Ալիեւն արդեն սպառնո՞ւմ է Պուտինին

Ալիեւն արդեն սպառնո՞ւմ է Պուտինին

ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւի հայտարարությունը, պարզվում է՝ խիստ վիրավորել է ադրբեջանական իշխանություններին: Գեներալն Ուկրաինա հասցված հումանիտար գործողությունների մասին զեկուցելիս ասել է, որ Կիեւի եւ Զապորոժիեի շրջանների բնակիչների համար «50 տոննա պարենամթերք է առաքվել Սիրիայից, իսկ 14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ Լեռնային Ղարաբաղից»: 

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այս հայտարարությունը որակել է որպես սադրիչ եւ ժամեր անց հայտարարություն տարածել, որում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում անընդունելի է։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը։ Միաժամանակ այս դիրքորոշումը հաստատվել է երկու երկրների միջեւ ստորագրված համապատասխան փաստաթղթերում։

Հակառակ ՌԴ պաշտոնական դիրքորոշման, ՌԴ ՊՆ պաշտոնական հայտարարությունները եւ ավելի վաղ այս անվան տակ նշանակում էին Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ»: Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծում է նաեւ, որ նման հայտարարությունները կարող են վնասել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին եւ հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ՌԴ ՊՆ-ին կոչ է անում՝ դադարեցնել «Ադրբեջանում բացակայող վարչատարածքային միավորների» անվան տակ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հիշատակելու պրակտիկան։

Ուշագրավ է, որ այս հայտարարություններին զուգահեռ իրավիճակը սրվեց Արցախում եւ Հայաստանի սահմաններին։ Ակնհայտորեն, ադրբեջանական կողմը սադրանքների է գնում եւ առճակատման հող է նախապատրաստում՝ իրեն եւ ավագ եղբորը՝ Թուրքիային բնորոշ ձեռագրով. երբ որեւէ տեղ Ռուսաստանի գլուխը խառն է լինում ռազմական գործողությունների մեջ, այս երկրները լարվածության օջախ են ստեղծում մեկ այլ տեղ: Ադրբեջանական կողմն անթաքույց նշում է այդ տեղի հասցեն՝ «Ադրբեջանի այն տարածքները, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական զորքերը»… Ճիշտ է՝ այս հայտարարությունն արվել է ոչ թե Ալիեւի շուրթերով, այլ ՊՆ-ի, սակայն գաղտնիք չէ, որ այն արվել է նախագահ Ալիեւի անմիջական հրահանգով: Այնպես, ինչպես ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի հայտարարությունը առանց ՌԴ նախագահի իմացության եւ հավանության չի արվել: