Մանվել Գրիգորյանի կնոջը, դատավոր աղջկան եւ այլ մերձավորների կանչել են Դատախազություն

Մանվել Գրիգորյանի կնոջը, դատավոր աղջկան եւ այլ մերձավորների կանչել են Դատախազություն

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը շարունակում է նախկին իշխանության հետ առնչվող հայտնի անձանց գույքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարել։ Այս անգամ դատախազություն  են հրավիրվել ԱԺ նախկին  պատգամավոր, Մանվել Գրիգորյանի (մահացել է 2020 թվականին) ընտանիքի անդամները եւ մերձավորները՝ թվով 9 հոգի՝ կինը՝ Նազիկ Ամիրյանը, դատավոր դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, որդիները՝ Արման Գրիգորյանը, Կարենի Գրիգորյանը եւ մյուս ընտանիքի անդամները։

Նազիկ Ամիրյանին դատախազություն կանչելու վերաբերյալ նշված է, որ նրան այնտեղ են հրավիրում, քանի որ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ըստ որի՝ Նազիկ Ամիրյանի անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: 

Իսկ Մանվել Գրիգորյանի երեխաներին կանչելու վերաբերյալ դատախազությունը գրեթե նույն բանն է ասում, բացառության նրա, որ երեխաների դեպքում բռնգանձման առարկա է հադիսանում Մանվել Գրիգորյանից նրանց անցնող ժառանգությունը։

Գրիգորյանների փաստաբան Լեւոն Բաղդասարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ իր վստահորդներին Գլխավոր դատախազություն կանչելուն․ 

«1,5 տարի առաջ օրենք հանեցին ապօրինի գույքը բռնագանձելու հետ կապված, ես որպես իրավապաշտպան այն ժամանակ բարձրաձայնեցի, որ այդ օրենքն աղերս չունի Քաղաքացիական օրենսգրքի հետ, բայց միևնույն ժամանակ այդ օրենքի մեջ կան որոշակի իմպերատիվ պահանջներ, որտեղ պետական լիազոր մարմինը պարտավորություն ուներ այդ դրույթները պահպանելու։ Մասնավորապես՝ այդ օրենքի մեջ պարտադիր պայման է դիտվում, երբ  վարչական վարույթ է հարուցում դատախազությունը եւ վարչական վարույթով տեսնում է, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի, պարտադիր պայման է դրվում, որ շահագրգիռ անձանց գտնեն եւ իրենց հակափաստարկները ներկայացնեն։ Ցավոք, դատախազությունը շտատեց հայտարարություն անել, որ ապօրինի գույքը պետք է բռնագանձվի, այդ թվում ժառանգների կողմից, ես դա դիտում եմ որպես առերևույթ միջամտություն արդարադատությանը, որովհետեւ առանց կողմերին լսելու շտապեց նման հայտարություն անելու․․․․ Այո, երկուշաբթի օրվա համար ծանուցում է ուղարկված, եւ ես կգնամ դատախազություն, ավելի մանրամասն ծանոթանալով, թե ինչին է վերաբերում, կներկայացնենք մեր հակափաստարկները։ Ասեմ, որ գույքի վրա կրկնակի արգելանք է դրել Դատախազությունը․ ժամանակին, երբ քրեական գործ հարուցվեց Մանվել Գրիգորյանի եւ հարազատների նկատմամբ, այն ժամանակ դեռ արգելանք էր դրվել, այս փուլում եւս դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը եւ արգելանք է դրվել»։

Փաստաբանը նշեց, որ արգելանք է դրվել եւ անշարժ եւ շարժական գույքերի վրա․ «Դատախազությունը ներկայացնում է, որ դրանք ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված գույք է, մենք դրա վերաբերյալ մեր հակափաստարկները կներկայացնենք»։

Դատախազությունից հարուցված վարույթների եւ դրանց հետո կապված արդյունքների վերաբերյալ ամփոփում են պատրաստում։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հայտնեց, որ առաջիկայում կհրապարկվեն ավելի կոնկրետ տվյալները։ Այնուամենյանիվ, նա փոխանցեց, որ ընդհանուր տվյալներով ուսումնասիրության վարույթների թիվը շուրջ 300-ն է․ «Մոտ 2 տասնյակից ավելի գործերով ավարտվել են ուսումնասիրությունները,  գրեթե նույնքան անձի և նրանց փոխկապակցված անձանց գույքի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, արգելանք կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Կոնկրետ ապօրինի գույքի բռնագանձման նպատակով արդեն 3 հայցապահանջ է ներկայացվել դատարան, որոնք ընդունվել են վարույթ,  մեկ գործով արդեն նախնական դատական լսումներ են կայացել, մյուսներով, որքան տեղեկացված եմ, դեռ նիստեր չեն կայացել: Ամեն դեպքում գործըթնացը բնականոն հունով շարունակվում է»։