Վարդեւանյանը «հոբելյանական» 11-րդ դիմումն է ներկայացնելու ՍԴ

Վարդեւանյանը «հոբելյանական» 11-րդ դիմումն է ներկայացնելու ՍԴ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն արդեն հոբելյանական 10-րդ հայցն է ներկայացրել ՍԴ։ Շուտով պատրաստվում է ոչ պակաս «հոբելյանական»՝ 11-րդ հայցը մուտք անել, որը ԶԼՄ-ների իրավունքներին է վերաբերում։ Հայցը հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի արարողակարգային ծախսերը գաղտնի պահելու խնդրին է առնչվում։

«Ըստ էության՝ մենք այս փուլում ունենք երեք դիմումների վերաբերյալ վերջնական լուծում։ Առաջինն ԱԺ պատգամավորների անձեռնմխելիության կարգավիճակի վերաբերյալ հարցն էր, որը հաջողությամբ լուծվեց։ Երկրորդ հարցը վերաբերում էր ՊՇՌ թեստերի ծախսի վերաբերյալ հանգամանքին, որը Սահմանադրական դատարանը թեեւ լուծեց, բայց փաստացի առողջապահության նախարարությունը եւ կառավարությունը որդեգրել են ՍԴ որոշումներն անտեսելու, անլրջացնելու մոտեցում, որը, իմ կարծիքով, իսկապես խայտառակ մոտեցում է։ Մյուս հանգամանքը, որը հենց առաջիկայում է քննության առարկա դառնալու (հունվարի 28-ին), վերաբերում է ԱԺ նախագահի ընտրությանը, վերաբերում է ԱԺ նիստը նախագահողների լիազորություններին։ Մյուսը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի կարգավիճակին, իսկ մյուսը, որը լուծում ստացել է, բայց ոչ՝ դրական, վերաբերում էր պետական, քաղաքական պաշտոն ստացած անձանց այդ պարգեւատրման համակարգին։ ՍԴ-ն մերժեց այդ դիմումը՝ գտնելով, որ նշվածը պետական քաղաքականության խնդիր է, ոչ թե սահմանադրականության»,- ասաց Վարդեւանյանը։

- Հիմա, եթե հաջողության հասնեք, օրինակ, ԱԺ նախագահի լիազորությունների կամ ԲԴԽ-ի մասով, կարծում եք՝ որեւէ բան կփոխվի՞։

- Այլընտրանք չի լինի։ Այսինքն՝ նման դեպքերում ուղղակի ռեժիմը հետեւանքի այնպիսին է, ինչպես եղավ պատգամավորների դեպքում։ Դուք գիտեք, մեր գործընկերները հենց ՍԴ որոշման հիմքով են ազատ արձակվել։ Բայց նույնը կարելի է ասել առողջապահության նախարարության դեպքում, քանի որ այնտեղ, կարելի է ասել, մի քիչ ավելի պարզ ձեւակերպեմ՝ պետությունը գիտակցում է, որ բեռ պետք է վերցնի, ծախս պետք է կատարի, իսկ իրենք դա առաջնահերթ չեն համարում, իրենք առաջնահերթ համարում են լրիվ այլ բնույթի ծախսեր անելը՝ պարգեւատրումներ եւ այլն։

- Չե՞ք կարծում, որ այն հարցերը, որոնցում ՍԴ-ն հօգուտ ընդդիմության է որոշումներ կայացնում, դրանց տակ կարող է լինել քաղաքական կոնտեքստ, որ այդ հարցերում իշխանությունն ունեցել է տեղ՝ զիջման գնալու, թվացյալ ժողովրդավարության ֆոն ապահովելու, իսկ Ալեն Սիմոնյանի, Գագիկ Ջհանգիրյանի հարցերում դժվար թե թույլ տա, որ ՍԴ-ն նման որոշումներ կայացնի։

- Եկեք ամենայն ազնվությամբ ասեմ՝ ՍԴ-ի յուրաքանչյուր որոշմանը ես առանձին եմ գնահատական տալու։ Պահպանելով կոռեկտությունը եւ ձեւը, թե ինչպես կարելի է գնահատական տալ ՍԴ որոշումներին, բայց յուրաքանչյուր դեպք առանձին գնահատելու եմ։ Այն մտահոգությունները, որ Դուք բարձրաձայնեցիք, ընտրական վեճը, երբ քննվում էր Սահմանադրական դատարանում, ես դրա շրջանակներում այդ խնդիրները տեսել եմ։ Դրանք հենց այն մտահոգություններն էին, որոնք բարձրաձայնում էի՝ քաղաքական ճնշումները, այս իշխանությունների վարքագիծը՝ առհասարակ դատական մարմինների հետ, որ ոչ բոլորն են ի զորու դիմադրել նման ճնշումների։

- Այդ դեպքում իմաստը ո՞րն է ՍԴ դիմելու՝ աչքի առաջ ունենալով այն կանխավարկածը, որ կոնկրետ հարցերով, միեւնույն է, հաջողության չեք հասնելու։

 - Ես, առհասարակ, միշտ օպտիմիստ եմ՝ ցանկացած իրավիճակում, եւ հենց էդ տեսանկյունից նայեք հարցին, եւ երկրորդը՝ նայեք արդեն դրական արդյունքների տեսանկյունից։

- Օրինակ, ՍԴ որոշման արդյունքում ձեր գործընկերներին բաց թողնելը կարող է որոշակի ժեստ լինել իշխանության կողմից՝ ընդդիմության հանդեպ։

- Բնավ այդպես չեմ տեսնում, դա հիմնավորվում է դատախազության հայտարարություններով, չտեսա՞ք, թե ինչպես անձնական ընդունեցին ՍԴ որոշումը։

- Հիմա, եթե Ալեն Սիմոնյանի մասով ՍԴ-ն մերժի Ձեր հայցը, Դուք Սիմոնյանին կընդունե՞ք որպես լեգիտիմ ընտրված նախագահ։

- Ես հետեւյալը կարող եմ ասել՝ Սահմանադրական դատարանը թող իր որոշումը կայացնի, ուղղակի խնդիրը հետեւյալն է՝ արդեն հիմքերից մեկը հաստատված է։ Այդ հիմքերից մեկը եղել է այն, որ, օրինակ, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը չեն մասնակցել։ Դա արդեն իսկ հաստատված է հենց այն գործով, որ դա եղել է ապօրինի։