Վայոց ձորի մարզպետի ուղերձը՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ

Վայոց ձորի մարզպետի ուղերձը՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

«Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:

Գրադարանը շատ թանկարժեք պահոց է՝ լեցուն հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային գրականության մտքի գանձերն ամբարող գրքերով, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին` հաղորդակից լինել անցյալի փորձին, ճանաչել աշխարհն ու պատկերացումներ կազմել ապագայի մասին:

Գրադարանավարի մասնագիտական գործունեությունը  ոչ միայն արժեքավոր գրքերի պահոցները, գրադարային ֆոնդերում եղած տպագիր այլ տեղեկատվական նյութերը պահել-պահպանելու և մշտապես արդիականացնելու  պատասխանատվություն է, այլև հանճարների ստեղծած մտավոր գանձերին ու մտքերին  ընթերցողներին հաղորդակից դարձնելու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության ապահովմանը և հասարակության տարբեր տարիքի անդամների մոտ բարձրաճաշակ գրականության նկատմամբ  հետաքրքրության ձևավորմանը:

  Գրադարանավարի մասնագիտական արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է նաև, որ անկախ տեխնոլոգիաների զարգացումից, գիրքը մնում է որպես գիտելիքի ձեռք բերման և անհատի զարգացումն ապահովելու  լավագույն միջոցը:  

 Իմ շնորհակալությունն եմ հայտնում Վայոց ձորի մարզային, համայնքային և դպրոցական գրադարանների բոլոր աշխատակիցներին՝ գիր-գրականության նկատմամբ սեր ձևավորելու և մարզի բնակչությանը պատշաճորեն սպասարկելու համար:

Հարգելինե՛րս, ի սրտե շնորհավորում եմ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ մասնագիտական հաջողություններ  և նորանոր ձեռքբերումներ»:

 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ էլ մարզպետը շնորհավորել էր տարեցներին՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։