Նեգատիվի հեղեղ

Նեգատիվի հեղեղ

Մենք սովորեցինք ապրել նեգատիվի մեջ: Ամեն օր ահռելի քանակի բացասական ինֆորմացիա, ողբերգական պատահարներ, տխուր եւ տհաճ ազդակներ թափվում են մեր գլխին, եւ մենք դիմանում ենք դրանց: Իհարկե, այդ նեգատիվի մի հսկայական մասը ստացվում է լրատվական խողովակներով, սակայն արդար չի լինի մեղադրել լրագրողներին մեր իրականության հայելին լինելու համար: Իսկ իրականությունը  հուսահատեցնող է: Ահա` վաղ առավոտյան լրատվական դաշտը հեղեղվում է կրակոցների մասին լուրով․ երիտասարդ կին է սպանվել: Հետո համացանցը ցնցվում է սիրված երգչի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկություններից: Ապա ոստիկանությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 12-ից անհայտ կորել են 37-ամյա կինն ու նրա որդին եւ մի 16-ամյա աղջիկ: Կրկին մարտական դիրքերում վիրավոր ունենք` Կութ գյուղի մոտ հակառակորդի կրակոցից հրազենային վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող:

Քիչ ավելի ուշ իրավապահները հաղորդագրություն են տարածում կիբերհանցագործության եղանակով դրամական միջոցներ յուրացնելու եւ Հյուսիս-հարավ մայրուղուց յուրացումների մասին: Ընթացքում այլ տեղեկություններ ու հոդվածներ էլ ենք ստանում` Կարենիս գյուղում այրվել է քաղաքացու գոմը, ներսում` մի քանի անասուն եւ ձմեռվա համար ամբարված ողջ անասնակերը: Ձիասպորտի կազմակերպությունը շուրջ 5 ամիս ջուր չի ստանում, եւ ձիերը ծարավից կոտորվում են:

«Freedom House»-ը մտահոգություն է հայտնել Facebook-ի օգտատիրոջ դեմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցված քրեական գործի առիթով եւ այն գնահատելով «որպես ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում»՝ կոչ է արել «անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։