Կարո՞ղ է Հանրապետականի ժամանակներն են, որ Սերժ Սարգսյանը որոշի

Կարո՞ղ է Հանրապետականի ժամանակներն են, որ Սերժ Սարգսյանը որոշի

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կորոնավիրուսի համավարակի ու արտակարգ դրության պայմաններում 8 նիստ արդեն արել է: Թեպետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կարող են երկշաբաթյա ռեժիմով աշխատել, իրենք ամեն շաբաթ հեռավար խորհրդակցություն են անում։ Այս պահին որեւէ նախնական նախագիծ, փաստաթուղթ չկա, իսկ հայեցակարգի վերջնաժամկետը, վարչապետի որոշմամբ, սեպտեմբերի 1-ից հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Հետաձգման պատճառն ինչպես կորոնավիրուսով պայմանավորված օբյեկտիվ պատճառներն են, այնպես էլ այն, որ, հանձնաժողովականների գնահատմամբ՝ ժամանակը կարճ էր բովանդակային քննարկումների համար։

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկված են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, դատավորների ընդհանուր ժողովից 1 թեկնածու՝ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը։ Եվս 6 իրավաբան գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լեւոն Գեւորգյանը եւ Տիգրան Մարկոսյանը, խորհրդարանական «Իմ քայլից»՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ Վահագն Հովակիմյանը, ԲՀԿ-ից՝ Գեւորգ Պետրոսյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Տարոն Սիմոնյանը, հասարակական կազմակերպությունների 2-ական ներկայացուցիչ՝ Դանիել Իոաննիսյանը («Իրազեկ քաղաքացիների միավորում») եւ Կարեն Զադոյանը՝ («Իրավաբանների հայկական ասոցիացիա»)։ 

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանին հարցրինք՝ մշտապես խոսում են սուպերվարչապետական «կոստյումից», իրենց հայեցակարգով՝ այն պե՞տք է փոխվի։ «Մենք շատ ենք խոսել՝ 2 հիմնական ուղղություններ կան, մեկը կայուն մեծամասնության ինստիտուտի վերացումն է, որը ենթադրում է, որ ընտրությունների արդյունքները պետք է արտահայտվեն պատգամավորների քանակի վրա, եւ իշխանությունը՝ առավելագույն ձայներ ստացած խմբակցությունը, չպետք է նաեւ բոնուսներ ստանա, որը մտավ 15 թ․ սահմանադրական փոփոխություններով։ Միեւնույն ժամանակ մենք պնդում ենք, որ բացի կայուն մեծամասնության ինստիտուտից, ԱԺ-կառավարություն հարաբերակցությունը պետք է բալանսավորվի այնպես, որ կառավարության ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնանա։ Եվ այսօրվա դրությամբ՝ խոսքով հռչակված պառլամենտական հանրապետությունն իրականում դառնա գործող պառլամենտական հանրապետություն։ Ավելին՝ առաջարկում ենք, որ չլինի գործադիր իշխանությունն իրականացնող որեւէ պետական մարմին, որը դուրս կլինի պառլամենտական վերահսկողությունից»,- ասում է ԼՀԿ-ական պատգամավորը։ Առաջարկություններ ունեն նաեւ խմբակցությունների ու պատգամավորների դերի բարձրացման, խորհրդարանական վերահսկողությունը երաշխավորող մեխանիզմների առումով։

Իսկ իշխանության ներկայացուցիչները հակվա՞ծ են ընդունել այդ առաջարկները։ Տարոն Սիմոնյանն ասաց՝ քանի որ կա ներքին քննարկումները չբարձրաձայնելու պայմանավորվածություն, չի ասի, բայց հույս ունի, որ այն ամենը, ինչ մինչ այս խոսվել է՝ ե՛ւ հեղափոխության ժամանակ, ե՛ւ մինչեւ հեղափոխությունը, ե՛ւ հետո, ի վերջո, կարտահայտվի նաեւ սահմանադրական փոփոխություններով։

Դանիել Իոաննիսյանի տեղեկացմամբ՝ արդեն հստակեցվել է, որ կառավարման մոդելի փոփոխություն տեղի չի ունենալու: Հարցին՝ իսկ հստա՞կ է, թե ինչն է փոխվելու, ասաց․ «Մի շարք ոլորտներ կան, որ քննարկում ենք, հընթացս ինչ-որ բաներ բացում ենք, բավականին լայն է, շատ-շատ։ Ամպլիտուդը՝ սկսած լեգիտիմ ակնկալիքի իրավունքից, որ հիմա կհարցնեք՝ ինչ է, բնականաբար, սա եւս մի հարցազրույցի թեմա է, վերջացրած նրանից, թե քանի տարեկանից սկսած քաղաքացիներն իրավունք ունեն ընտրություններին մասնակցել»։ Իոաննիսյանը հուսով է, որ էական փոփոխություններ կլինեն։ Իր մեկ այլ հարցազրույցում նա ասել էր, որ սուպերվարչապետությունից հրաժարվելու տարբերակներ են քննարկվում։

Մեր հարցին, թե որ նորմերի մասին է խոսքը, ասաց․ «Պետք է հասկանալ, որ սուպերվարչապետությունն արտահայտվում է Սահմանադրության տարբեր նորմերում։ Ավելի շատ նույնիսկ արտահայտվում է օրենսդրությունում։ Ըստ որում, տարբեր օրենքներում։ Բայց, այո, քննարկվում է»։ Մեր դիտարկմանը, որ սուպերվարչապետությունը հիմնականում դիտարկվում է վարչապետի «տակ» լինելու ու խորհրդարանին հաշվետու լինել- չլինելու մեջ, Իոաննիսյանն ասաց․ «Ինձ թվում է՝ այս առումով հասցեատերը ոչ թե մեր հանձնաժողովն է,այլ Ոստիկանության բարեփոխումների հայեցակարգը, որում գրված է, որ ներքին գործերի նախարարությունը ստեղծվելու է, եւ դա սահմանադրական կարգավորման հարց էլ չէ։ Եվ այնպես չէ, որ սահմանադրական հանձնաժողովը պետք է երկրում եղած բոլոր հարցերի լուծումը տա, այլ տա այն հարցերինը, որոնք սահմանադրական կարգավորման ենթակա են, որովհետեւ՝ ոստիկանություն, թե ՆԳՆ, դա սահմանադրական բարեփոխումների հետ կապ չունի, այլ կապ ունի ոստիկանության բարեփոխումների հետ»։

Հիշեցնենք, որ նախարար Ռուստամ Բադասյանն էլ նախկինում հայտնել էր, թե փոփոխությունների հայեցակարգում առանցքային է լինելու «դատական համակարգում առկա ճգնաժամի» խնդիրը։ Այնուամենայնիվ, ի՞նչ պետք է փոխվի երկրի Սահմանադրության մեջ, Իոաննիսյանն այս մասին ունի՞ նախնական տեսլական, դիրքորոշում։ «Իմ դիրքորոշումները կան, իմ դիրքորոշումները հրապարակված են։ Հիմնականում՝ ես գնացել եմ ժողովրդավարական մեխանիզմների սահմանադրական ամրապնդման ուղղությամբ»։ Իսկ ուրիշ ի՞նչ են ցանկանում փոխել, Նիկոլ Փաշինյանը հայտնե՞լ է։ Դանիել Իոաննիսյանը վիրավորվեց․ «Հանձնաժողովն անկախ հանձնաժողով է, այսինքն՝ վարչապե՞տն ասի, վարչապետի ասելով եթե լիներ, էդ հանձնաժողովն ի՞նչ էր անելու։ Կներեք, էլի, հանձնաժողովում 15 հոգի մարդ ենք, էդ քանի՞սն է, որ վարչապետին ենթակա է»։ Նա նաեւ վստահեցրեց, թե չկա որեւիցե քաղաքական պատվեր։ Դե, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ Թովմասյանը, Ղազինյանն էին ասում, որ անկախ հանձնաժողով են, չկա որեւիցե քաղաքական պատվեր։ Իոաննիսյանը հակադարձեց․ «Կարո՞ղ է Հանրապետականի ժամանակներն են, որ Սերժ Սարգսյանը որոշի՝ ինչ լինի, ու ո՛չ ժողովրդի, ո՛չ մանագետների կարծիքը չհարցնեն»։ Ժողովրդի կարծիքը հարցրե՞լ եք։ Իոաննիսյանն ասում է՝ հանրաքվե է լինելու։ «Ի տարբերություն 15 թվականի, այս հանրաքվեն կեղծող չի լինելու։ Եթե մենք ժողովրդի շահերից չբխող Սահմանադրություն տանենք, դա կանցնի՞ հանրաքվեով, իհարկե՝ ոչ, որովհետեւ ոչ ոք հանրաքվե չի կեղծելու։ Ավարտվել են Հայաստանում հանրաքվե կեղծելու ժամանակները։ Մեզ չի կարող հանրության կարծիքը չհետաքրքրել։ Նույնիսկ եթե շատ վատն ենք, մեզ չի կարող հանրությունը չհետաքրքրել, որովհետեւ էդ հանրությունը պիտի գնա ընտրական տեղամասերում հավանության արժանացնի մեր գրածը»։ Բայց առաջ էլ էին մարդիկ գնում եւ հայտնում։