Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի, նաև վերակազմակերպի իր շարքերը․ Խոսրով Հարությունյան

Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի, նաև վերակազմակերպի իր շարքերը․ Խոսրով Հարությունյան

Այսօր խորհրդարանական ընդդիմությունը կազմակերպել է հանրահավաք՝  ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր պետականության ու գոյի։

Hraparak.am-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքական գործիչ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ։

-Խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հանարահավաքի ժամանակ կհաջողվի՞ բողոքի ձայնն ու պահանջը լսելի դարձնել իշխանություններին և հանրությանը։ 

- Եկեք արձանագրենք, որ հանրահավաքը ուղղակի պարտադրված է իրականացման, որովհետև բոլորն էլ արդեն փաստում են, այդ թվում՝ նաև իշխանությունները, որ թե Արցախի, և թե Հայաստանի անվտանգության համար ձևավորվել են այնպիսի սպառնալիքներ, որոնք պահանջում են  հնարավորությունների և կարողությունների մեկտեղում։ Այսինքն, նման պայմաններում հանրությունը չի կարող դիտորդի կարգավիճակում լինել։ Եվ իրավունք ունի և պարտավոր է՝ հատկապես ընդդիմությունը փորձել նախ մի կողմից հարցեր հնչեցնել, որոնք անկասկած կարգավորման կամ քայլեր կատարելու պահանջ են առաջացնում, մյուս կողմից, նաև, հասկանալ և, ինչու չէ, նաև հրամցնել հանրությանը՝ հնարավորին չափով այն սպառնալիքները, որոնք ձևավորված են այսօր։ Այս տեսակետից ես կարծում եմ՝ հանրահավաքը բոլոր պարագաներում պետք է համարել և պահանջված, հետևաբար և հաջողված, որովհետև խոսքը գնալու է այն սպառնալիքների և մարտահրավերների մասին, որոնք այսօր ձևավորվել են թե Արցախում, թե Հայաստանում՝ իշխանությունների գործունեության կամ անգործության արդյունքում։ Եվ այն տեղեկատվությունը, մտքերը, առաջարկները, որոնք կհնչեն հանրահավաքի կազմակերպիչների կողմից, դրանք միշտ էլ կարող ենք ասել, որ լինում են տեղին։ Այլ հարց է, թե արդյոք այս հանրահավաքը կարող է դառնալ նոր զարգացումների մեկնարկ՝ ընդդիմության կողմից։ Ես շատ կցանկանայի, որ դա այդպես լիներ։ Բայց սա նշանակում է, որ նաև ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի, նաև վերակազմակերպի իր շարքերը։ Սա պահանջում է նոր ջանքեր, ինչու չէ՝ ավելի կոնկրետ քաղաքական հարցադրումների տեսանկյունից և ավելի լայն ինտենսիվ աշխատանք՝ հանրության  լայն շերտերի հետ։ Տեսնենք, թե ինչով կավարտվի և ինչպիսի ընթացք կստանա այս պրոցեսը։ Մի բան ակնհայտ է, որ թեպետ բավականին ակտիվ էր խորհրդարանական ընդդիմությունը և ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ընդդիմությունն էլ բավականին ակտիվ նախաձեռնություններով էին հանդես գալիս, բայց մասսայական միջոցառումների առումով երկարաժամկետ, տևական  դադարից հետո սա առաջին ակցիան է, և հետևաբար հանրության մոտ առաջացնելու է նաև սպասելիքներ։ Ընդդիմությունը պետք է սա գիտակցի։ Մենք իրավունք չունենք այդ սպասելիքները չարդարացնել։ Սա ես կարևոր եմ համարում։ Շատ էական է, որպեսզի չփորձեն հանրության մոտ անիրականանալի սպասելիքներ ձևավորվեն։ Ուղղակի, այստեղ պետք է բոլորն էլ հասկանան, որ քաղաքական նոր զարգացումների մեկնարկ կարող է լինի և այդ զարգացումները՝ տևական և հետևողական աշխատանք են պահանջելու։ Մեկ, երկու, երեք հանրահավաքով ընդդիմության առջև կանգնած հատկապես անվտանգային խնդիրները չեն կարող կարգավորվել։

- Խորհրդարանական ընդդիմությունն ինչո՞ւ որոշեց վարչապետի բրյուսելյան այցից մեկ օր առաջ կազմակերպել նման հանրահավաք։ Չէ՞ որ կարելի էր ավելի վաղ անել, նաև պարբերաբար լինեին նման պահանջով հավաքները՝ ելնելով թե Արցախում, թե Հայաստանում թշնամու կողմից անընդհատ իրականացվող սադրանքներից։

- Ճիշտն ասած, ես կդժվարանամ մեկնաբանել։ Իմ կարծիքով այս հանրահավաքի անհրաժեշտությունը պայմանավորված չի Փաշինյանի՝ Բրյուսել մեկնելու հանգամանքով։ Ես չեմ կարծում, թե ընդդիմության համար դա եղել է կարևոր ազդակ՝ այս նախաձեռնության առումով։ Տեսեք, այլ  հարց է, թե արդյոք այս հավաքը, եթե դա լինի առավել ևս բավականին ներկայացուցչական՝ իշխանությունը իմաստուն ու խելոք կօգտագործի, իհարկե այո։ Այլ հարց է՝ արդյոք Փաշինյանը կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե ոչ։ Բայց ուզում եմ կրկնվել ընդդիմության նախաձեռնությունը, ես չեմ կապում բրյուսելյան հանդիպման հետ։