Ով գողացավ կարագը, ում գցեցին մարագը

Ով գողացավ կարագը, ում գցեցին մարագը

Այսօր անդրադառնալու եմ Փաշինյան Նիկոլի ընտանեկան թերթի, այսպես ասած, վերլուծական վերջին հոդվածին, որտեղ փորձ է արվում  «գաղափարական» դիրքերից սխալ հանել ընդդիմադիր շարժումը: Առաջին «հարվածը» հասցվել է խաղաղ անհնազանդության շարժման մեկնարկի դրդապատճառին: Հիշեցնեմ՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին իր հայտարարությունից հետո սկսված շարժումից անհանգստացած Նիկոլը շտապել էր հայտարարել, թե «Արցախը իր չէ, որ հանձնես կամ չհանձնես։ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»։ Սա որպես հիմնավորում բերելով՝ հոդվածագիրը «տրամաբանական» հետեւություն է անում, որ Փաշինյանը հերքեց հանրությանը մոլորեցնող պնդումը, թե իբր ինքը պատրաստվում է հանձնել Արցախը, եւ, ըստ այդմ, շարժումը պետք է դադարեցվի: 

Այս «տրամաբանական» հետեւությանը պատասխանենք այս հարցադրմամբ՝ հոդվածագիրը ծանոթ չէ՞ր, թե ինչ է տեղի ունեցել 2020 թ. նոյեմբերի 9-ին: Երբ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ժողովրդի թիկունքում՝ առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, կեսգիշերին ստորագրեց կապիտուլյացիոն հայտարարությունը: Հետո մեկ շաբաթ թաքնվեց ՊՆ թաքստոցում: Այնպես որ, ժողովրդի թիկունքում Նիկոլն արդեն մեկ անգամ նման բան է արել, ինչո՞ւ չի կարող նույնն անել երկրորդ անգամ: Ինչ մնում է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցմանը, ապա այն այլ կերպ, քան ընկալում է ընդդիմությունը, հնարավոր չէ: Հատկապես, որ նույնկերպ էլ այն ընկալել է Նիկոլը՝ հայտարարելով, որ բազմաթիվ դրսեցիներ իրեն դա են ասում. այսինքն՝ դեռեւս մեղմ ձեւով դա են պահանջում: Իսկ Նիկոլի կողմից ընդհանրապես ինչ-որ բան հերքելու կամ չհերքելու առումով ընդամենն ասեմ, որ հիշողությունից ոչ զուրկ մարդիկ կարող են Նիկոլի՝ ինչ-որ բան մերժելու, իսկ հետո ընդունելու վերաբերյալ բազմաթիվ օրինակներ բերել՝ 2018-ից սկսած:

Շարունակենք հոդվածի ընթերցումը. փողոցային շարժումը ծաղրելու փորձեր անելով՝ հոդվածագիրը համեմատություններ է տանում հետպատերազմական առաջին շարժման հետ, որպեսզի նոր շարժումը նախորդի հետ համեմատելով՝ «բացահայտի» նորի թերությունները: Օրինակ, որ, ի տարբերություն նախորդ՝ «Առանց Նիկոլ Հայաստան» հստակ կարգախոսի, այս մեկը համարժեք կարգախոս չունի: Ենթադրում եմ, որ «առանց թուրքի Հայաստան» կարգախոսը հոդվածագիրը հասկացել է ուղղակիորեն: Իսկ եթե ոչ՝ փորձել է հանրահայտ կենդանու տեղը դնել իր ընթերցողին: 

Նոր շարժման ղեկավարության առումով բառախաղ անելով՝ հոդվածագիրն ընկնում է իր սարքած «իրականության» ծուղակը: Որովհետեւ օբյեկտիվ քննության դեպքում կպարզեր, որ շարժումը սկսվեց երկու անկախ ուղղությամբ: Մի կողմից, հանուն Արցախի կարգավիճակի, այն մեկնարկեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նստացույցով: Հետո զոհված զինծառայողների ծնողները, վարչապետի՝ պատերազմը կանգնեցնել-չկանգնեցնելու չմտածված խոսքից զայրացած, փողոց ելան: Այնպես որ, շարժման թիկունքում Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան փնտրելու մոլուցքն ընդամենը շարժումը կրկին նախկինների հետ կապելու եւ դրանով մարդկանց հետ պահելու միտում ունի, ինչը չեմ կարծում, թե կաշխատի, որովհետեւ նրանք անձնապես շարժումը սկսելու հետ որեւէ կապ չեն ունեցել: 

Շարժման ընթացքում կիրառված գործիքների մասին խոսելուց եւ դրանք 2018-ի շարժման «սեփականությունը» համարելուց հետո հոդվածագիրն անցնում է շարժման կարգախոսի կրեատիվիզմին: Երեւում է, որ հեղինակը զրուցել է փիառի լուրջ մասնագետների հետ: Եվ նրանց մտքերը սեփականացնելով՝ փորձել է կառուցել 2018 թվականի եւ հետպատերազմական կարգախոսների համեմատական մի ողջ տեսություն: Նպատակը, բնականաբար, 2018-ի շարժման կարգախոսներն «արժեւորելն» է եւ, ընդհակառակը, հետպատերազմական հականիկոլական կարգախոսները «թերագնահատելը»: Ընդամենն ասեմ, որ հականիկոլական նախկին շարժման «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը նույնքան տեղին եւ այժմեական է, որքան 2020-2021 թթ. ձմռան ու գարնանը: Եվ դրան գումարած՝ «Առանց թուրքի Հայաստան»-ը հայրենասիրության ամենաթեթեւ նշույլ ունեցող անձանց համար ավելի հարազատ է հնչում, քան 2018-ի կարգախոսները:

Հոդվածագիրը հիշատակում է Սերժ Սարգսյանի՝ նախկինում տված խոստման դրժումը՝ փորձելով դրանով հիմնավորել թե՛ 2018-ի շարժումը եւ թե՛ դրա կարգախոսները: Բնականաբար, «մոռանում» է, որ Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է, եւ վերջ» գոռացողը պատերազմից այս կողմ մոռացել է Արցախի ճանապարհը եւ համաձայնել է կարգավիճակի նշանաձողն իջեցնելուն:

Համաձայնել է՝ ընդունելով Իլհամի 5 պահանջները, որտեղ տառ անգամ չկա Արցախի կարգավիճակի մասին: Իհարկե, դեմքը փրկելու համար հայտարարել է, որ այդ հարցը կքննարկվի բանակցությունների ընթացքում՝ մոռանալով, որ բանակցողն ինքն է եւ ներառող լիներ՝ կներառեր հենց Բրյուսելում: Բնականաբար, նման «մանրուքները» հոդվածագիրը չի նկատում, նրա նպատակը միայն հականիկոլական շարժումը սեւացնելն է: 

Ի դեպ, հեղինակը չի սխալվում՝ շարժման նպատակը զուտ իշխանափոխությունն է, իսկ ի՞նչը լիներ, եթե հենց Նիկոլի մեղքով ենք հայտնվել անդունդի գրեթե հատակին, ինչպե՞ս կարող ենք դուրս գալ այնտեղից նույն Նիկոլի միջոցով: Շուրջ 100 տարի առաջ հավանականության տեսության հիմնադիրն էր ասել, որ եթե ինչ-ինչ քայլերի արդյունքում խնդիր է առաջանում, ապա դրա լուծումը չի կարող լինել նմանատիպ քայլերի միջոցով: Ինչ մնում է ընդդեմ թուրքի «Զարթիր լաո» երգին, ապա հեղինակին մնում է մեկ անգամ եւս մտածել «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսի իմաստի մասին: Այն ժամանակ երեւի ամեն ինչ հստակ կլինի իր համար: 

Մեկ-երկու բառ էլ՝ կարմիր եւ սեւ գույների (իր ասելով՝ արյան եւ սգո գույների) համադրությամբ «STOP Նիկոլ» գրությամբ պաստառի մասին։ Այո, պատերազմը բացահայտեց Նիկոլի էությունը. մի քանի հազար զոհի գնով Արցախը թշնամուն հանձնելու անմարդկային եւ հակահայկական գաղափարի իրականացումը: Այդ պաստառը ոչ թե «քարոզչական անգրագիտության ցցուն օրինակ է», ինչպես կարծում է հոդվածագիրը, այլ հաջողված պատկեր, քանի որ մարդկանց դրդում է կանգնեցնել Նիկոլին: Իսկ նրան կանգնեցնելը, բնականաբար, չի կարող տեղի ունենալ առանց հեռացման: Իշխանափոխությունից հետո, իմ կարծիքով, այդ պաստառը կգնահատվի որպես լավագույն քարոզչական պաստառի նմուշ:

Եվ վերջապես, պարտությունը ոչ թե պետք է լիներ իշխանափոխության պատրվակ, այլ իրեն հարգող յուրաքանչյուր ղեկավար ինքը պետք է հրաժարական ներկայացներ: 1920 թվականին Կարսի բերդի անկումը չտեսնելու համար պարետ, գնդապետ Մազմանյանն ինքնասպանություն գործեց: «Փրկիչ» Նիկոլը եթե արժանապատվություն ունենար, գոնե հրաժարական պետք է ներկայացներ, մանավանդ այն ժամանակ, երբ պատերազմից հետո թշնամի երկրի ղեկավարը սկսեց ձեռք առնել իրեն ու իր միջոցով՝ մի ողջ ժողովրդի: Սակայն Նիկոլը գերադասեց պահպանել իշխանությունը եւ անմռունչ տանել Իլհամի ստորացումները: