Դանիել Իոաննիսյանի աշխատողը «կոֆեի բաժա՞կ» է նայում

Դանիել Իոաննիսյանի աշխատողը «կոֆեի բաժա՞կ» է նայում

Երեկ գրել էինք, որ ոստիկանությունը 100 մլն դրամի չափով ոստիկանության մեքենաների վերանորոգման ծառայություն է ձեռք բերել, որից 50 մլն դրամն ուղղվել է 150 «Շկոդաների» վերանորոգման, իսկ մյուս 50 մլն-ն՝ «Տոյոտա» մակնիշի 4 մեքենաների՝ 2022 թվականի արտադրության Camry 2.5, RAV 4, Fortuner 2.7, Fortuner 2.7 MT, վերանորոգման համար։ 

Դանիել Իոաննիսյանին պատկանող FIP-ի աշխատակից Սեւադա Ղազարյանն այս հրապարակումը «մանիպուլյատիվ» է համարել՝ ասելով, որ ոչ թե 4 մեքենայի վերանորոգման համար է 50 մլն-ն տրամադրվել, այլ՝ «Տոյոտա» մակնիշի 2021-2022 թվականներին գնված 4 տեսակի մեքենաների, սակայն թե կոնկրետ ինչ թվով մեքենաների համար, FIP-ի աշխատակիցը չի նշում։ Թե որտեղից է Դանիել Իոաննիսյանի աշխատակիցն այս միտքը վերցրել, դժվար է ասել, որովհետեւ գնման պայմանագրում որեւէ տեղ «տեսակ» բառը չի հանդիպում, փոխարենը պայմանագրի տեխնիկական բնութագրի բաժնում սեւով սպիտակին գրված է, որ վերանորոգման ենթակա մեքենաների տվյալները ներկայացված են պայմանագրում նշված աղյուսակում, իսկ պայմանագրում նշված աղյուսակում ընդամենը 4 մեքենայի տվյալ կա նշված՝  Camry 2.5, RAV 4, Fortuner 2.7, Fortuner 2.7 MT։ Հարց է առաջանում․ եթե մեքենաները 4-ից ավելի են, ինչպես Դանիել Իոաննիսյանի աշխատակիցն է պնդում, ապա ինչո՞ւ պայմանագրում հստակ չի նշվել վերանորոգման ենթակա մեքենաների գումարը, մինչդեռ 150 «Շկոդաների» պարագայում այդ թիվը հստակ նշված է, ինչպե՞ս կարող մեքենաների վերանորոգման պայմանագիր կնքվել, եթե, ինչպես FIP-ն է պնդում, հայտնի չէ, թե ինչ թվով մեքենաների համար է այդ պայմանագիրը։ Այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանությունը վճարել է 50 մլն դրամ, սակայն թե քանի մեքենա պետք է վերանորոգվի այդ գումարով, որեւէ մեկին հայտնի չէ։ Հավանաբար, մեքենաները վերանորոգելիս Սեւադա Ղուկասյանի նման առաջնորդվում են դրանց տեսակով, այլ ոչ թե թվերով ու կոնկրետ հաշվարկներով։ 

Ի դեպ, ոստիկանությունից որեւէ հերքում կամ պարզաբանում այս հրապարակման առնչությամբ չի տարածվել, փոխարենը Դանիել Իոնաննիսյանի աշխատակիցն է փորձել հերքել այն, ինչը պարզապես գրված է պայմանագրում։ Հասկնալի է, թե ինչու է Իոաննիսյանն այսքան ուշադիր գտնվել այս լուրի նկատմամբ․ որովհետեւ այս լուրից պարզ է դառնում, որ պարեկային ծառայությանը պատկանող 150 «Շկոդաները» սորոսական ՀԿ-ների կողմից ներդրված ծառայության անփորձ պարեկների կողմից այնքան անխնա են վարվում, հաճախ նաեւ վթարի ենթարկվում, որ պետության համար գրեթե ամեն ամիս նման վերանորոգման ծառայություններ գնելու կարիք է առաջանում։