Էյնշտեյնի սխալը

Էյնշտեյնի սխալը

հնարավոր է, որ երկրորդ աշխարհամարտին չհաջորդեր դաշնակիցների միջև Սառը պատերազմը, որի մեկնարկի ազդարարը ԽՍՀՄ-ում համարվել է 1946 թ. մարտի 5-ին ԱՄՆ Ֆուլտոն քաղաքի Վեսթմինստերյան քոլեջում Ուինսթոն Չերչիլի արտասանած ելույթը, եթե Ալբերտ Էյնշտեյնը 1939 թ. նամակ չգրեր ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտին: Նամակով, որն Էյնշտեյնը հետագայում անվանելու էր իր «մեծ սխալը», Ռուզվելտին կոչ էր անում արագացնել ուրանի հետազոտությունն ԱՄՆ-ում: Էյնշտեյնը հայտնի պացիֆիստ էր, սակայն նա այդ նամակով, որը հրապարակվել է Business Insider-ում ԱՄՆ-ին դրդեց մշակել ատոմային ռումբ: Շարժառիթը նացիստական Գերմանիայում դրա ստեղծման սպառնալիքն էր. նա տեղեկացել էր, որ գերմանացի գիտնականներին հաջողվել է տրոհել ատոմը…
Հետագայում կպարզվի, որ նացիստական Գերմանիային երբեք չի հաջողվել միջուկային զենք ստեղծել և, կարծես թե իրականում չի էլ փորձել: Էյնշտեյնի նամակը նշանակալի ազդեցություն ունեցավ: Ռուզվելտը 1939 թ. հոկտեմբերին (նամակը ստանալու ամսին) ստեղծեց Ուրանի խորհրդատվական կոմիտե, որը հետագայում վերածվեց Մանհեթենի նախագծի, իսկ դրա շրջանակներում մշակած ատոմային ռումբերը նետվեցին Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա, 1945 թ. սպանելով մոտ 200 հազար մարդու: 

Էյնշտեյնը չի մասնակցել ռումբի ստեղծմանը: Նրան թույլ չտվեցին աշխատել Մանհեթենի նախագծի վրա. նա համարվում էր անվտանգության չափազանց մեծ սպառնալիք, քանի որ և՛ գերմանացի հրեա էր, և՛ հայտնի էր որպես ձախակողմյան քաղաքական ակտիվիստ: Էյնշտեյնը երբեք մանրամասներ չի հայտնել այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել ատոմային էներգիան՝ մի անգամ ասելով. «Ես ինձ չեմ համարում ատոմային էներգիայի աազատման հայր, դրանում իմ մասնակցությունը բավականին անուղղակի էր»: Երբ նա տեղեկացավ, որ ռումբն օգտագործվել է Ճապոնիայում, ասել է՝ «վայ ինձ»։ Ավելի ուշ Էյնշտեյնն ասել է. «Եթե ես իմանայի, որ գերմանացիներին չի հաջողվի ատոմային ռումբ ստեղծել, ես ոչինչ չէի անի ռումբի համար»: Նա նաև զգուշացրել է, որ «այդպիսով մենք շարժվում ենք դեպի անզուգական աղետ»: 

Տարակուսանք է առաջացնում այն, որ Էյնշտեյնի նամակը որոշները համարում են շատ կարևոր, իսկ Ուորեն Բաֆեթը 2017-ին Կոլումբիայի համալսարանի ուսանողներին ասել է․ «Եթե մտածենք դրա մասին, մենք նստած ենք այստեղ մասամբ երկու հրեա ներգաղթյալների (ֆիզիկոս Լեո Զիլարդի հորդորով էր Էնշտեյնը գրել նամակը) պատճառով, ովքեր 1939 թվականին օգոստոսին ստորագրեցին, հավանաբար, ամենակարևոր նամակը Միացյալ Նահանգների պատմության մեջ»:

Հիմա արդեն դժվար է պնդել, թե ԽՍՀՄ-ը, հետագայում մի շարք այլ երկրներ, ձեռնամուխ կլինեի՞ն, արդյոք, միջուկային զենքի մշակմանը, օրինակ, ԱՄՆ-ն վերացնելու նպատակով: Բայց, թվում է, այդ «քաղաքական շղթայական ռեակցիան» պետք է կանգնեցնել:

Ռուս-ուկրաինական պատերազմի խորապատկերին, միջազգային լրահոսում վերջերս հաճախակի են դարձել միջուկային սպառնալիքի մասին հրապարակումները, նույնիսկ, հանդիպում են մոդելավորումներ, ըստ որոնց մարդկությանը որևէ շանս չի մնում: Միթե՞ մարդկությունն իր մեջ ուժ չի գտնելու, որպեսզի կասեցնի Էյնշտեյնի նշած շարժումը դեպի անզուգական աղետ:

Ըստ էության, խոսքը ոչ թե ռուս-ուկրաինական բանակցությունների, այլ առնվազն ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների մասին պետք է լինի: Մեկընդմիշտ պետք է վերջ դնել միջուկային սպառնալիքին և միջազգային հարաբերություններում անազնիվ կանոններ սահմանելուն, ինչից ավելի շատ տուժում են հատկապես Հայաստանի նման ոչ մեծ պետությունները: Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է գոնե որոշ սեկտաների նման համարձակություն ունենալ, զանգվածային ինքնասպանության առումով, և միաժամանակ սեղմել բոլոր միջուկային կոճակները…սա ավելի արժանապատիվ վերջ կլինի…նկատի ունենալով այն, թե որքան է այլասերվել համաշխարհային իսթեբլիշմենթը: Մնացել է միայն, որ մարդկանց օրգաններից պատրաստված էկզոտիկ ուտեստեղեն մատուցեն բարձրակարգ ռեստորաններում…

Հ.Գ. JICA-ի ծրագրով Ճապոնիայում վերապատրաստումների ժամանակ, մի պրոֆեսոր ասաց, որ աշխարհակարգը չի լինելու այնպես, ինչպես ԱՄՆ-ը կամ հավաքական Արևմուտքն է ցանկանում:  Հետևաբար՝ կարող է լինել զարգացումների երկու տարբերակ. 1) հավաքական Արևմուտքը, այդուհանդերձ, կոտոշները ցցած ցլի նման և ցլի համառությամբ շարունակում է իր հաղթարշավը՝ պարտության մատնելով ամբողջ աշխարհին, ողջ մարդկությանը՝ միջուկային ինքնասպանությամբ (միջուկային պատերազմ, պատերազմ հասկացության դասական իմաստով, չի կարող լինել, ըստ էության). 2) հավաքական Արևմուտքը հրաժարվում է իր և փակուղային ամբիցիոզ նկրտումներից և համաձայնում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր պետություն իրավունք ունի գոյություն ունենալ այնպես, ինչպես ինքն է ցանկանում, առանց արտաքին թելադրանքի ու պարտադրանքի:

Այնպես որ, եթե, այդուհանդերձ, Արևմուտքը շարունակի կառչած մնալ իր սահմանած աշխարհակարգին, դրա անհրաժեշտությունն էլ կվերանա՝ աշխարհի անխուսափելի վերացմամբ: Հնարավոր է, որ նախապատվություն տրվի այս տարբերակին, քանի որ Արևմուտքում սուր զգացողությունների սիրահարների թվաքանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է…

Գագիկ Վարդանյան