Իրանն առաջին հերթին զգուշացնում է Հայաստանին

Իրանն առաջին հերթին զգուշացնում է Հայաստանին

Հայաստանի բոլոր հարեւանները գործում են: Նրանք նախագծում եւ իրականացնում են ռազմավարական ծրագրեր, որոնք ոչ միայն հսկայական շահույթ են ապահովելու իրենց պետություններին, ուժեղացնելու են ազգային տնտեսությունները, այլեւ նպաստելու են մասնավոր բիզնեսի զարգացմանը՝ քաղաքացիների համար ստեղծելով նոր հնարավորություններ եւ բարեկեցության ավելացման պայմաններ: 

Մեր երեք հարեւանները՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը, Ղազախստանի հետ ստորագրել են համաձայնագիր՝ համատեղ երկաթուղային միջանցք գործարկելու մասին, որը նրանք անվանում են Միջին միջանցք: Այս երկրները որոշել են օգտվել Ուկրաինայում ընթացող պատերազմից եւ Եվրամիությանը տրանսպորտային նոր այլընտրանք առաջարկել, որը Չինաստանը երկաթուղով կկապի ԵՄ-ի հետ: Չինական ապրանքները կանցնեն Ղազախստանով, Կասպից ծովը հատելով կհասնեն Ադրբեջան, ապա՝ Վրաստան, Թուրքիա, իսկ այնտեղից՝ ԵՄ երկրներ եւ հակառակ ուղղությամբ: Մինչեւ պատերազմը գործում էր Հյուսիսային միջանցքը, որը Չինաստանը Ղազախստանի, Ռուսասատանի եւ Ուկրաինայի կամ Բելառուսի միջոցով կապում էր ԵՄ-ին:

Սա ավելի հարմար տարբերակ էր, քանի որ անհրաժեշտություն չկար երկաթուղային շարժակազմերը բեռնել լաստանավերի վրա եւ անցկացնել ծովը, հետո նորից տեղափոխել երկաթուղային ռելսերի վրա: Բայց հիմա այդ միջանցքը չի գործում. Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ պատժամիջոցներ են, իսկ Ուկրաինայում պատերազմ է: Ըստ նախագծի հեղինակների՝ այս միջանցքը կարող է գործել արդեն 2023 թվականից, եւ դրանով տարեկան կարող է տեղախոխվել 3-4 միլիոն տոննա բեռ: 

Պետությունը եւ պետական իշխանությունը հենց նրա համար են, որ իրականացնեն պետության զարգացմանը միտված միջոցառումներ: Երբ երկիրը միջազգային տարբեր նախագծերի մեջ է, նա ոչ միայն գումար է աշխատում, այլ նաեւ մեծացնում է իր անվտանգությունը, քանի որ այլ երկրներ եւս շահագրգռված են լինում այդ երկրում կայունությամբ եւ խաղաղությամբ: Մինչդեռ Հայաստանը հետեւողականորեն մեկուսանում է եւ վերածվում փակուղու:

Իսկ ի՞նչ է արել կամ անում Հայաստանի կառավարությունը, կա՞ նրա կողմից հայտարարված կամ հռչակված որեւէ ռազմավարական նախագիծ: Ընդհանրապես՝ ոչ մի: Միակ ծրագիրը, որն իր իշխանության գալուն հաջորդած չորս տարիների ընթացքում փորձում է իրականացնել Փաշինյանի իշխանությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության հասնելն ու այդ երկրների հետ սահմանները բացելն է:

Բայց ի՞նչ տնտեսական կամ ռազմավարական արդյունք է դա տալու Հայաստանին, բացի թուրքական ապրանքների մի քիչ էժանանալուց եւ սահմանամերձ բնակավայրերի գյուղացիներին թուրքական ֆերմերների հողատարածքներում բատրակության հնարավորություն ընձեռելուց: Հայաստանը Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքներն օգտագործելու ո՛չ կարողություն, ո՛չ էլ հնարավորություն ունի: Ադրբեջանին ու Թուրքիային էլ պետք է առնվազն Սյունիքը՝ իրար հետ անմիջական կապ ունենալու, առանց Վրաստանի միջնորդության իրար հետ հաղորդակցվելու եւ Իրանը սեւծովյան ավազանից կտրելու համար: Եթե Ադրբեջանը եւ Թուրքիան անմիջական կապ ունենան, ապա առանց Վրաստանի միջնորդության էլ կարող են Եվրոպան կապել Չինաստանի հետ, Վրաստանի դերն էականորեն կնվազի, Ադրբեջանի կողմից Վրաստանին տրվող արտոնություններն էլ կհանվեն: Վրաստանը, կորցնելով միջնորդի դերը, ավելի շատ կախվածություն կունենա Ադրբեջան-Թուրքիա տանդեմից: Բայց դա Վրաստանի խնդիրն է:

Միակ ռազմավարական նախագիծը, որ հնարավոր է իրականացնել Հայաստանում, երկրի հարավից հյուսիս որակյալ ավտոճանապարհի կառուցումն է, որը հնարավորություն կտա Իրանին, եւ ոչ միայն Իրանին, կապվել Սեւ ծովի եւ այդպիսով՝ եվրոպական շուկաների հետ: 

Բայց Հայաստանի իշխանությունն արեց ու անում է ճիշտ հակառակը: Իրանը Հայաստանին կապող ճանապարհը հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը, իսկ դրա փոխարեն կառուցված, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը վտանգավոր ու գրեթե անանցանելի է իրանական բեռնատարների համար:

Ապրիլի 29-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ եւ ասել, որ իր երկրի կառավարության համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները։ Ռոբերտ Ղուկասյանն էլ շնորհակալություն է հայտնել դեսպանին նման դիրքորոշման համար: Ղուկասյանը չի հասկացել, որ դեսպանի այդ հայտարարությունն ուղղված է ոչ այնքան Ադրբեջանին ու Թուրքիային, որքան Հայաստանի իշխանությանը, որի ներկայացուցիչն է նաեւ ինքը: Դեսպանն ասել է, որ իրենց համար անընդունելի կլինի, եթե Հայաստանի իշխանությունն իր խաղաղության օրակարգ կոչվող ծրագիրն իրականացնելու շրջանակներում Թուրքիային եւ Ադրբեջանին միջանցք տրամադրի, ինչպես որ պնդում են վերջիններս: Իսկ նման կոշտ  զգուշացման համար ընդհանրապես ընդունված չէ շնորհակալություն հայտնել:

Ավետիս Բաբաջանյան