Քաղաքական դրամա ժանրի մեջ ես այլևս չեմ աշխատի

Քաղաքական դրամա ժանրի մեջ ես այլևս չեմ աշխատի

Մհեր Մկրտչյանի հեղինակած «Իշխանություն 2» ֆիլմը, որն, ի դեպ, իշխանամերձ որոշ շրջանակների նյարդերը խիստ գրգռել է, դիտում են մի քանի անգամ ավելի շատ, քան «Իշխանություն 1» ֆիլմը: «Իշխանություն 2»-ի տոմսերը վաճառվել են մի քանի անգամ ավելի շատ, քան «Իշխանություն 1»-ի տոմսերը: Այս մասին տեղեկացանք Tomsarkgh.am-ից: Ֆիլմն արդեն հասանելի է Յութուբում բոլորի համար: Յութուբում «Իշխանություն 2»-ը չորս օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 160 593 դիտում: «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանին:

-Մհեր, ներկա պատերազմական վիճակի մասին եմ ուզում խոսենք: Անվերջ կրակոցներ, վիրավորներ ու զոհեր: Մինչև ե՞րբ այսպես կշարունակվի` Ձեր կարծիքով: Ո՞րն է իրավիճակից դուրս գալու ելքը:

-Նոր բան չեմ կարող ասել: Քանի այս իշխանությունը ունի իշխանություն, իսկ նրա դեմ պայքարը սահմանափակվում է հարցազրույցներով ու ֆեյսբուքյան գրառումներով` կլինեն մահեր և կորուստներ:

-«Իշխանություն 1» և «Իշխանություն 2» ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան, չե՞ք պատրաստվում նկարահանել «Իշխանություն 3»-ը:

-Այդ պատմությունը ավարտված է` քաղաքական դրամա ժանրի մեջ ես այլևս չեմ աշխատի, «Իշխանություն-3» չի լինի: 

-Մի առիթով վարչապետը հայտարարեց, որ ինքն այնքան դեմոկրատ է, որ Դուք իր մասին նման ֆիլմեր եք նկարահանում: Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում ամեն անգամ դիվիդենտներ շահելու: Փաշինյանին այդ առումով դեմոկրատ համարո՞ւմ եք:

-Վարչապետին դեմոկրատ չեմ համարում ու չգիտեմ ինչ սկզբունքներով են մեկի վրա գործ կարում, մյուսի դեպքում՝ ոչ: Իսկ դիվիդենտներ ամեն ինչից փորձում են շահել բոլոր քաղաքականության մեջ գտնվող մարդիկ` դա նոր բան չի:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Կա ֆիլմ, որը ես երազում եմ նկարահանել: Ֆիլմ, որը կապ չունի այսօրվա Հայաստանի և քաղաքականության հետ: Հիմա աշխատում եմ սցենարի վրա: