Մի բացեք դժոխքի դռները

Մի բացեք դժոխքի դռները

Սկիզբը՝ նախորդ համարում

Մասնակցություն եւ ազդեցություն

Մասնակցություն (ներգրավվածություն) եւ ազդեցություն (ներգործություն): Ահա՛ այն հենասյուները, որոնց շնորհիվ գոյություն ունի լիարժեք խորհրդարանական ընդդիմությունը, եւ որոնց բացակայությունը ոչնչացնում, անհնար է դարձնում ընդդիմության գոյությունը:
Ընդդիմության մասնակցության եւ ազդեցության շնորհիվ է ապահովվում քաղաքական գործընթացների թափանցիկությունը, այսինքն` իրենց երկրում ընթացող իրադարձությունների մասին քաղաքացիների իրազեկումը:  

Պետական կյանքի կատարելագործումն անհատնում աշխատանք է եւ պահանջում է քաղաքական մեծ կամք: Այդ ուղղությամբ անհնար է հաջողության հասնել միայն ընդդիմության ուժերով, թեկուզ հենց այն պատճառով, որ ընդդիմությունը կազմում է փոքրամասնություն:
Ազատ եւ գիտակից քաղաքացիների քվեով իշխելը բանական եւ բարոյական հարաբերությունների կծիկ է, այն քաղաքական մեծամասնությունից պահանջում է շրջահայացություն, ինքնազսպում, հրաժարում իր տիրապետությունը հավերժացնելու անիրական տենչից:

Սահմանադրությունը սաստում է

Անտեսելով ընդդիմության իրավունքները եւ նրան դուրս մղելով քաղաքական որոշումները քննարկելու եւ դրանց ընդունման վրա ազդելու հնարավորությունից` իշխանությունը ոտնահարում է Սահմանադրությունը, դիցուք` գաղափարախոսական բազմակարծության եւ բազմակուսակցական համակարգի երաշխավորման, օրենքի առջեւ ընդհանուր հավասարության, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների պատճառով խտրականությունն արգելող սկզբունքները:
2018-ն ապացուցեց` հերթական կամ արտահերթ ընտրություններով իշխանությունը փոխելուց զատ այլ լուծումները կործանարար են հասարակության եւ պետության համար: Հետեւաբա՞ր…

Վերականգնել միմյանց հանդուրժելու նվազագույն շեմը

Պետության արդյունավետության նվազագույն եւ պարտադիր պայման են ուժեղ կառավարությունը եւ համախմբված հասարակությունը: Կառավարությունը պետք է լինի ուժեղ, արդյունավետ, պատասխանատու` արտաքին անվտանգությունը, ներքին կարգուկանոնը, առաջնային հանրային ծառայություններն ու բարիքները, սեփականության եւ մյուս բոլոր իրավունքները պաշտպանելու համար:

Համախմբվածությունն անհրաժեշտ է ժողովրդին քաղաքական գործընթացների մասին տեղեկացնելու, այդ գործընթացի մեջ ներգրավելու, դրանով իսկ` իշխանության եւ ժողովրդի օտարումը կանխելու համար։  Հանրային ներգրավումը բնույթով լինում է ինչպես ինստիտուցիոնալ (մասնակցություն ընտրություններին, հանրաքվեներին, ժողովներին, կարծիքի, հավաքների, գործադուլների ազատություն, միությունների եւ կուսակցությունների անդամակցություն,  հանրագիր ներկայացնելու իրավունք եւ այլն), այնպես էլ ոչ ինստիտուցիոնալ` ժողովրդական ապստամբություններ: 

Փոքրամասնությանն իրավազրկող կառավարությունը դառնում է ոչ հաշվետու, ոչ թափանցիկ, ոչ արձագանքող։ Երբ քաղաքացիները զրկվում են իշխանության կողմից իրականացվող քաղաքականության վրա ընդդիմության միջոցով ներգործելու հնարավորությունից, առաջանում են բարենպաստ պայմաններ ավտորիտարիզմի հաստատման համար: Սա դառնում է շրջադարձային կետ` քաղաքական փոքրամասնությունը ստանում է ոչ ինստիտուցիոնալ ներգրավման դաշտ մտնելու բարոյական արդարացում եւ ժողովրդական աջակցություն: 
ԱԺ-ում քաղաքական մրցակցության բացակայությունն ինքնաբերաբար խաթարում է տեղական ինքնակառավարման մարմինների եւ կուսակցությունների բնականոն կյանքը։ Փոքրամասնությունը քաղաքական ենթակառուցվածքի անքակտելի բաղադրիչն է, ուստի իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում հարկ է վերականգնել փոխադարձ հանդուրժողության գոնե նվազագույն շեմը։ 

Վերջը լավ լինի

Ընդդիմությանը չեզոքացնելու ձգտումներն առավել վտանգավոր են դառնում, երբ մեծամասնության ձեւավորած գործադիր իշխանությունն իր հսկողության տակ է առնում դատական իշխանությունը, ներառյալ` Սահմանադրական դատարանը։

Մեծամասնությունը, ձեռք բերելով տոտալ եւ անվերահսկելի իշխանություն, կորցնում է արդյունավետ կառավարման ցանկությունը եւ մեծ ռեսուրսներ է ծախսում իր տիրապետության քարոզչական արդարացման, ուղեղների լվացման վրա: Սերմանվում է կեղծ համոզում, թե հաջողություններն իրենն են, իսկ բացթողումները պայմանավորված են իր կամքից անկախ հանգամանքներով` անբարենպաստ տնտեսական զարգացումներ արտաքին շուկաներում, ռազմատենչ երկու հարեւաններ, միակ ռազմավարական դաշնակցի դավաճանություն, նախկինների դավադրություն եւ այլն։ Քաղաքական փոքրամասնության չեզոքացման, այսինքն` դիմադրության բացակայության պայմաններում քարոզչական մամլիչը ծնում է մանկամիտ հասարակություն: 

Եթե իշխող ուժը չի վստահում իր քաղաքական ախոյանին, երբեւէ չի ցանկանա իշխանությունն օրինական կարգով եւ անցնցում փոխանցել նրան: Իսկ եթե կողմերը հանդուրժողության միջավայրում են մրցակցում, ապա իշխանության խաղաղ փոխանցումը սպառնալիք չէ պարտվածի գոյությանը:

Դարից երկար ձգվող հարցեր

Արեւմուտք-Հյուսիս, ազգային հիշողություն-գլոբալացում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ Հայաստան-եղեռնով զբաղվող սփյուռք, Հայրենիքին կերակրող սփյուռք-սփյուռքի պատվար Հայրենիք, Խամսայի մելիքություններից ցածր կարգավիճակ Ադրբեջանի կազմում ինքնիշխան կարգավիճակ խորհրդային ԼՂԻՄ-ի սահմաններում, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա, միջանցքների երկիր Հայաստան-պաշարված ամրոց Հայաստան, այս մի կտոր հողի վրա բազմանալու եւ արժանապատիվ ապրելու «ապագա կա՞»-«ապագա կա՛»… Այս գոյութենական երկընտրանքները չեն կարող լուծվել քաղաքական մեկ կուսակցության, թեկուզ՝ իշխող, ուժերով։ Հարկավոր է մեկտեղել բոլորի ջանքերը: 

Անվտանգային եւ արտաքին քաղաքական հարցերը քաղաքական, ակադեմիական, քաղաքացիական դաշտերում քննարկելը մեր նվաղած պետության համար դեռ երկար ժամանակ կմնա օրախնդիր: Մինչդեռ եղբայրատյացությունը եւ լուսանցք մղված քաղաքական փոքրամասնության գոյությունը բացառում են հանրային նվազագույն համաձայնության հնարավորությունը եւ բացում են դժոխքի դռները։

Շարունակելի

Արա ՍԱՀԱԿՅԱՆ
ԳԽ 1-ին փոխնախագահ (1992-95թթ.)
ԱԺ փոխնախագահ (1995-98թթ.)
Արտակարգ եւ լիազոր դեսպան