Ի՞նչ ճիշտ քայլի մասին է խոսքը

Ի՞նչ ճիշտ քայլի մասին է խոսքը

Փաշինյան Նիկոլ. «Մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում, եւ այդ ականապատ դաշտից դուրս գալու ճանապարհները շատ չեն, եւ կարող է պարզվի, որ այդ ականապատ դաշտից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա»: Սա մեջբերում է կուսակցական ակտիվի հետ նրա հերթական հանդիպման ելույթից: Եվ շարունակել է, որ եթե սխալ քայլ անի` կպայթի այդ ականապատ դաշտում: Ինչպես երեւում է, ՀՀ վարչապետի պաշտոնը համառությամբ զբաղեցնող անձն ինքն իրեն դրել է սակրավորի կամ, ավելի ճիշտ, քաղաքական սակրավորի տեղը: Իրական սակրավորը, ինչպես հայտնի է, գեթ մեկ անգամ սխալվելու իրավունք էլ չունի, եթե ցանկանում է կենդանի մնալ: Տեսնենք՝ անսխալակա՞ն է, արդյոք, նրա շուրջ վեցամյա պաշտոնավարման արդյունքը:    

Այդ հարցին պատասխանելու նպատակով վերհիշենք նախքան 44-օրյա պատերազմը նրա վարած քաղաքականությունը: Այն է՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ մեր երկրի անվտանգությունն ապահովող Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուն ուղղված քայլերը: Առաջինը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովի նկատմամբ քրգործի հարուցումն էր: Երկրորդը Երեւան այցելած ՌԴ նախագահին ոչ պատշաճ դիմավորելն էր եւ ընդհանրապես ՌԴ-ին ուղղված՝ «թող հարմարվեն մեզանում կատարված փոփոխություններին» թեզով առաջնորդվելը: Ինչպես երեւում է, այդ ուղղությամբ երկրի ղեկավարի կատարած քայլերը ոչ թե միակ ճշգրիտն էին, այլ ճիշտ հակառակը: Իսկ վերը նշված քայլերից յուրաքանչյուրի դեպքում ինքը, որպես սակրավոր, վաղուց արդեն մահացած կլիներ: Ենթադրաբար, նման բան գիտակցված կերպով կաներ ոչ թե հայրենասեր անձը, այլ երկրի ղեկավարի պաշտոնին քաջնազարի բախտով հայտնված թշնամու գործակալը:

Անցնենք նրա հաջորդ, չէ` ամենամեծ ռազմավարական սխալին: Բրիտանական The Telegraph-ի լրագրողի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ 3-րդ պատերազմի հավանականության հարցին պատասխանում է (բաժանենք այն երկու մասի) է. ««Վախը» ճիշտ բառ չէ օգտագործելու համար, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է»: Այսինքն, եթե ՀՀ-ն չլիներ «ժողովրդավարական եւ զարգացող» երկիր, ապա վախի մասին խոսելն իմաստ կունենար: Ավելի բացելու դեպքում կստացվի, որ ժողովրդավարական եւ զարգացող լինելն է ապահովում մեր երկրի անվտանգությունը: Թե ժողովրդավարական լինելն ինչպես ապահովեց մեր անվտանգությունը՝ երեւաց 44-օրյա պատերազմի ընթացքում: Եվ հատկապես դրանից հետո ադրբեջանական հաջորդ ագրեսիաների ժամանակ:

Այժմ անդրադառնանք բրիտանական լրագրողի՝ վերը նշված հարցի պատասխանի երկրորդ մասին: Ահա այն՝ ՀՀ-ն «իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար, եւ իմիջիայլոց, վերջին տարիներին կարծում եմ՝ միջազգային հանրությունը տեսավ, եւ մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է»: Նախ, ես չգիտեմ, թե ինչ է տեսել միջազգային հանրությունը, քանի որ դրա ներկայացուցիչը չեմ: Բայց որպես մեր հանրության անդամ՝ ես տեղյակ չեմ, թե ինչ լայնածավալ բարեփոխումների մասին է խոսքը: Չնայած որպես լրատվական դաշտն ամենօրյա դիտարկող անձ՝ դա ես պետք է նկատեի առաջիններից մեկը: Թեեւ, կարող եմ ենթադրել, որ այդ բարեփոխումները չեն առնչվել մեր զինվորների կենցաղին, այլապես ոչ նորմալ պայմաններում բնակվող զինծառայող տղաները 2 տարի առաջ կենդանի-կենդանի չէին այրվի գյուղական տանը: Կամ էլ փորձենք ավելի դրական բան հիշել. հակաօդային պաշտպանության մի քանի ֆրանսիական կայանքների, վերջերս Հայաստան հասած հնդկական հրթիռների մասին: Կամ էլ, ինչը, ենթադրաբար, ավելի կսազեր նիկոլական բարեփոխումների էությանը, զինվորականների համազգեստի փոփոխության հանգամանքը:  

Որովհետեւ եթե շարունակվում է թշնամի երկրի ղեկավարի դուդուկի տակ պարելը, ապա չի կարող խոսք լինել որեւէ բարեփոխման մասին, ուր մնաց թե՝ լայնածավալ: Որովհետեւ իրական բարեփոխումների դեպքում թշնամի երկրի ղեկավարը չէր համարձակվի ստորացնել հենց նրան ու նրա միջոցով մեր պետությունն ու ժողովրդին: Դա բավարար չէ՝ ինքը շարունակում է տուրք տալ աղետաբեր հակառուսականությանը: Եվ հատկապես այն դեպքում, երբ արդեն հստակորեն ուրվագծվում է ռուսական հաղթանակը ռուս-ուկրաինական հակամարտությունում: Ինչի մասին, չցանկանալով, խոստովանում են նույնիսկ Արեւմուտքում: Եվ այդ զարգացումների ֆոնին մի քանի տասնյակ հազար դոլարի դեղորայք է ուղարկում Կիեւ՝ ավելորդ անգամ գրգռելով ռուսներին: Խելքը գլխին ղեկավարը, եթե անգամ շատ էր ցանկանում դուր գալ Արեւմուտքին, ոչ թե նման օգնություն կուղարկեր, այլ կյանքի կկոչեր Ուկրաինայում հայկական սփյուռքի գործոնը: Եվ նույնիսկ կհերքեր իր երկրի մասնակցությունը դրան: Ինչ է, վրացիների չա՞փ էլ չկանք, որ առաջնորդվենք մեր երկրի անվտանգության շահերով եւ իրականացնենք ադեկվատ քայլեր: Բայց, ինչպես երեւում է, իսկապես չկանք: