Ընդունու՞մ եք Գարեգին Բ-ին որպես քրիստոնյաների առաջնորդ․ Էջմիածնի փոխքաղաքապետը հարցը սադրանք է որակում
«Հրապարակը» գրել էր, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսած «Վարդանանց» շարժումը, որը պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում ընդդեմ եկեղեցու եւ եկեղեցականների, պատրաստվում է Գարեգին Բ-ի դեմ հերթական հանրահավաքին։ Շարժումը հանրահավաքի թույլտվություն ստանալու համար դիմել էր Վաղարշապատի համայնքապետարան, եւ համայնքապետին փոխարինող Արսեն Պետրոսյանը թույլատրել է Վարդանանց շարժման համակարգող, Հայ առաքելական եկեղեցու ձեռնադրված դպիր Անդրանիկ Դովլաթյանին՝ իրազեկում-հանրահավաք անցկացնել փետրվարի 24-ին, ժամը 15.00-19.00-ն՝ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում, սակայն նույն փոխքաղաքապետը, հանրային դժգոհություններից հետո, եկեղեցու դեմ հանրահավաք անցկացնելու որոշումը ուժը կորցրած է ճանաչել՝ ինչ-որ անճշտությունների պատճառով։ Այս առնչությամբ զրուցել ենք Էջմիածնի փոխքաղաքապետ, ՔՊ-ական Արսեն Պետրոսյանի հետ։
-Փետրվարի 24-ին Վաղարշապատում «Վարդանանց» շարժումը հանրահավաք է անելու Կաթողիկոսի դեմ։ Ինձ հետաքրքիր է քաղաքային իշխանության պաշտոնական տեսակետը՝ Վեհափառի դեմ արշավների վերաբերյալ։
-Ես չգիտեմ, թե այդ շարժումը ինչ է ուզում անել, որ հանրահավաք անցկացնելու համար դիմել է մեզ։ Մենք այդ մասին իրազեկում ենք նաեւ ոստիկանությանը, որ իրավապահները զբաղվեն դրանով, հասկական, թե իրենց գործողությունները որքանով է իրավաչափ։
-Իսկ բարոյական տեսանկյունից ճի՞շտ են Վեհափառի դեմ արշավները։
-Սա ինձ համար շատ նուրբ թեմա է, ես քրիստոնյա մարդ եմ, մեր եկեղեցու հետեւորդ եմ, իմ համար անթույլատրելի է եկեղեցու դեմ գործողությունները, եւ սա իմ անձնական կարծիքն է, ոչ թե պաշտոնականը։ Եթե անցնենք պաշտոնականին, ես պետք է ավելի շատ իրավական գնահատական տամ։
-Կոմիտասի հրապարակում են ուզում հավաքվել, եւ այդ հրապարակը համարվում է համայնքապատկան տարածք։ Դու՞ք եք թույլտվություն տվել։
-Թույլտվության համար դիմել են մեզ, մենք թույլ ենք տվել, բայց երբ պարզվեց, որ ներկայացված դիմումի մեջ անհամապատասխանություն եւ անճշտություն կա կազմակերպիչների անունների հետ կապված, մենք ասացինք՝ շտկեք, եւ տեղը փոխեք։
-Փաստորեն, եթե տեղը փոխեն, կարող են իրականացնել Վեհափառի դեմ այդ հանրահավաքը։
-Մենք իրենց առաջարկել ենք տեղի փոփոխություն, կոնկրետ հրապարակում ու առհասարակ երթեւեկելի տարածքներում նպատակահարմար չենք գտնում, քանի որ խոչընդոտվելու է հազարավոր մարդկանց հիմնարար իրավունքը։
-Այդ նույն տարածքում Նիկոլ Փաշինյանն էլ է հանրահավաքներ իրականացրել, իրեն կարելի է, մյուսներին՝ ոչ՞։
-10,15 կամ 100 հոգով հավաք անելը, հազարավոր մարդկանցով հավաքներ անելը մեկ այլ բան։ Հրապարակում շատերն են հանրահավաք արել, հիմա էլ կարող են, բայց ոչ 10 հոգով, երբ այդ մի քանի հոգու համար կարող է փակվել ամբողջ երթեւեկելի հատվածը։
-Դուք հիմնականում իրավական տեսանկյունից եք հարցին նայում, բայց այս թեման ավելի շատ բարոյական խնդիր ունի։ Արդյո՞ք Ձեզ համար ընդունելի են Վեհափառի դեմ ուղղված այս ոտնձգությունները։ Այդ հանրահավաքը անցկացնելու թույլտվությունը Դուք թույլտվություն եք տվել։
-Երկրորդ անգամ եք հարցը տալիս, արդեն պատասխանել եմ։ Եթե որեւէ ոտնձգություն, արշավ պետք է լինի կոնկրետ եկեղեցու ու քրիստոնեության դեմ, ինչ համար անընդունելի է, իսկ թե ում ունը կտան, ինչ կանեն, ինձ չի հետաքրքրում։
-Շարժման առաջնորդները Վեհափառի դեմ են, ոչ թե եկեղեցու։ Դուք ընդունու՞մ եք Կաթողիկոսին որպես Ձեր կրոնի առաջնորդ, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ։
-Ի՞նչ տրամաբանությամբ եք այս հարցերը ինձ տալիս, դա այս պահին ինչ կապ ունի այս խնդրի հետ։ Մենք մի հատ հարեւան ունենք, հեչ իմ դուրը չի գալիս, Դուք ո՞նց եք ընդունում այդ մարդուն։
-Պարոն Պետրոսյան, Դուք հանրային ծառայող եք, ավելին՝ Հայ Առաքելական եկեղեցու նստավայր Էջմիածնի փոխքաղաքապետը, իմ եւ Ձեր տարբերությունը չե՞ք հասկանում։ Դուք թույլտվություն եք տվել Վեհափառի դեմ հանրահաք իրականացնել եկեղեցու կողքին՝ Կոմիտասի անունը կրող հրապարակում։ Կաթողիկոսը մեր՝ քրիստոնյաներիս առաջնորդն է, Դուք ընդունու՞մ եք նրան որպես այդպիսին, թե ոչ։
-Հասկացանք հանրային ծառայող ենք։ Ես չեմ ուզում պատասխանել այն հարցերին, որոնք իմ պաշտոնական լիազորություններից չեն բխում։ Ես չեմ ուզում էդ հարցին պատասխանեմ։ Դուք սադրիչ հարցեր եք տալիս, հենց հիմա սադրում եք, չի կարելի, ամոթ է։
-Պարոն Պետրոսյան, Դուք թույլ եք տվել եկեղեցու դեմ հավաքներ անեն, հարցնում եմ՝ ընդունում եք Վեհափառին թե ոչ, ասում եք ՝ սադրում եմ։ Կսադրեի այն ժամանակ, երբ ամեն անգամ հարց տալիս հիշեցների, որ բարձրագույն կրթություն չունեք, բայց զբաղեցնում եք փոխքաղաքապետի պաշտոնը։
-Բարձրագույն դիմպլոմ ունենալ-չունենալը կրթական ցենզի մասին չի խոսում։ Ես այլեւս խոսելու բան չունեմ։
Կարծիքներ