«Հրապարակ». Ապրիորի մենք կոռուպցիոներ չենք կարող լինել

«Հրապարակ». Ապրիորի մենք կոռուպցիոներ չենք կարող լինել

Չորս տարի անընդմեջ նախկինների թալանից, կոռուպցիոն մեխանիզմներով հարստանալուց խոսող եւ այդ «թալանը հետ բերող» իշխանության ներկայացուցիչներն այս տարիներին հասցրել են շատ դեպքերում ոչ պակաս հարստություն դիզել, քան նախկինները տասը կամ քսան տարվա ընթացքում։ Այս իշխանության որոշ ներկայացուցիչներ անգամ աստղաբաշխական թվերով են հարստացել՝ ձեռք բերելով նոր բնակարաններ, նոր առանձնատներ, նոր մեքենաներ, թեեւ, նրանցից շատերի դեպքում, այդ ունեցվածքի դեռեւս միայն մի փոքր մասն է հանրության համար հասանելի ու երեւացող։ Բայց նրանք՝ այս «հակակոռուպցիոն» իշխանությունները, շարունակում են դեռեւս միայն նախկին «թալանչիների»՝ տասը տարի առաջ ձեռք բերած անշարժ գույքով զբաղվել, իբր սահմռկեցուցիչ փաստեր հայթայթել, դա որպես ապօրինի գույք ներկայացնել։ Իսկ երբ մամուլը գրում է նրանց թալանի, կոռուպցիայի, մեկ-երկու տարում ձեռք բերած շքեղ առանձնատների, անշարժ ու շարժական այլ գույքերի մասին, այս իշխանություններին առընթեր իրավապահ մարմինները լռում են, որովհետեւ «փաստեր չունեն»։

Ահավասիկ՝ օրեր առաջ մամուլում հրապարակվեցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից 280 հազար դոլարով ձեռք բերված շքեղ առանձնատան լուսանկարներն ու դրա ձեռքբերման վերաբերյալ փաստական տվյալներ։ Բայց ոչ ոք դրան ընթացք չտվեց։ ՔՊ-ականներն անգամ «չեն էլ տեսել» մամուլի այդ հրապարակումները՝ իրենք միայն նախկինների ունեցվածքից են տեղյակ։
Օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով մեզ հետ զրույցում դժգոհում էր, թե ինչու է մամուլն անընդհատ շահարկում իր եղբոր՝ ասֆալտ անող մի ընկերությունում տնօրեն աշխատելն ու դրա տակ պարբերաբար կոռուպցիոն ռիսկեր տեսնում, մեր հարցին, թե ինչով կբացատրի այն, որ Արարատ Միրզոյանը 280 հազար դոլարով առանձնատուն է գնել,  ասաց․ «Ծանոթ չեմ, ես դրա մասին առաջին անգամ եմ լսում»։

- Դուք մամուլ չե՞ք կարդում, կամ մոնիտորինգով չե՞ն ուղարկում այդ նյութերը Ձեզ։

- Անկեղծ ասած՝ ինձ հերիքում են միայն իմ մասին գրածները, ես միայն իմ մասին նյութերն եմ կարդում։

- Ձեր տների մասին, այսինքն։

- Հա, իմ տների, որոնք ես չունեմ։ Իմ տների մասին ես կարդում եմ՝ ինձ լրիվ հերիք է։

- Բայց Արարատ Միրզոյանի առանձնատան մասին հրապարակվեց փաստերով, որ վարկ է ձեւակերպել եւ 280 հազար դոլար արժեքով առանձնատուն գնել։

- Նորմալ ա, սաղ երկիրը վարկով տուն ա առնում։

- 280 հազար դոլարո՞վ, պարոն Սիմոնյան, այն էլ՝ մոտ մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող նախարարը։

- Ես ներողություն եմ խնդրում, բայց եթե կարծում եք, որ էդ գումարը չի համապատասխանում, դիմեք՝ թող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զբաղվի դրանով։

- Իսկ ինձ, օրինակ, ինչո՞ւ չեն տալիս այդ չափի վարկ։

- Չգիտեմ՝ ինչու չեն տալիս։ Ձեր աշխատավարձն ինչքա՞ն է։

- Իսկ Արարատ Միրզոյանն ինչքա՞ն գումար է ստանում՝ բացի իր գրանցված աշխատավարձից։

- Ինչո՞ւ եք ինձ Արարատ Միրզոյանից հարցնում։

- Որովհետեւ նա ձեր քաղաքական թիմի անդամ է։

- Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ես Արարատ Միրզոյանի ազնվության եւ ոչ կոռումպացված լինելու մեջ համոզված եմ, ինչպես իմ մասով եմ համոզված։

- Հենց հերթը հասնում է ձեզ, այսինքն՝ Ձեր թիմակիցներին, կա՛մ տեղյակ չեք, կա՛մ չգիտեք, կա՛մ «թող քննությունը պարզի»։ Իսկ ուրիշներին միանգամից մեղադրում եք։

- Ոչ, որովհետեւ մենք ապրիորի բացառում ենք, որ կարա նման բան լինի մեր իշխանության հետ, հասկանո՞ւմ եք։ Տրամաբանությունն էն ա, որ, հա, իշխանության մեջ կարա տենց բան լինի, հիմա որոշ լրատվամիջոցներ, որոշ ՀԿ-ներ գումար են ստանում նրա համար, որպեսզի բացահայտեն, հիմա ընկած մութ սենյակում սեւ կատու են ման գալիս։ Ուղղակի խնդիրն էն ա, որ էդ սեւ կատուն էդ սենյակում չկա։

- Պարո՛ն Սիմոնյան, այս չորս տարվա մեջ Ձեր թիմակիցները տեղ-տեղ անգամ աստղաբաշխական թվերով են հարստացել, ու այդ մասին մամուլը պարբերաբար գրում է։

- Ո՞վ, օրինակ։

- Ձեզնից սկսած՝ շատերը, ամեն դեպքում այլեւս նախկին կարողությունը չունեն, այսինքն՝ ավելին ունեն այսօր։

- Իմ հայտարարագիրը կա, եւ իմ վիճակը՝ տնտեսական, հիմա երեւի ավելի վատ է, քան կլիներ, եթե ես էս գործին չլինեի։

- Բա ինչո՞վ օգնենք Ձեզ։

- Ինչով օգնե՞ք․․․ քիչ հարց տվեք։