թիվը»,- ասում է հոգեբանը։ 

Նրա խոսքով՝ որոշակի դասակարգում կարելի է անել, եթե տարիքային խմբերի կտրվածքով դիտարկենք։ Դեռահասների մոտ դա պայմանավորված է տարիքով, նրանց մտածողությունը դառնում է կատեգորիկ։ Այսինքն՝ տեսնում են կա՛մ սեւը, կա՛մ սպիտակը։ Լիլիթ Բաղդասարյանը կարծում է, որ դեռահասների սուիցիդները հաճախ կապված են վնասակար կայքերի հետ, այսինքն, շատ հաճախ ընկնելով դրանց ազդեցության տակ՝ դիմում են սուիցիդի։ 

Հոգեբանն առանձնացնում է նաեւ ինքնասպանությունները բանակում, որոնք դեռահասության շրջանի շարունակությունն են։ Չնայած դա ուշ դեռահասության տարիքն է կամ վաղ պատանեկությունը, սակայն երիտասարդները, չունենալով հարմարվողական մեխանիզմներ, դիմում են ինքնասպանության։ Պատճառները կարող են լինել կա՛մ չհարմարվելը նոր իրավիճակին, կա՛մ նոր սկսվող հոգեկան առողջության որոշակի խնդիրները։ Իսկ արդեն չափահաս տարիքում՝ 18-ից հետո, կարող են լինել նաեւ մտածված սուիցիդներ։ Ասենք՝ խնդիրներից խուսափելու համար որոշակի աֆեկտի ազդեցություն, դեպրեսիաներ, չբացահայտված որոշակի հոգեկան առողջության խնդիրներ եւ այլն։ Սրանք են սուիցիդների հիմնական պատճառները։ 

«Տղամարդկանց քանակը տոկոսային հարաբերությամբ մի փոքր մեծ է՝ սուիցիդ իրականացնելու։ Տարբեր է նաեւ կանանց եւ տղամարդկանց մոտ տեսակը, պատճառը՝ կյանքից հեռանալու»։ 
Կենտրոնի ղեկավարից հետաքրքրվեցինք նաեւ սուիցիդների վերջին տվյալներով։ «Ընդհանրապես, բոլոր պետություններում տվյալները միայն երեք տարվա հնությամբ կարող ենք ունենալ, որովհետեւ սուիցիդների քանակը պետական գաղտնիք է համարվում։ Դրա համար միշտ տվյալը լինում է ավելի հին, ու դա, կարծում եմ պատկերացրիք, թե ինչ կարեւոր նշանակություն ունի։ 
Շատ ենք կարեւորում, որ այս պրոցեսում ներգրավված լինեն սոցիալական ոլորտի բոլոր աշխատողները՝ սկսած խանութի աշխատողից մինչեւ ամենանեղ օղակը՝ ընտանիք, դպրոց, ինստիտուտ եւ այլն, որտեղ մարդը մտնում է, շփվում։ Նրանք, ովքեր ամենամտերմիկ հարաբերություններն ունեն տվյալ անձի հետ, նրանց համապատասխան վերապատրաստումները շատ կարեւոր նշանակություն ունեն կանխարգելման հարցում։ 

Իհարկե, լրատվամիջոցներից եւս դա շատ է կախված, որովհետեւ երբ որ շատ մանրամասն ներկայացվում են դեպքի մանրամասները, տեղը, ինչպես եւ այլն, դա այսպես ինդուկցելու հնարավորություն ունի, այսինքն՝ ինքը հրահրում է մարդու մոտ եւս գուցե քնած ցանկություն՝ ինքնասպանության։ Բայց չմոռանանք, որ ցանկացած ինքնասպանություն ոչ թե ցանկություն է՝ կյանքից հեռանալու, այլ ուղղակի տառապանքից հեռու մնալու։ Այսինքն՝ մենք հնարավորություն ունենք ցանկացած մարդու կյանք փրկելու։ 

Այս պահին դասընթացներ ենք իրականացնում մասնագետների հետ, թե ինչպես վաղ հայտնաբերել, ինչպես հետո աշխատել ընտանիքի անդամների հետ, եթե սուիցիդը հաջողվել է, եւ ինչպես աշխատել սուիցիդ արած անձի հետ՝ չհաջողված սուիցիդի դեպքում։ Ձեռնարկ ունենք նաեւ լրագրողների համար, թե ինչպես ներկայացնել սուիցիդները։ Ունեցել ենք դասընթացներ եւ ապագայում պլանավորում ենք պարբերաբար ունենալ նման դասընթացներ՝ լրագրողների համար, եւ կրեդիտավորված դասընթացներ՝ մասնագետների համար։ Մեր կենտրոնը գտնվում է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում, այսինքն՝ ինքն այդ կենտրոնի ստրուկտուրայի մի մասն է կազմում։ Սուիցիդը՝ ինքը, մի խնդիր է, որ, մի կողմից, կարելի է առանձին դիտարկել, բայց նաեւ մտնում է այլ խնդիրների մեջ, զուգահեռ է ընթանում։ Այդ իսկ պատճառով մենք կոմպլեքս ձեւով ենք վերաբերվում, մոտենում դրան»։