Ընդդիմությունը պիտի շատ անտաղանդ լինի, որ ձախողի այս վիճակը

Ընդդիմությունը պիտի շատ անտաղանդ լինի, որ ձախողի այս վիճակը

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

- Մայրաքաղաքում արդեն որերորդ օրն է՝ հանրահավաքներ ու անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Երթերին ու հանրահավաքներին մասնակցողների քանակն օր-օրի ավելանում է։ Ի՞նչ գնահատական կտաք իրավիճակին։

- Տեսեք, ընդդիմությունը փորձում է պետության կենսագործունեությունը կաթվածահար անելու միջոցով իշխանություններին պարտադրել հրաժարականի կամ առնվազն գնալ արտահերթ ընտրական պրոցեսի։ Բայց քանի որ իշխանությունները, իմ պատկերացմամբ, ընդհանրապես թքած ունեն պետական ապարատի արդյունավետության չկաթվածահար լինելու վրա, դա նրանց չի հետաքրքրում ընդհանրապես։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ ինչքան էլ ճնշումները մեծանան, ինչքան էլ կաթվածահար արվի երկրի կյանքն ընդհանրապես, իշխանությունները, միեւնույն է՝ ինքնակամ հրաժարական չեն տալու։ Դրա համար բավականին մեծ է բախումների վտանգը։ Ընդ որում, առայժմ ես չեմ տեսնում, որ ընդդիմությունն ակցիաներից բացի նաեւ բովանդակություն կդնի դրա տակ, այսինքն՝ հստակ ներկայացնի, թե ինչ է պատրաստվում անել իշխանափոխությունից հետո։ Եթե այդ ծրագիրը ներկայացնի գոնե ընդհանուր գծերով, այդ շարժումն ավելի լայն թափ կստանա եւ ըստ այդմ էլ՝ հաջողության հասնելու իր շանսերը կմեծացնի։ Որովհետեւ, եթե փողոցում հավաքված է մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար մարդ, ապա իշխանությունները, այո, ես վստահ եմ, որ կփորձեն ուժ կիրառել, անգամ կկրակեն ժողովրդի վրա։ Բայց եթե այնտեղ լինեն հարյուր հազարավոր մարդիկ, իշխանությունները չեն համարձակվի անել դա։ Իսկ ուժային կառույցներն էլ, եթե անգամ հրաման լինի, պարզապես կհրաժարվեն կատարել։ Դրա համար էլ ես համարում եմ, որ ծրագիր ներկայացնելը, բովանդակություն դնելն այս շարժման տակ անչափ կարեւոր է։ Իշխանափոխության հասնելու բոլոր նախադրյալները կան, ըստ էության։ Ընդդիմությունը պիտի շատ անտաղանդ լինի, որ ձախողի այս վիճակը։

- Հայաստանում տիրող ներքաղաքական լարված իրավիճակին զուգահեռ, Բաքվի բռնապետը, առիթից օգտվելով, իր ժողովրդի սիրտը շահող, ոգեւորող ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս՝ ուղղված Հայաստանին։ Սա արվում է այն դեպքում, երբ այսօր սեղանին դրված է Հայաստանի հետ խաղաղության, բարեկամության օրակարգը։

- Ակնհայտորեն, Ադրբեջանը փորձելու է անընդհատ մեծացնել ճնշումը, նրա ախորժակը բացվելու է, նա նորանոր պահանջներ է ներկայացնելու։ Նրանք բացահայտ խոսում են այն մասին, որ սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմքում կարող են դրվել ինչ-որ անհասկանալի քարտեզներ, որոնցով ե՛ւ Սյունիքը, ե՛ւ Արարատյան դաշտի ինչ-որ հատվածներ իբր Ադրբեջան են, այդ թվում՝ նաեւ Երեւանը։ Այսինքն,  բնականաբար, նրանք փորձելու են  օգտվել Հայաստանի իշխանությունների կրավորական պահվածքից, ներքաղաքական անկայունությունից եւ, իհարկե, կփորձեն օգտվել ռազմական ագրեսիայի միջոցով, իրենց դիրքորոշումն ավելի  կկոշտացնեն։ Բայց բնական է՝ ինչքան Հայաստանը ցնցումների մեջ հայտնվի, ինչքան Հայաստանը թուլանա, այնքան ագրեսիվությունն ավելանալու է։

- Կարծես թե Թուրքիայի ախորժակն էլ է բացվել։ Խոսակցություններ կան, թե իբրեւ Արաքս գետի վարարման հետեւանքով սողանքներ են առաջացել Հայաստան-Թուրքիա սահմանին, եւ իբրեւ թե սահմանագծման անհրաժեշտություն է ծագել։ Ինչո՞ւ է սրա մասին հիմա խոսվում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում նման խոսակցությունները։

-  Այս ամենին մասնագիտորեն անդրադառնամ։ Ես չեմ կարծում, թե հայ-թուրքական սահմանը վերանայելու թեմա կարող է լինել։ Ի տարբերություն հայ-ադրբեջանական սահմանի, հայ-թուրքական սահմանը, ըստ էության, Խորհրդային Միության եւ Թուրքիայի սահմանն էր, որը շատ հստակ քարտեզագրված էր, շատ հստակ այնտեղ դեմարկացիան իրականացված է։ Իհարկե, ես հասկանում եմ, քանի որ սահմանն անցնում է գետի հունով, ապա գետի հունի փոփոխությունն ինչ-որ հարցեր կարող է առաջացնել։ Տարբերությունը կարող է լինել 100-200 մ, բայց ես չեմ կարծում, որ այդ հարցը երբեւէ կքննարկվի։ Հետեւաբար, ես դա դիտարկում եմ ավելի շատ որպես փորձ Թուրքիայի կողմից, ինչ-որ լրացուցիչ ճնշումներ, որ տեսեք՝ եթե խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ չստորագրվի, մենք կարող ենք նաեւ այդ հարցը բարձրացնել։