Ինչ պետք է անեինք մենք

Ինչ պետք է անեինք մենք

Ի՞նչ կաներ առողջ, կենսունակ հասարակությունը վերջին 5 տարիներին, հատկապես՝ 2018-ի ապրիլի 23-ից սկսած, երբ արդեն հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Անպայման երկար կմտածեր «Նիկոլ-վարչապետ» բղավելուց եւ նրան ամեն գնով վարչապետ դարձնելուց առաջ, քանզի հեղափոխություն անելը մի բան է, երկիր կառավարելը՝ բոլորովին այլ բան։ Եվ չէր մասնակցի «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ» շանտաժին, հասկանալով, որ նման հայտարարություն անողի համար վարչապետի աթոռը Հայաստանի Հանրապետությունից կարեւոր է։ Տեռորի չէր ենթարկի նախկին իշխանավորներին ու պատգամավորներին՝ պահանջելով, որ նրանք զիջեն ասպարեզն անփորձ ու չկայացած ջահելներին։ Կհասկանար, որ մենք շատ բարդ խնդիրներ ունենք լուծելու, եւ միայն Արցախի հարցը բավական է, որ զգուշավոր լինենք իշխանություն փոխելու հարցում։

Հետո նույն հրճվանքով ու առանց մտածելու չէր վազի ընտրատեղամասեր՝ դերասան Հայկ Մարությանին ընտրելով Երեւանի քաղաքապետ, իսկ ՔՊ ցուցակ մտած անհայտ մարդկանց՝ ԱԺ պատգամավորներ։ Առողջ հասարակությունը չէր ոգեւորվի Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ճառերից ու խոստումներից, չէր խրախուսի ընդդիմության հասցեին հնչող պարսավանքները։ Թույլ չէր տա, որ հասարակությունը բաժանեն սեւ ու սպիտակի եւ հավերժ մեղավոր կարգեն նախկին նախագահներին ու նախկին իշխանություններին։ Ամեն ինչ կաներ, որ նախկիններից կազմված ընդդիմությունը կայանա եւ համարժեք դիմադրություն ձեւավորի երկրում գործող իշխանություններին՝ արգելելով եւ կանխելով նրանց հղփանալն ու կոռումպացվելը։

Վերջապես՝ առողջ հասարակությունը 2021 թվականին չէր վերընտրի պատերազմում պարտված իշխանություններին եւ թույլ չէր տա, որ պարտությունը դառնա մեր երկարաժամկետ ուղեկիցը։